Կան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ) կամ սեռավարակների ռիսկի նվազեցման կամ խուսափելու մի շարք ուղիներ:
- Ձեռնպահ մնացեք սեռական հարաբերությունից. սա ՍՃՓՀ-ից խուսափելու ամենաարդյունավետ տարբերակն է:
- Ունեցեք միայն մեկ չվարակված զուգընկեր. ՍՃՓՀ-ից խուսափելու մեկ այլ հուսալի մեթոդ է միայն մեկ զուգընկերոջ հետ երկարատև փոխադարձ մոնոգամ փոխհարաբերություն պահպանելը, երբ զուգընկերներից յուրաքանչյուրը սեռական հարաբերություն է ունենում միայն մյուս հետ և նրանցից ոչ մեկը վարակված չեն:
- Համբերեք և թեստավորվեք. խուսափեք նոր զուգընկերների հետ հեշտոցային (վագինալ) և հետանցքային (անալ) հարաբերություններից, քանի դեռ ՍՃՓՀ-ի նկատմամբ երկուսդ էլ չեք հետազոտվել: Բերանային (օրալ) սեռական հարաբերությունը նվազ ռիսկային է, այնուամենայնիվ, լատեքսային պահպանակի կամ դենտալ պատնեշի օգտագործումը կարող է կանխարգելել բերանի և սեռական լորձաթաղանթների միջև ուղղակի (մաշկ-մաշկ) շփումը:
- Պատվաստվեք. մինչև սեռական կյանք վարելը վաղ պատվաստվելը նույնպես արդյունավետ է ՍՃՓՀ-ի որոշ տեսակների կանխարգելման համար: Օրինակ, այսօր մատչելի են մարդու պապիլոմավիրուսի (HPV), հեպատիտ A-ի (HAV) և հեպատիտ B-ի (HBV) դեմ պատվաստանյութեր: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս աղջիկներին և տղաներին ստանալ HPV պատվաստանյութ 11 և 12 տարեկանում, հակառակ դեպքում՝ 26 տարեկանում: Հեպատիտ B-ի պատվաստանյութը սովորաբար տրվում է նորածիններին, իսկ հեպաիտի A-ի պատվաստանյութը՝ 1 տարեկանում: Երկու պատվաստանյութերն էլ խորհուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր չունեն հիվանդությունների նկատմամբ իմունիտետ և նաև նրանց, ովքեր ունեն հեպատիտներով վարակվելու բարձր ռիսկ (օրինակ՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ):
- Շարունակաբար և ճիշտ օգտագործեք պահպանակներ և դենտալ պատնեշներ. հեշտոցային (վագինալ), հետանցքային (անալ) կամ բերանային (օրալ) սեռական հարաբերության յուրաքանչյուր առանձին դեպքում օրգտագործեք նոր լատեքսային պահպանակ կամ դենտալ պատնեշ: Բնական թաղանթներից պատրաստված պահպանակները խորհուրդ չեն տրվում, քանի որ չունեն լատեքսային պահպանակների կողմից ՍՃՓՀ-ը կանխարգելելու արդյունավետությունը: Նկատի ունեցեք, որ պահպանակները կրճատում են ՍՃՓՀ-ի մեծ մասով վարակվելու ռիսկը, սակայն ավելի քիչ են պաշտպանում սեռական խոցերով ընթացող սեռավարակներից, օրինակ՝ մարդու պապիլոմավիրուս կամ սեռական հերպես: Հաշվի առեք նաև, որ հակաբեղմնավորիչների ոչ պատնեշային տեսակները, օրինակ՝ բեղմնականխման հաբերը (օրալ կոնտրացեպտիվներ) կամ ներարգանդային պարույրները (ՆԱՊ) բնավ չեն պաշտպանում ՍՃՓՀ-ով վարակվելուց:
- Մի՛ չարաշահեք ալկոհոլը և մի՛ օգտագործեք թմրամիջոցներ. հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ ավելի հավանական է, որ կանտեսեք անվտանգ սեռական հարաբերության կանոնները և կդրսևորեք ռիսկային վարք:
- Հաղորդակցվեք. մինչև որևէ լուրջ սեռական շփումը զրուցեք սեռական զուգընկերոջ հետ անվտանգ սեռական հարաբերության մասին։ Համոզվեք, որ երկուսով ճշտել և համաձայնվել եք, թե ինչպիսի սեռական հարաբերություններն են ընդունելի և ինչպիսիք՝ անընդունելի:
- Տղամարդու թլպատում. կան տվյալներ այն մասին, որ տղամարդու թլպատումը կարող է օգնել վարակված կնոջից ՄԻԱՎ-ով վարակվելու մոտ 60%-ոց հավանականությամբ կանխարգելմանը: Տղամարդու թլպատումը նաև կարող է օգնել սեռական մարդու պապիլոմավիրուսի և սեռական հերպեսի փոխանցման կանխարգելմանը:
- Դիտարկեք մինչև սեռական հարաբերությունը կանխարգելման հարցը. ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) հաստատել է երկու համակցված դեղամիջոցների օգտագործումը որպես բարձր ռիսկի խմբերում ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցներ՝ Էմտրիցիտաբին + Տենոֆովիր (Տրուվադա) և Էմտրիցիտաբին + Տենոֆովիր ալաֆենամիդ (Դեսկովի): Բժիշկը կարող է ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու համար նշանակել այս դեղամիջոցները, եթե ՄԻԱՎ-ով վարակված չեք: Բժիշկը նաև կարող է նշանակել ՄԻԱՎ-ի թեստավորում, երիկամային գործունեության ստուգում և այլն: Դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող է տրամադրել բժիշկը կամ ՄԻԱՎ խորհրդատուն։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024