Մաշկի քաղցկեղի առաջաման դեպքերի առնվազն 90%-ը արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների ազդեցութան հետևանքով է:
Ընդ որում, արևահարումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի բոլոր երեք հիմնական տեսակների ռիսկը։ Այն մարդիկ, որոնք բնակվում են բարձր լեռնային գոտիներում կամ արևոտ կլիմայական պայմաններում գտնվում են մաշկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկային խմբում:
Մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրանում է նաև տարիքին համընթաց։
Ուլտրամանուշակագույն ճառագայթում
Արևահարում
- Մաշկի ամենաագրեսիվ և ամենածանր քաղցկեղների՝ մելանոմաների 95%-ը պատճառվում է ՈւՄ ճառագայթների ներգործությամբ, օրինակ՝ արևայրուքով։
- Տարբերում են երկու սպեկտրի ՈւՄ ճառագայթներ՝ A և B: Մաշկի այրվածք կամ արևայրուք առաջացնող, սակայն ապակու միջով չթափանցող B սպեկտրի ՈւՄ ճառագայթները (UVB) առավել հաճախ են կապված մաշկի քաղցկեղի զարգացման հետ, սակայն ըստ նորագույն տվյալների ապակու միջով թափանցող և առավել հաճախ մաշկի ծերացման և կնճռոտման բերող A սպեկտրի ՈւՄ ճառագայթները (UVA) նույնպես խաղում են որոշակի դեր: Ուստի կարևոր է պաշտպանվել ինչպես UVB, այնպես էլ UVA ճառագայթներից:
- Բազմաթիվ մարդիկ ենթարկվում են ՈւՄ ճառագայթների ազդեցությանը և ստանում են մաշկի արևային այրվածք կամ արևայրուք, երբ զբաղվում են ջրային ժամանցով՝ ծովափ և բաց լողավազաններ, ինչպես նաև հողագործությամբ, այգեգործությամբ կամ բացօթյա այլ գործեր։
- Մարդիկ կարող են արևայրուք ստանալ նաև ոչ շոգ կամ ամպամած եղանակներին, եթե այդ օրերին արևի ՈւՄ ճառագայթումը մնում է բարձր։
- Արևայրուք չառաջացնող արևահարումը ևս կարող է առաջացնել մաշկի բջիջների ախտահարում և բարձրացնել քաղցկեղի զարգացման ռիսկը։ Հետազոտական տվյալները վկայում են, որ ՈւՄ ճառագայթման պարբերաբար ներգործությունը տարեց տարի բարձացնում է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը։
Արևայրուք կամ արևային թխություն (загар)
- Արևից առաջացած մաշկի թխությունը լավ առողջության նշան չէ, թեև բազմաթիվ մարդիկ առօրյայում օգտագործում են առողջ արևայրուք արտահայտությունը։
- Մաշկի թխացումը նշանակում է, որ մաշկը ենթարկվել է բավարար ՈւՄ ճառագայթների ներգործությանը (արևից կամ սոլյարիից) և վնասվել է, որը կարող է բերել մաշկի էլաստիկության կորստի (կնճռոտում), դեղնավուն գունափոխման կամ նույնիսկ շագանակագույն բծերի առաջացման։ Սակայն ամենաանցանկալի ազդեցությունն այն է, որ նման ազդեցության պայմաններում բարձրանում է մաշկի քաղցկեղի ռիսկը։
- Թխագույն դարձած մաշկը կարող է որոշ չափով փոքրացնել արևահարման ռիսկը, սակայն չի կարող մաշկի բջիջներին պաշտպանել ԴՆԹ-ի վնասումից, որն էլ կարող է հանգեցնել քաղցկեղի։
Արհեստական արևայրուք (կեղծ թխություն)
- Գոյություն ունեն լոսյոններ կամ սփրեյներ, որոնք ժամանակավորապես մաշկին հաղորդում են թուխ երանգ։
