Ձեզ հետ միասին ձեր բուժման լավագույն տարբերակն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում տարբեր գործոններ, օրինակ՝ ձեր տարիքը և ընդհանուր առողջական վիճակը, մաշկի քաղցկեղի տեսակն ու չափսը, մարմնի վրա տեղակայումը։
Բուժման մեթոդը նաև կախված է այն հանգամանքից, թե արդյոք մաշկի քաղցկեղը տարածվել է մարմնի այլ շրջաններ։ Բազալ բջջային կարցինոմաները (ԲԲԿ) առաջանային քաղցկեղից դեպի հեռավոր շրջաններ չեն տարածվում, սակայն կարող են ներաճել տեղային առողջ հյուսվածքների մեջ։ Տափակ բջջային կարցինոմաները (ՏԲԿ) հազվադեպ կարող են տարածվել դեպի մոտակա ավշային հանգույցներ և ավելի հեռու շրջաններ, մինչդեռ մելանոմաները ունեն տարածման՝ մետաստազավորման բարձր հավանականություն, և դրանով է պայմանավորված քաղցկեղի այս տեսակին բնորոշ բարձր մահացությունը։
Սովորաբար, նախնական բուժումը մաշկի ախտահարված այն շրջանի հեռացումն է, որը կասկածվում է, որ ունի քաղցկեղային ծագում։ Նման դեպքերում հեռացված մաշկի կտորն ուղարկվում է հյուսվածաբանական հետազոտության (բիոպսիա): Այլ դեպքերում կարող է առաջարկվել մաշկի գոյացության սառեցում (կրիոթերապիա) կամ այրում։
Եթե կասկածվում է մելանոմա, վիրահատությունն ավելի ընդգրկուն է (լայն բացազատում), երբ ուռուցքային գոյացությունից բացի հեռացվում է նաև հարակից առողջ տեսքով մաշկային հյուսվածքից փոքր եզրաշերտ։ Զարգացման 0 փուլի դեպքում (melanoma in situ) հեռացվում է ուռուցքի սահմաններից 5 մմ (կամ 0,5 սմ): Վիրահատական սահմանները մեծանում են քաղցկեղի հաստությանը համապատասխան: Անհրաժեշտության դեպքում վերքի դեֆեկտը փակվում է տեղային հյուսվածքներով կամ ազատ մաշկային լաթով:
Ոչ մելանոմային մաշկային քաղցկեղների բուժման այլ մեթոդները կախված են քաղցկեղի տեսակից, ախտահարման չափերից, տեղակայումից և ընդհանուր առողջական վիճակից։ Նման դեպքերում սովորաբար նշանակվում է ստորև ներկայացված տեղային բուժման մեթոդներից մեկնումեկը։
- Կրիոթերապիայի (սառցաբուժում) ժամանակ չարորակացած և հարակից առողջ բջիջները ոչնչացնելու համար կիրառվում է հեղուկ ազոտ: Կրիոթերապիա հաճախ օգտագործվում է նաև նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման նպատակով: Հեղուկ ազոտը այրում է մաշկի ախտահարված տեղամասը և հետագայում վնասված շերտը պոկվում է: Հետագայում հնարավոր է դրանց վերածումը սպիների: Հաճախ նշանակվում է մակերեսային ԲԲԿ բուժման մեջ։
- Իմունոթերապիայի և քիմիոթերապիայի նրբաքսուքներ (կրեմներ) և լոսյոններ, երբ դրանք ուղղակիորեն քսվում են մաշկային գոյացության վրա։
- Կյուրետաժ և էլեկտրոդիսսեկցիա, որի ընթացքում մաշկի ախտահարված հատվածները հեռացվում են հատուկ գործիքի՝ կյուրետի, միջոցով, որից հետո այդ տեղամասն այրում են էլեկտրական հոսանքով՝ արյունահոսությունը կանգնեցնելու և մնացած քաղցկեղային բջիջները վերացնելու համար:
- Լազերային բուժում, որի ժամանակ կիրառում են բարձր ինտենսիվության լազերային ճառագայթում։ Նման բուժումը հիմնականում կիրառելի է նախաքաղցկեղային հիվանդությունների ժամանակ:
