Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) վարակային հիվանդություններ են:
ՍՃՓՀ-ը կամ սեռավարակները կարող են պատճառվել՝
- բակտերիաներով (գոնորեա, սիֆիլիս և քլամիդիա)
- մակաբույծներով (տրիխոմոնոզ)
- վիրուսներով (մարդու պապիլոմավիրուս, սեռական հերպես և ՄԻԱՎ):
Սեռական ակտիվությունը դեր ունի բազմաթիվ այլ տեսակի վարակների տարածման մեջ, սակայն հնարավոր է վարակվել նաև առանց սեռական շփման: Օրինակներից են հեպատիտի A, B և C վիրուսները, դիզենտերիան և աղիքային լյամբլիան:
Ռիսկի գործոններ
Սեռապես ակտիվ յուրաքանչյուր անձ ունի ՍՃՓՀ-ով վարակվելու որոշակի աստիճանի ռիսկ: Սակայն կան գործոններ, որոնք բարձրացնում են այդ ռիսկը:
- Չպաշտպանված սեռական հարաբերություն. առանց լատեքսային պահպանակի օգտագործման վարակված զուգընկերոջ հետ հեշտոցային (վագինալ) կամ հետանցքային (անալ) ներթափանցող սեռական հարաբերությունը զգալիորեն բարձրացնում է որևէ ՍՃՓՀ-ով վարակվելու ռիսկը: Պահպանակների ոչ ճիշտ օգտագործումը նույնպես կարող է բարձրացնել ռիսկը: Բերանային (օրալ) հարաբերությունը կարող է լինել նվազ ռիսկային, սակայն առանց լատեքսային պահպանակի կամ դենտալ պատնեշի օգտագործման վարակների փոխանցման հավանականությունն առկա է (որոշ վարակներ, այնուամենայնիվ, կարող են փոխանցվել նույնիսկ պահպանակի առկայության դեպքում):
- Բազմաթիվ զուգընկերների հետ սեռական կապեր. որքան մեծ է սեռական զուգընկերների թիվը, այդքան ավելի բարձր է ՍՃՓՀ-ով վարակվելու ռիսկը։ Սա գործում է ինչպես միաժամանակյա զուգընկերների, այնպես էլ հաջորդական մոնոգամ հարաբերությունների առումով:
- ՍՃՓՀ-ի պատմություն. որևէ մի տեսակի ՍՃՓՀ ունենալը հեշտացնում է մեկ այլ ՍՃՓՀ-ով վարակվելու ռիսկը:
- Հարկադրանքով սեռական հարաբերության կամ ակտիվության ենթարկվելը. բռնաբարության կամ սեռական բռնարարքի ենթարկվելն ինքնին ծանր իրավիճակ է, սակայն պետք չէ անտեսել բժշկին դիմելու, սքրինինգային հետազոտություն անցնելու, ըստ անհրաժեշտության՝ բուժվելու և հուզական աջակցություն ստանալու մասին։
- Ալկոհոլի չարաշահում կամ ժամանցային թմրամիջոցների օգտագործում. հոգեներգործուն նյութերի չարաշահումը կարող է թուլացնել զգոնությունը և առաջին պլան մղել ռիսկային վարքը:
- Ապօրինի թմրամիջոցների ներարկում. ասեղների կամ ներարկման պարագաների համատեղ օգտագործումը կարող է տարածել բազմաթիվ ծանր վարակներ, այդ թվում՝ ՄԻԱՎ, հեպատիտ B և հեպատիտ C:
- Երիտասրադ տարիք. ՍՃՓՀ-ի գրեթե կեսը հանդիպում է 15-24 տարեկան սեռապես ակտիվ (հավանաբար՝ նաև անփորձ) դեռահասների և երիտասարդների շրջանում:
- Էրեկտիլ դիսֆունկցիայի դեղամիջոցներ օգտագործող տղամարդիկ. այն տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերությունից առաջ օգտագործում են Սիլդենաֆիլ (Վիագրա, Ռևացիո), Տադալաֆիլ (Սիալիս, Ադսիրկա) կամ Վարդենաֆիլ (Լևիտրա) ունեն ՍՃՓՀ-ով վարակվելու ավելի բարձր ռիսկ: Համոզվեք, որ լիարժեք տիրապետում եք անվտանգ սեռական հարաբերության հմտություններին, եթե օգտագործում եք այս դեղամիջոցներից մեկնումեկը:
Մորից նորածնին փոխանցում
Որոշ ՍՃՓՀ, օրինակ՝ գոնորեան, քլամիդիան, ՄԻԱՎ-ը և սիֆիլիսը կարող են հղության կամ ծննդաբերության ընթացքում վարակված մորից փոխանցվել երեխային: Նորածինների մոտ ՍՃՓՀ-ները կարող են հարուցել լուրջ խնդիրներ և անգամ ավարտվել երեխայի մահով: Ուստի բոլոր հղի կանայք պետք է անցնեն այս վարակների նկատմամբ սքրինինգային հետազոտություն և անհրաժեշտության դեպքում բուժվեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024