Մաշկի քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է մարդու կողմից որպես մաշկային նոր ախտահարում կամ առկա խալի ձևափոխում։
Վաղ հայտնաբերման և ախտորոշման համար խիստ կարևոր է, որ ձեր մաշկի վրա որևէ արտասովոր բծեր, վահանիկներ, ելունդներ, նոր խալեր կամ դրանց փոփոխություններ, չլավացող վերքեր հայտնաբերելիս առանց ուշացնելու այցելեք ձեր բժշկին։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր շրթունքներին և բերանի խոռոչում առկա չլավացող խոցերին
Մաշկի քաղցկեղն ախտորոշվում է բժշկի կողմից ախտահարված շրջանի զննմամբ, իսկ ախտորոշումը հաստատվում է բիոպսիայով։ Բիոպսիայի ժամանակ ձեր մաշկի ախտահարված մասից վերցվում է հյուսվածքի փոքր կտոր, որը ենթարկվում է հյուսվածաբանական հետազոտության։
Բիոպսիան թույլ է տալիս հաստատել ոչ միայն մաշկի քաղցկեղի առկայությունը, այլև դրա տեսակը։ Պատասխանը սովորաբար տրամադրվում է մինչև 1 շաբաթվա ընթացքում։
Բժիշկը նաև կարող է ձեզ նշանակել այլ հետազոտություններ, հատկապես, եթե կասկածում է, որ մաշկի քաղցկեղը կարող է տարածված լինել այլ՝ հեռավոր շրջաններ։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024