Չնայած այն փաստի, որ չկա քաղցկեղի լիարժեք կանխարգելման որևէ ապացուցված միջոց, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթներից, մասնավորապես՝ արևի ճառագայթների ուղղակի ներգործությունից խուսափելը զգալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացումը: Սա վերաբերում է բոլոր տարիքային խմբերին:
Ընդհանուր կանոններ
Արևային այրվածքից կամ արևայրուքից խուսափելու համար կարևոր է հետևել հետևյալ քայլերին։
- Օրվա 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և գտնվել ստվերում։ Սա այն ժամանակային միջակայքն է, երբ ՈւՄ մակարդակը 3 կամ ավելի բարձր է։
- Կրեք արևից պաշտպանող հագուստ, մասնավորապես՝ լայնեզր գլխարկ, որը կծածկի ձեր դեմքը, պարանոցը և ականջները: Այն հագուստը, որի վրա նշված է ՈԻՄ ճառագայթներից պաշտպանող գործոն (UPF), ապահովում է առավել հուսալի պաշտպանություն: Արևի ՈԻՄ ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցների կիրառումը նույպես խրախուսելի է:
- Օգտագործեք արևապաշտպան քսուքներ: Խորհուրդ է տրվում օգտագործել 30 և բարձր պաշտպանական գործակիցով (SPF) արևից պաշտպանող քսուքներ: Առատ քրտնելուց կամ ջրում գտնվելուց հետո օգտագործեք արևապաշտպան քսուքը յուրաքանչյուր երկու կամ մեկ ժամը մեկ անգամ:
- Խուսափեք արևային լոգանքներից, սոլյարի այցելելուց և մի՛ օգտագործեք արևային լամպեր:
- Ոչ պակաս նշանակություն ունեն նաև պարբերաբար զննումները, ընդ որում, մեծ է ինքնազննումների դերը:
Թեև այն մտահոգությանը, որ արևի ճառագայթներից խուսափելը կարող է հանգեցնել վիտամին D-ի արտադրության ընկճման, հայտնի է, որ օրվա ընթացում 15 րոպեն բավարար է համապատասխան քանակով վիտամին D-ի արտադրության համար: Վիտամին D-ի դեֆիցիտը կարելի է որոշել արյան թեստով:
Ինքնազննում
Ինքնազննման ժամանակ կարևոր է հետևել հետևյալ քայլերին՝
- զննեք ձեր մարմնի առջևի և հետևի մասը հայելու առջև, ապա աջ և ձախ հատվածները՝ արմունկները բարձրացրած վիճակում
- ծալեք արմունկը և ուշադիր զննեք նախաբազկի արտաքին և ներքին մակերեսները, բազուկը և ձեռքերը
- զննեք ոտքերը և ոտնաթաթերը բոլոր կողմերից՝ ներառյալ կրունկները և միջմատային տարածությունները
- բաժանեք և բարձրացրեք մազերը՝ պարանոցի հետևի մակերեսը և գլուխը զննելու համար
- ստուգեք հետույքի և սեռական օրգանների շրջանը:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ձեր վարսավիրը ձեր գլխի վրա նկատել է կասկածելի վնասվածք կամ ստորև նշվածներից ցանկացածի առկայության պարագայում՝
- մաշկի վրա ցանկացած գոյացություն, որին բնորոշ է մաշկի քաղցկեղի ախտանիշները
- մաշկի վրա նոր առաջացած գոյացություն
- կասկածելի փոփոխություններ խալերի վրա
- վերքեր, որոնք չեն լավանում երկու շաբաթվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024