- Որոշ մարդիկ կարող են սխալմամբ կարծել, որ նման կեղծ թխացումը մաշկը կարող է պաշտպանել ՈւՄ ճառագայթների ազդեցությունից։ Նման համոզվածությունը կարող է էլ ավելի բարձրացնել ՈւՄ ճառագայթների վնասակար ներգործությունը։
- Այսպիսով, մաշկի կեղծ թխացումն ինքնին վտանգավոր չէ, սակայն չունի որևէ պաշտպանական ազդեցություն։
Սոլյարիներ
Սոլյարումներում ՈւՄ ճառագայթների ազդեցությանը ենթարկվելը զգալիորեն բարձրացնում է մելանոմաների զարգացման ռիսկը։ Որոշ սոլյարիների արձակած ՈւՄ ճառագայթները 6 անգամ գերազանցում են կեսօրյա արևահարման ՈւՄ ճառագայթման մակարդակը։ Մաշկի քաղցկեղային հիվանդություններով զբաղվող մասնագետները և ասոցիացիաները խորհուրդ չեն տալիս օգտվել սոլյարիներից նույնիսկ թեթև՝ կոսմետիկ թխություն ստանալու համար։
Ռիսկի այլ գործոններ
Մաշկի քաղցկեղի ռիսկի գործոն կարելի է համարել այն ամենը, ինչը մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը: Չնայած դրան, այդ գործոնների մեծ մասն անմիջականորեն չի հանդիսանում քաղցկեղի առաջացման պատճառ: Օրինակ, մարդկանց մի մասի մոտ մի քանի ռիսկի գործոնների առկայության դեպքում քաղցկեղ չի զարգանում, մինչդեռ մյուսների մոտ ռիսկի որևէ գործոնի բացակայությամբ՝ զարգանում է:
- Խալեր. մեծաքանակ և անսովոր խալերը (դիսպլաստիկ կամ ատիպիկ պիգմենատային նևուսներ) բնութագրվում են մելանոմայի զարգացման բարձր ռիսկով: Դիպլաստիկ նևուսներին բնորոշ է անկանոն ձևը և անհավասարաչափ պիգմենատցիան:
- Բաց գույնի մաշկ. բաց գույնի մաշկ, շեկ կամ կարմիր մազեր, կապույտ աչքեր, պեպեններ ունեցող անձիք բարձր ռիսկի խմբում են, քանի որ առավել հակված են արևային այրվածքների առաջացման:
- Մաշկի նախաքաղցկեղային վիճակներ. մաշկի վրա կոպիտ, կարմիր կամ շագանակագույն թեփուկավոր տեղամասերը, որոնք կոչվում են ակտինիկ (ծերունական) կերատոզ և Բոուենի հիվանդություն, հիմնականում պայմանավորված արևային ճառագայթների ազդեցությամբ: Որոշ մարդկանց մոտ այս տեղամասերը կարող են վերափոխվել տափակ բջջային քաղցկեղի: Որքան շատ են ակտինիկ կերատոզի տեղամասերը, այդքան մեծ է նրանց տափակաբջջային քաղցկեղի վերափոխման ռիսկը: 30 և բարձր պաշտպանական գործակիցով (SPF) արևապաշտպան քսուքների օգտագործումը տարվա ընթացքում պաշտպանում է UVA և UVB ճառագայթումից և նվազեցնում ակտինիկ կերատոզի զարգացման ռիսկը:
- Սեռ. ծեր սպիտակամորթ տղամարդկանց և երիտասարդ կանանց շրջանում մաշկի քաղցկեղի զարգացման հաճախականությունը վերջին տարիներին մեծացել է:
- Տարիք. բազալ բջջային և տափակ բջջային կարցինոմաների դեպքերի մեծ մասն ախտորոշվում է 50 տարեկանից հետո: Վերջին տարիներին 65 և բարձր տարիքի անձանց մոտ կտրուկ մեծացել է մաշկի քաղցկեղով հիվանդացությունը: Սակայն, երիտասարդների մոտ նույնպես կարող է զարգանալ ոչ մելանոմային քաղցկեղ, հատկապես, երբ նրանք ունեն որևէ գենետիկ համախտանիշ, բաց մաշկ կամ ենթարկվել են զգալի ՈւՄ ճառագայթման:
