Բակտերիաներով հարուցված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) կամ սեռավարակներն ընդհանուր առմամբ ավելի հեշտ են բուժվում:
Վիրուսային սեռավարակները կարող են վերահսկվել, սակայն ոչ միշտ է հաջողվում լիարժեք բուժել: Եթե հղի եք և ունեք որևէ ՍՃՓՀ, անհապաղ բուժումը կարող է կանխարգելել կամ նվազեցնել նորածնի վարակման ռիսկը:
ՍՃՓՀ-ների բուժումը կախված է հարուցիչի տեսակից և սովորաբար ներառում է հետևյալ տարբերակներից մեկնումեկը:
- Հակաբիոտիկներ. հաճախ միանվագ դեղաչափով նշանակված հակաբիոտիկները կարող են բուժել սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ բակտերիալ և մակաբուծային վարակները, այդ թվում՝ գոնորեա, սիֆիլիս, քլամիդիա և տրիխոմոնոզ: Տիպիկ դեպքերում բուժումը նշանակվում է միաժամանակ գոնորեայի և քլամիդիայի դեմ, քանի որ հաճախ երկու վարակները հանդիպում են միաժամանակ: Հակաբիոտիկային բուժումը սկսելուց հետո անհրաժեշտ է հետևել բուժման ամբողջ կուրսը, նույնիսկ եթե ախտանիշները զգալիորեն մեղմացել կամ անհետացել են: Կարևոր է նաև, որ հակաբիոտիկային բուժումն ավարտելուց և ախտանիշների անհետացումից հետո առնվազն 7 օրվա ընթացքում ձեռնպահ մնաք սեռական հարաբերություններից։ Փորձագետները նաև խորհուրդ են տալիս, որ կանայք բուժվելուց 3 ամիս հետո կրկնակի հետազոտվեն, քանի որ առկա է կրկնավարակի մեծ հավանականություն:
- Հակավիրուսային դեղամիջոցներ. եթե ունեք սեռական հերպես կամ ՄԻԱՎ, բժիշկը նշանակում է հակավիրուսային դեղամիջոցներ: Հերպեսի կրկնությունները կարող են հազվադեպանալ, եթե նշանակված հակավիրուսային դեղամիջոցը զուգակցվի ամենաօրյա ընկճող բուժմամբ: Այնուամենայնիվ, նույնիսկ բուժումից հետո կարող եք վարակել զուգընկերոջը: Հակավիրուսային դեղամիջոցները կարող են տարիներ շարունակ ՄԻԱՎ-ը պահել վերահսկողության ներքո, սակայն, նույնիսկ նվազած ռիսկով, կարող եք վիրուսը փոխանցել զուգընկերոջը:
Եթե ունեցել եք որևէ ՍՃՓՀ, բժիշկը կտեղեկացնի, թե ինչքան ժամանակ հետո է անհրաժեշտ կրկնակի հետազոտվել: Վերջինս թույլ է տալիս գնահատել բուժման արդյունքները և ստուգել կրկնակի վարակումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024