Երկրորդային հիպերտենզիայի բուժումը ներառում է այն պատճառող առողջական վիճակի բուժումը դեղամիջոցներով կամ վիրահատությամբ:
Վիճակը բուժվելուց հետո արյան ճնշումը կարող է նվազել կամ վերադառնալ նորմալ:
Բուժումը կարող է պահանջել նաև երկար ժամանակ արյան ճնշման դեղեր ընդունելը: Հիմնական հիվանդությունը կարող է ազդել դեղամիջոցի այս ընտրության վրա:
Հնարավոր դեղերի ընտրությունը ներառում է հետևյալ խմբերը:
- Թիազիդային միզամուղներ. միզամուղները դեղամիջոցներ են, որոնք օգնում են երիկամներին հեռացնելու նատրիումը և ջուրը: Թիազիդային միզամուղները հաճախ բարձր արյան ճնշման դեղամիջոցների առաջին, բայց ոչ միակ ընտրությունն են: Միզամուղները հաճախ գեներիկ են և սովորաբար ավելի էժան են, քան բարձր արյան ճնշման այլ դեղամիջոցները: Եթե չեք ընդունում միզամուղ, և ձեր արյան ճնշումը շարունակում է բարձր մնալ, խոսեք ձեր բժշկի հետ այն ավելացնելու կամ ձեր ընդունած դեղամիջոցը միզամուղով փոխարինելու մասին: Միզամուղների հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ թուլություն, ոտքերի ջղաձգումներ և սեռական խնդիրներ ունենալու ավելի մեծ ռիսկ:
- Բետա պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները նվազեցնում են սրտի ծանրաբեռնվածությունը և բացում արյան անոթները: Սա հանգեցնում է նրան, որ սիրտը կծկվում է ավելի դանդաղ և ավելի քիչ ուժով: Միայնակ նշանակման դեպքում բետա-պաշարիչներն այնքան էլ լավ չեն ազդում սևամորթ մարդկանց մոտ, սակայն դրանք արդյունավետ են, երբ զուգակցվում են թիազիդային միզամուղի հետ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ հոգնածություն, քնի հետ կապված խնդիրներ, դանդաղեցված սրտի ռիթմ և սառը ձեռքեր ու ոտքեր: Բետա–պաշարիչները սովորաբար չեն օգտագործվում ասթմա ունեցող մարդկանց համար, քանի որ դրանք կարող են մեծացնել թոքերի մկանային սպազմը:
- Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցներն օգնում են արյան անոթների թուլացմանը՝ արգելափակելով դրանք նեղացնող բնական քիմիական նյութի արտադրությունը: ԱՓՖ արգելակիչները կարող են հատկապես կարևոր լինել բարձր արյան ճնշումը բուժելու համար սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն կամ երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ: Ինչպես բետա-պաշարիչները, ԱՓՖ արգելակիչները նույնպես լավ չեն գործում սևամորթների մոտ, եթե դրանք նշանակվում են որպես միակ բուժում, բայց դրանք արդյունավետ են, երբ զուգակցվում են թիազիդային միզամուղի հետ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ գլխապտույտ և հազ: ԱՓՖ արգելակիչները չպետք է ընդունվեն հղիության ընթացքում:
- Անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցներն օգնում են արյունատար անոթների թուլացմանը՝ արգելափակելով արյունատար անոթները նեղացնող բնական քիմիական նյութի ազդեցությունը: Ինչպես ԱՓՖ արգելակիչները, անգիոտենզին II-ի ընկալիչների պաշարիչները հաճախ օգտակար են սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն կամ երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց համար: Այս դեղամիջոցներն ունեն ավելի քիչ հավանական կողմնակի ազդեցություններ, քան ԱՓՖ ինհիբիտորները: Հղիության ընթացքում անգիոտենզին II ընկալիչների պաշարիչները չպետք է օգտագործվեն:
- Կալցիումական անցուղիների պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները օգնում են թուլացնելու արյունատար անոթների մկանները կամ դանդաղեցնելու սրտի կծկումները: Կալցիումական անցուղիների պաշարիչները որոշ մարդկանց մոտ կարող են ավելի լավ ազդել, քան միայն ԱՓՖ արգելակիչները կամ բետա արգելակիչները: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ ջրի պահպանում, գլխապտույտ և փորկապություն: Գրեյպֆրուտի հյութը փոխազդում է այս խմբի որոշ դեղամիջոցների հետ՝ մեծացնելով ակտիվ դեղանյութի մակարդակը արյան մեջ, որի հետ կապված՝ բարձրացնելով կողմնակի ազդեցությունների ռիսկը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք գրեյպֆրուտի հյութը ազդում է ձեր ընդունած դեղորայքի վրա:
- Ռենինի ուղղակի արգելակիչներ (ինհիբիտորներ). Այս դեղամիջոցները թուլացնում և լայնացնու են զարկերակները՝ կանխելով ռենին կոչվող սպիտակուցի (ֆերմենտի) ազդեցությունը: Ռենինի ուղղակի ինհիբիտորի օրինակ է Ալիսկիրենը (Տեկտուրնա): Ալիսկիրենի տարածված կողմնակի ազդեցությունները ներառում են՝ գլխապտույտ և փորլուծություն: Դիաբետով կամ երիկամների միջին և ծանր խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է օգտագործեն Ալիսկիրենը ԱՓՖ արգելակիչների կամ անգիոտենզին II ընկալիչների պաշարիչների հետ միասին:
Երկրորդային հիպերտենզիայի բուժումը երբեմն կարող է բարդ լինել: Բարձր արյան ճնշումը վերահսկելու համար կարող է պահանջվել մեկից ավելի դեղամիջոց՝ զուգակցված ապրելակերպի փոփոխության հետ: Ձեր բժիշկը կցանկանա ձեզ տեսնել ավելի հաճախ, մինչև ձեր արյան ճնշումը դառնա վերահսկելի: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, որ տանը նույնպես հետևեք ձեր արյան ճնշմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024