- Արևային այրվածք կամ փխրուն մաշկ. մեխանիկական, արևային այրվածքների կամ հիվանդությունների հետևանքով վնասված մաշկը գտնվում է քաղցկեղի զարգացման բարձր ռիսկային խմբում: Տափակ բջջային և բազալ բջջային կարցինոմաներն առավել հաճախ հանդիպում են այն անձանց մոտ, որոնք բազմիցս ենթարկվել են ՈւՄ ճառագայթների ազդեցությանը:
- Նախկինում մաշկի քաղցկեղ. այն մարդիկ, որոնք նախկինում ունեցել են մաշկի քաղցկեղի որևէ ձև, առավել հակված են մաշկի քաղցկեղի մեկ այլ ձևի զարգացման: Այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են բազալ բջջային քաղցկեղ, 35-50% դեպքերում 5 տարվա ընթացքում նորից զարգանում է մաշկի քաղցկեղ: Հետևաբար երբևէ մաշկի քաղցկեղ ունեցող անձիք կարիք ունեն դինամիկ հսկողության:
- Ժառանգական համախտանիշներ. որոշ հազվադեպ հանդիպող գենետիկ անոմալիաներ կապված են բազալ բջջային քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ: Այդպիսի համախտանիշներից է նևուսային բազալ բջջային կարցինոմա համախտանիշը, որը կոչվում է նաև Գորլինի համախտանիշ, Ռոմբոյի համախտանիշը, Դյուպրեի համախտանիշը, բուլյոզ էպիդերմոլիզը: Մաշկի քաղցկեղի հանգեցնող հազվադեպ հանդիպող համախտանիշներից է նաև պիգմենտային քսերոդերմիան, ալբինիզմը, դիսկերատոզը և բազմակի ինքնալավացող տափակ բջջային էպիթելիոման:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). մելանոմայի դեպքերի 10%-ն ունի ժառանգական բնույթ: Այն անձիք, ում ընտանիքում եղել են մելանոմայի դեպքեր, 2-3 անգամ ավելի հակված են այդ հիվանդության զարգացման:
- Թուլացած իմուն համակարգ. փոխպատվաստման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, լեյկոզի որոշ տեսակների ժամանակ, ընկճված իմուն համակարգի պարագայում մեծանում է մաշկի քաղցկեղի, մասնավորապես՝ տափակ բջջային քաղցկեղի զարգացման ռիսկը: Նույնը վերաբերում է նաև իմունային համակարգն ընկճող (իմունոսուպրեսիվ) դեղեր ընդունող մարդկանց:
- Դեղեր. իմունիտետը ճնշող դեղերից բացի, ստերոիդները և այն դեղորայքները, որոնք մաշկը դարձնում են ճառագայթման նկատմամբ զգայուն, նույնպես մեծացնում են մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Նախկինում տարած ճառագայթային թերապիա. ռադիոթերապիա ստացած մարդիկ բազալ բջջային քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում են: Ռիսկը ժամանակի հետ մեծանում է, հատկապես 10-20 տարի հետո: Այն երեխաները, ովքեր ստացել են ճառագայթային թերապիա, ունեն բազալ բջջային քաղցկեղի զարգացման վեցակի բարձրացած ռիսկ:
- Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ, HPV). հետազոտությունները վկայում են, որ ՄՊՎ-ով վարակված անձանց մոտ տափակ բջջային քաղցկեղի զարգացման ռիսկը մեծ է, հատկապես թուլացած իմուն համակարգի պարագայում: ՄՊՎ-ը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Առկա են ՄՊՎ-ի տարբեր տեսակներ և որոշ տեսակներ առավել հաճախ են ասոցացվում քաղցկեղի զարգացման հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024