- Ֆոտոդինամիկ բուժում, որը կոմբինացված բուժման մոտեցում է և կիրառելի է ակտինիկ կերատոզի և մակերեսային ԲԲԿ-ի դեպքում: Սկզբում ամինոլևուլինաթթու կոչվող դեղամիջոցը տարածում են մաշկի ախտահարված հատվածների վրա, ապա այդ հատվածները ենթարկում հատուկ լուսային սարքերի ազդեցության: Մաշկը դառնում է շատ զգայուն, որի պատճառով միջոցառումը կարող է ցավոտ լինել: Մինչ բուժումը սկսելը կարելի է կիրառել ցավազրկողներ: Կարևոր է նաև հետագա օրերին արևից խուսափելը:
Եթե մաշկի քաղցկեղը արդեն հասցրել է տարածվել մարմնի այլ շրջաններ, ձեր բժիշկը կարող է առաջարկել բուժման այլ տարբերակնե։ Մետասատիկ քաղցկեղի դեպքում մոտեցումը համալիր է և բուժման մեջ ներգրավված են տարբեր բժիշկ-մասնագետներ։
- Գոյացության ամբողջական վիրահատական հեռացումը մաշկի մելանոմայի բուժման հիմնական մեթոդն է: Հիմնական վիրաբուժական մեթոդներն են (1) լայն բացազատումը, երբ վիրաբույժը հեռացնում է ուռուցքը և ստորադիր հյուսվածքները՝ ձգտելով որ ոչ մի քաղցկեղային բջիջ չմնա, (2) ավշահանգույցների գծանշումը և պահակային ավշահանգույցների կենսազննում և (3) ավշահանգույցների լիմֆոդիսեկցիան, երբ արմատապես հեռացվում են նաև քաղցկեղային գործընթացի մեջ ներգրավված մոտակա ավշային հանգույցները։
- Ճառագայթային թերապիայի ժամանակ կիրառվում են ճառագայթման համեմատաբար մեծ չափաբաժիններ, որ ոչնչացվեն քաղցկեղային բջիջները: Երբեմն ճառագայթումը կիրառվում է վիրահատական միջամտությունից հետո՝ կանխելու ախտադարձը (ռեցիդիվ): Ավելի հաճախ նշանակվում է հեռահար ճառագայթային բուժումը, որն իրականացվում է հատուկ սարքի միջոցով: Ճառագայթային բուժման կողմնակի ազդեցություններն են ցանը, մաշկային վարակները, քորը, մաշկի կարմրությունը կամ գույնի այլ փոփոխությունները: Այնուամենայնիվ ստերոիդների կամ հակաբիոտիկների տեղային կիրառումը նվազեցնում է այդ երևույթները: Բացի այդ, ճառագայթային բուժման ավարտից հետո կողմնակի երևույթները նույնպես վերանում են:
- Այն բոլոր դեպքերում,երբ վիրահատական կամ ճառագայթային բուժումը կիրառելի չէ, նշանակվում է թիրախային թերապիա, որի ժամանակ օգտագործվում են այսպես կոչված hedgehog ուղու արգելակիչներ: ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից հաստատված է այդ դասի երկու դեղորայք՝ Սոնիդեգիբ (Օդոմզո) և Վիսմոդեգիբ (Էրիվեջ): Այս ուղին արգելակելով, դեղերը կանգնեցնում կամ դանդաղեցնում են ԲԲԿ աճը: Հիմնական կողմնակի ազդեցություններն են մազաթափությունը,մաշկի չորությունը, մկանային ջղակծկումները, քաշի անկումը: Ի հավելումն այս ամենի՝ սոնիդեգիբը հակացուցված է հղիներին:
- Իմունոթերապիան ուղղված է օրգանիզմի հակաուռուցքային իմունային պաշտպանության մեխանիզմների խթանմանը: Ներկայումս կիրառվող դեղորայքային միջոցներն են՝ հակա-CTLA-4 հակամարմիններ, հակա-PD-1 հակամարմիններ, հակա-PD-1 և հակա-CTLA4 հակամարմինների համակցում և ինտերլեյկին-2 (IL-2)։
- Քիմիոթերապիան տարբեր հակաուռուցքային դեղորայքային միջոցների կիրառումն է։ Հնարավոր է միաժամանակ մի քանի քիմիոպրեպարատների ներարկում: Քիմիոպրեպարատների կողմնակի ազդեցություններից են՝ թուլություն, սրտխառնոց, փսխում, վարակային բարդություններ, մազաթափություն, ախորժակի անկում, փորլուծություն: Այս կողմնակի ազդեցությունները սովորաբար վերանում են բուժման ավարտից հետո:
Անկախ այն հանգամանքից, թե բուժման ինչ տարբերակ է ընտրվում, քաղցկեղի վաղ ախտորոշումը և վաղ բուժումը զգալիորեն բարելավում են բուժման արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024