Մաշկի քաղցկեղ․ ախտանիշներ
15-06-2019
3 րոպե

Որքան շուտ մաշկի քաղցկեղը հայտնաբերվեց, ախտորոշվեց և բուժվեց, այդքան ավելի կմեծանա բուժման արդյունավետությունը։
Ավելին, վաղ հայտնաբերված մաշկի քաղցկեղը թույլ է տալիս խուսափել վիրահատական բուժումից, իսկ մելանոմայի կամ մաշկի այլ լուրջ քաղցկեղների դեպքում՝ բուժումը սկսել մինչև քաղցկեղի տարածվելը մարմնի այլ շրջաններ։
Ուստի, խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել ձեր մաշկի վիճակը՝ առավել ուշադրություն դարձնելով մարմնի առավել արևահարվող շրջաններին։ Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ, թե հատկապես ինչ նշանների հնարավոր առկայությանը պետք է ուշադրություն դարձնել և երբ դիմել բուժօգնության։
Մաշկի քաղցկեղի տարբեր ձևեր կարող են արտահայտվել տարբեր կերպ:
Մելանոմաներ
Մելանոմայի վաղ նշաններից է առկա կամ նոր առաջացած խալի ձևի, չափսի, գույնի կամ զգացողության փոփոխությունը: Մելանոմայի ախտորոշման ժամանակ կիրառվում է ABCDE կանոնը.
- անհամաչափություն (asymmetry)․ խալի մի կեսի ձևը չի համապասախանում մյուս կեսին
- եզրեր (borders)․ առկա է եզրերի անհավասարություն, անհարթություն, ատամնավորություն կամ անհստակություն
- գույն (color)․ առկա է մաշկային գոյացության գունային բազմազանություն
- տրամագիծ (diameter)․ տրամագիծը սովորաբար 6 մմ–ից ավել է կամ հակված է մեծանալու, թեև հնարավոր է նաև փոքր տրամաչափով մելանոմայի զարգացումը
- զարգացում (evolving)․ դիտվում է խալի չափսի, ձևի, գույնի, կոնսիստենցիայի կամ արտաքին տեսքի փոփոխություն կարճ ժամանակահատվածում:
Չնայած այն փաստի, որ մելանոման անցավ է, երբեմն նկատվում է քորի զգացողություն, խալի խոցոտում կամ արյունահոսություն։
Բազալ բջջային կարցինոմա
Բազալ բջջային կարցինոմայի համար, բնորոշ է ստորև նշվածներից երկու կամ ավելի առանձնահատկությունները.
- շաբաթներ շարունակ չլավացող, կեղևակալող և արյունահոսող բաց վերք
- կարմրավուն, գրգռված, մաշկից վեր բարձրացող տեղամաս, որը կեղևակալվում է, քոր է գալիս, երբեմն էլ ցավում է
- վառ կարմիր, վարդագույն, սպիտակ կամ կիսաթափանցիկ հանգույց, որը կարող է կինել նաև սև կամ շագանակագույն, հատկապես՝ մաշկի մուգ գույն ունեցող անձանց մոտ
- վարդագույն, բարձրացած եզրերով և կեղևակալված, ներհրված կենտրոնով գոյացություն, հնարավոր է մակերեսին մանր անոթային ցանցի ի հայտ գալը
- սպիանման, դեղին, սպիտակ կամ մոմանման, հաճախ վատ սահմանազատված եզրերով հատված:
Տափակ բջջային կարցինոմա
Տափակ բջջային կարցինոման հաճախ կարող է կեղևակալվել, արյունահոսել և հանդես գալ որպես՝
- գորտնուկանման գոյացություն
- հարաճող, թեփուկավոր, հեշտ արյունահոսող, անկանոն եզրերով կարմիր հատվածներ
- բաց վերքային տեղամասեր, որոնք շաբաթներ շարունակ չեն ապաքինվում
- մաշկից վեր բարձրացող և ներս ընկած կենտրոնով տեղամասեր, որոնք շատ արագ կարող են չափսերով մեծանալ։
Այցելեք և զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ձեր մաշկի վրա նկատում եք վերոնշյալ կամ այլ փոփոխություններ։ Նման դեպքերում, եթե բժիշկը կասկածում է մաշկի քաղցկեղ, ձեզ կուղեգրի մաշկաբանի և ուռուցքաբանի խորհրդատվության, որոնք կարող են նշանակել մաշկի քաղցկեղի ախտորոշումը հաստատող կամ ժխտող բիոպսիա։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021