Երկրորդային հիպերտենզիան կարող է վատթարացնել բարձր արյան ճնշում պատճառող հիվանդության կամ առողջական վիճակի ընթացքը:
Առանց բուժման, երկրորդային հիպերտենզիան կարող է հանգեցնել այլ առողջական խնդիրների:
- Զարկերակների վնասում. սա կարող է ժամանակի ընթացքում առաջացնել զարկերակների պատի կարծրացում և պնդացում (աթերոսկլերոզ), որը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ այլ բարդությունների:
- Անևրիզմա. արյան ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել արյունատար անոթների թուլացման և արտափքման՝ առաջացնելով անևրիզմա: Եթե անևրիզման պատռվում է, կարող է կյանքին վտանգ ներկայացնել:
- Սրտային անբավարարություն. արյունն անոթներում ավելի բարձր ճնշման դեմ մղելու համար սրտի մկանները հաստանում են (գերաճ կամ հիպերտրոֆիա): Ի վերջո, հաստացած մկանը կարող է ավելի դժվարությամբ մղել այնքան արյուն, որը բավարարում է օրգանիզմի կարիքները, որը կարող է հանգեցնել սրտային անբավարարության:
- Երիկամների արյունատար անոթների թուլացում և նեղացում. սա կարող է խանգարել երիկամների ճիշտ գործունեությունը:
- Աչքերի արյունատար անոթների հաստացում, նեղացում կամ պատռում. սա կարող է հանգեցնել տեսողության կորստի:
- Մետաբոլիկ համախտանիշ. այս համախտանիշը օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների մի խումբ է, որը ներառում է մեծացած իրանի (գոտկային) շրջագիծը, բարձր տրիգլիցերիդները, բարձր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինի («լավ» խոլեստերին) ցածր մակարդակը, բարձր արյան ճնշումը և ինսուլինի բարձր մակարդակը: Եթե դուք ունեք բարձր արյան ճնշում, ավելի հավանական է, որ ունեք մետաբոլիկ համախտանիշի այլ բաղադրիչներ: Որքան շատ բաղադրիչներ ունեք, այնքան մեծ է դիաբետի, սրտային հիվանդության կամ ինսուլտի զարգացման ռիսկը:
- Հիշողության կամ ընկալման հետ կապված խնդիրներ. չվերահսկվող բարձր արյան ճնշումը կարող է նաև ազդել մտածելու, հիշելու և սովորելու ունակության վրա: Հիշողության կամ հասկացությունների ընկալման հետ կապված խնդիրները տարածված են բարձր արյան ճնշում ունեցող մարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024