Սինուսիտը դեմքի ոսկրերի հաստության մեջ գտնվող խոռոչների բորբոքումն է։
Այս հիվանդության մեջ ընդգրկվում են քթի հարակից խոռոչները, որոնք կոչվում են սինուսներ։ Հիվանդությունը կարող է ներառել մեկ կամ մի քանի ծոցեր ինչպես մեկ, այնպես էլ երկու կողմերում։
Դեպքերի մեծ մասի ժամանակ սինուսիտի ախտանիշները 1-2 շաբաթվա ընթացքում ինքնուրույն անհետանում են, սակայն որոշ դեպքերում առաջանում է բուժման անհրաժեշություն։
Սինուսիտը հաճախ զարգանում է մրսածությունից (սուր շնչառական վիրուսայյին վարակ, ՍՇՎՎ) և գրիպից հետո։ Որոշ դեպքերում սինուսիտի պատճառ կարող են դառնալ ոչ թե վիրուսները, այլ բակտերիաները։
Սինուսիտի հիմնական ախտանիշներից են շուրջքթային և մերձճակատային շրջաններում ծանրության զգացումը կամ գլխի կտրուկ շարժումների ժամանակ առաջացող ցավը։
Այցելեք ձեր բժշկին եթե՝
- ձեր գանգատները ծանր են կամ գնալով վատթարանում են
- ձեր գանգատները 7-10 օրվա ընթացքում չեն մեղմանում
- ձեզ մոտ սինուսիտը հաճախ կրկնվում է (քրոնիկ սինուսիտ)։
Սինուսիտների բուժմամբ սովորաբար զբաղվում են քիթ-կոկորդ-ականջաբանները (ЛОР)։
Բժիշկը ձեզ կարող է նշանակել սովորական ցավազրկողներ, քթի աղային սփրեյներ կամ դեկոնգեստանտներ («քթի կանգը» մեղմացնող կաթիլներ), որոշ դեպքերում՝ նաև ստերոիդ կամ որևէ հակաբիոտիկ դեղի ինհալյացիա՝ ապահովելու քթի հարակից խոռոչների դրենաժը (դատարկվելը)։ Բակտերիալ սինուսիտի ժամանակ ձեզ կարող են նշանակել նաև հակաբիոտիկներ։
Դուք ևս կարող եք նպաստել սինուսիտի բուժմանը՝ տնային պայմաններում դիմելով որոշ միջոցների։
Եթե ձեզ մոտ սինուսիտը հաճախ կրկնվում է, այն կարող է կապ ունենալ ձեր ալերգիկ վիճակի հետ։
Սուր սինուսիտը չբուժվելու դեպքում կարող է վերածվել քրոնիկի։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2018
Վերջին վերանայում՝ 27-04-2024