Բազմաթիվ առողջական խնդիրներ կարող են առաջացնել երկրորդական հիպերտենզիա:
Երիկամների մի շարք հիվանդություններ կարող են առաջացնել երկրորդական հիպերտենզիա, այդ թվում՝
- Դիաբետի բարդություններ (դիաբետիկ նեֆրոպաթիա). դիաբետը կարող է վնասել երիկամների զտիչ (կծիկային) համակարգը, որը կարող է հանգեցնել բարձր արյան ճնշման:
- Երիկամների պոլիկիստոզային հիվանդություն. այս ժառանգական հիվանդության ժամանակ երիկամների կիստաները խանգարում են երիկամների գործունեությանը և կարող են բարձրացնել արյան ճնշումը:
- Գլոմերուլյար հիվանդություն (գլոմերուլոնեֆրիտ). երիկամները հեռացնում են արգասիքները և նատրիումը՝ օգտագործելով փոքրիկ զտիչներ, որոնք կոչվում են կծիկներ (գլոմերուլներ): Գլոմերուլային հիվանդության դեպքում այս զտիչներն այտուցվում են: Սա կարող է բարձրացնել արյան ճնշումը:
- Ռենովասկուլյար հիպերտենզիա. բարձր արյան ճնշման այս տեսակը պայմանավորված է երիկամներ տանող մեկ կամ երկու զարկերակների նեղացումով (սթենոզով): Ռենովասկույլար հիպերտենզիան հաճախ առաջանում է նմանատիպ ճարպային կուտակումների պատճառով, որոնք կարող են վնասել պսակային զարկերակները (աթերոսկլերոզ) կամ առանձին հիվանդություն է, որի դեպքում երիկամային զարկերակի պատի մկանները և շարակցական հյուսվածքները պնդանում և կարծրանում են՝ վերածվելով անոթը նեղացնող օղակների (ֆիբրոմկանային դիսպլազիա):
Առողջական վիճակները, որոնք ազդում են հորմոնների մակարդակի վրա, կարող են նաև առաջացնել երկրորդական հիպերտենզիա: Դրանք ներառում են հետևյալը:
- Քուշինգի համախտանիշ. այս վիճակի դեպքում կորտիկոստերոիդային դեղամիջոցները կարող են առաջացնել երկրորդական հիպերտենզիա կամ հիպերտենզիա կարող է առաջանալ մակուղեղի (հիպոֆիզի) ուռուցքի կամ այլ գործոնների պատճառով, որոնք առաջացնում են մակերիկամների կողմից կորտիզոլ հորմոնի չափազանց մեծ քանակների արտադրություն:
- Ալդոստերոնիզմ. այս վիճակի դեպքում մակերիկամները արտադրում են չափազանց մեծ քանակությամբ ալդոստերոն հորմոն: Սա ստիպում է երիկամներին պահպանել աղն ու ջուրը և կորցնել չափազանց շատ կալիում, որը բարձրացնում է արյան ճնշումը:
- Ֆեոխրոմոցիտոմա. այս հազվադեպ ուռուցքը, որը սովորաբար հայտնաբերվում է մակերիկամում, արտադրում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին հորմոններ: Այս ուռուցքի առկայությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ բարձր արյան ճնշման կամ արյան ճնշման կարճաժամկետ բարձրացման:
- Վահանաձև գեղձի խնդիրներ. երբ վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ վահանաձև գեղձի հորմոն (հիպոթիրեոզ) կամ արտադրում է շատ հորմոն (թիրեոտոքսիկոզ), կարող է զարգանալ բարձր արյան ճնշում:
- Հիպերպարաթիրեոզ. հարվահանաձև (պարաթիրեոիդ) գեղձերը վերահսկում են օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի մակարդակը: Եթե դրանք չափազանց շատ պարաթիրեոիդ հորմոն են ներզատում, արյան մեջ կալցիումի քանակն ավելանում է, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը:
Երկրորդական հիպերտենզիայի այլ հնարավոր պատճառները ներառում են հետևյալը:
- Աորտայի կոարկտացիա. այս բնածին հիվանդության ժամանակ գլխավոր զարկերակը (աորտան) նեղանում է (կոարկտացիա): Սա ստիպում է սրտին ավելի ուժեղ մղել արյունը աորտայի միջով, որ կարողանա արյունը հասցնել մարմնի մնացած մասերը: Արդյունքում արյան ճնշումը բարձրանում է, հատկապես՝ ձեռքերում:
- Քնի ապնոէ. այս վիճակում, որը հաճախ դրսևորվում է ուժեղ խռմփոցով, քնի ժամանակ շնչառությունը մի քանի անգամ դադարում և վերսկսվում է՝ առաջացնելով թթվածնի պակաս (հիպօքսիա): Բավարար քանակությամբ թթվածին չստանալը կարող է վնասել արյունատար անոթների պատերի լորձաթաղանթը, որը կարող է դժվարացնել այդ անոթների կողմից արյան ճնշման վերահսկումը: Բացի այդ, քնի ապնոէն հանգեցնում է նյարդային համակարգի մի մասի գերակտիվության և որոշակի քիմիական նյութերի արտազատմանը, որոնք բարձրացնում են արյան ճնշումը:
- Գիրություն. մարմնի քաշի ավելացմանը զուգահեռ ավելանում է շրջանառող արյան ծավալը։ Արյան հոսքի այս աճն ավելացնում է զարկերակների պատերի ճնշումը՝ բարձրացնելով արյան ճնշումը: Ավելորդ քաշը նաև ուժեղացնում է սրտի կծկումը և դժվարացնում արյունատար անոթներով արյունը տեղափոխումը: Բացի այդ, ճարպային կուտակումները կարող են ազատել քիմիական նյութեր, որոնք բարձրացնում են արյան ճնշումը:
- Հղիություն. hղիությունը կարող է վատթարացնել առկա բարձր արյան ճնշումը կամ առաջացնել բարձր արյան ճնշման զարգացում (հղիությամբ պատճառված հիպերտենզիա կամ պրեէկլամպսիա):
- Դեղորայք և հավելումներ. դեղատոմս պահանջող դեղեր, ինչպիսիք են ցավազրկողները, հակաբեղմնավորիչները, հակադեպրեսանտները և օրգանների փոխպատվաստումից հետո օգտագործվող դեղամիջոցները, կարող են որոշ մարդկանց մոտ առաջացնել կամ վատթարացնել բարձր արյան ճնշումը: Քթի փակվածության դեմ որոշ դեղեր և բուսական հավելումներ, ներառյալ ժենշենը, մատուտակը (солодка) և էֆեդրան (մա-հուանգ), կարող են ունենալ նույն ազդեցությունը: Շատ ապօրինի թմրամիջոցներ, ինչպիսիք են կոկաինը և մեթամֆետամինը, նույնպես բարձրացնում են արյան ճնշումը:
Ռիսկի գործոններ
Երկրորդային հիպերտենզիայի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը որևէ հիվանդություն ունենալն է, որը կարող է առաջացնել բարձր արյան ճնշում, օրինակ՝ երիկամների, զարկերակների, սրտի կամ ներզատական (էնդոկրին) համակարգի հետ կապված խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024