Առողջական խնդիրներ
Մաշկի քաղցկեղ

2 րոպե
Մաշկի քաղցկեղը քաղցկեղի տեսակ, որն առաջանում է մաշկի փոփոխված բջիջների անկառավարելի և անվերջ բաժանումից:
Ընդհանուր առմամբ, մաշկի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է: Մաշկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է այն աշխարհագրական տարածաշրջաններում, որտեղ առկա է արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման բարձր չափաքանակ և ազդեցություն (օրինակ՝ մերձարևադարձ և արևադարձ):
Մաշկի «քաղցկեղացած» բջիջներն անկառավարելի կերպով բազմանալով, մաշկի վրա ձևավորում են մի զանգված՝ ուռուցք: Այդ բջիջները կարող են ախտահարել և «ներխրվել» հարակից հյուսվածքներ կամ արյան կամ ավշի միջոցով տարածվել մարմնի այլ շրջաններ և օրգաններ՝ առաջացնելով մետաստազներ:
Ըստ քաղցկեղացած բջիջների տեսակի տարբերում են մաշկի քաղցկեղների հետևյալ երկու հիմնական խմբերը՝
- մելանոման առավել ագրեսիվ և ամենավտանգավոր մաշկի քաղցկեղն է, որն առաջանում է գունանյութ (պիգմենտ) առաջացնող բջիջներից՝ մելանոցիտներից և կարող է տարածվել այլ օրգաններ
- ոչ մելանոմային մաշկի քաղցկեղները՝ բազալ բջջային և տափակ բջջային կարցինոմաներն ավելի հաճախ են հանդիպում, սակայն ավելի հազվադեպ են տարածվում դեպի մարմնի այլ շրջաններ և օրգաններ:
Մելանոման կարող է զարգանալ մարմնի բոլոր այն հատվածներում, որտեղ կան մելանոցիտներ (գլխավորապես՝ մաշկ, սակայն հազվադեպ նաև՝ աղիներ և աչքեր)։ Լինելով ամենաչարորակ մաշկային քաղցկեղը, մելանոման կազմում է մաշկի քաղցկեղի պատճառով մահացության 75%-ը։
Մելանոմայի վաղ նշաններից է առկա խալի ձևի և (կամ) գույնի փոփոխությունը կամ, հանգուցավոր մելանոմայի դեպքում, մաշկի որևէ հատվածում անհավասար եզրերով գոյացության հայտնվելը։ Հիվանդության ավելի ուշ շրջաններում նկատվում է քորի զգացողություն խալի շրջանում, խալի խոցոտում կամ արյունահոսություն։ Մելանոման ավելի հաճախ հանդիպում է մեջքի, ոտքերի, ձեռքերի և դեմքի մաշկի վրա:
Մաշկի քաղցկեղի 80% դեպքերում զարգանում է բազալ բջջային կարցինոմա (ԲԲԿ): Բազալ բջիջները վերնամաշկի (էպիդերմիս) ստորին` հիմային շերտերում հայտնաբերվող կլոր բջիջներ են: ԲԲԿ առավել հաճախ տեղակայվում է գլխի և պարանոցի շրջանում: Որպես օրենք, հանդիսանում է արևի ՈւՄ ճառագայթման հետևանք: Մաշկի քաղցկեղի այս տեսակը սովորաբար աճում է դանդաղ և հազվադեպ է մետաստազավորում:
Մաշկի տափակ բջջային կարցինոման (ՏԲԿ) զարգանում է վերնամաշկի փշաձև շերտի բջիջներից: Այն առաջանում է արևի ՈւՄ ճառագայթման պատճառով, սակայն կարող է նաև զարգանալ վնասվածքների, քիմիական այրվածքների կամ ռենտգեն ճառագայթման հետևանքով: ՏԲԿ հաճախ տեղակայում է շրթունքներին, մաշկի քրոնիկ բորբոքված շրջաններում, ինչպես նաև բերանի, հետանցքի, հեշտոցի շուրջը: Ի տարբերություն ԲԲԿ-ի, ՏԲԿ-ն կարող է տարածվել կամ մետաստազավորվել:
Մաշկի քաղցկեղների վաղ հայտնաբերման և ախտորոշման դեպքում սովորաբար բավարար է լինում միայն վիրաբուժական միջամտությունը:
Պարբերաբար ուսումնասիրեք ձեր մաշկը և, եթե հայտնաբերում եք կասկածելի խալեր կամ այլ գոյացություններ, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին: Մաշկի քաղցկեղը սովորաբար ախտորոշվում է ֆիզիկական զննմամբ և բիոպսիայով (երբ ուռուցքից մի փոքր հյուսվածք կտրվում և ուղարկվում է հյուսվածաբանական հետազոտության):
Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: