Խռմփոց կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների պատճառով, օրինակ՝ բերանի և հարքթային ծոցերի անատոմիա, ալկոհոլի օգտագործում, ալերգիաներ, մրսածություն, մարմնի քաշ և այլն:
Երբ նիրհում և մակերեսային քնից անցնում եք խոր քուն, բերանի առաստաղի մկանները (փափուկ քիմք), լեզուն և ըմպանը թուլանում են: Ըմպանի բավարար թուլացած մկանները կարող են մասամբ փակել շնչուղիները և կախված վիճակում օդի հոսքի հետ թրթռալ:
Որքան ավելի շատ են նեղացած շնչուղիները, այդքան ավելի է դժվարացած շնչուղիներով օդի մուտքն ու ելքը, որի պատճառով խռմփոցը դառնում է ավելի բարձրաձայն:
Հետևյալ հիվանդությունները կարող են ազդել շնչուղիների վրա և առաջացնել խռմփոց:
Բերանի խոռոչի անատոմիա. ցածր և հաստ փափուկ քիմքը կարող է նեղացնել շնչուղին: Ավելցուկային քաշ ունեցող մարդկանց ըմպանի փափուկ հյուսվածքներն ավելի արտահայտված են, որն իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում խռմփոցի առաջացման համար: Նույնը վերաբերվում է փափուկ քիմքից կախված երկար և մսոտ լեզվակին:
Ալկոհոլի օգտագործում. խռմփոց կարող է առաջանալ գիշերային քնից առաջ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Ալկոհոլը թուլացնում է ըմպանի մկանները և նվազեցնում շնչուղիների նեղացման դեմ բնական պաշտպանությունը:
Քթային խնդիրներ. քրոնիկ քթի փակվածությունը կամ քթային անցուղիների նեղացման բերող միջնապատի ծռվածությունը կարող են նպաստել խռմփոցի առաջացմանը:
Անբավարար քուն. խանգարված քունը կարող է բերել ըմպանի մկանների ավելցուկային թուլացման:
Քնի դիրք. խռմփոցն ավելի հաճախ է առաջանում և ավել բարձր է լինում, երբ քնում եք մեջքի վրա, և ծանրության ուժի տակ փափուկ քիմքը և լեզուն նեղացնում կամ փակում են վերին շնչուղիները:
Ռիսկի գործոններ
Որոշ ռիսկի գործոններ կարող են նպաստել խռմփոցի առաջացմանը:
Արական սեռ. տղամարդկանց մոտ խռմփոցի կամ քնի ապնոէի առաջացման ռիսկն ավելի բարձր է , քան կանանց մոտ:
Ավելցուկային քաշ. ավելցուկային քաշ ունեցող կամ գեր մարդկանց մոտ բարձրանում է խռմփացնելու կամ քնի օբստրուկտիվ ապնոէ ունենալու ռիսկը:
Նեղ շնչուղիներ. որոշ նարդիկ ունեն երկար փափուկ քիմք, մեծացած նշագեղձեր կամ ադենոիդներ, որը կարող է նեղացնել շնչուղիները և առաջացնել խռմփոց:
Քթային խնդիրներ. եթե ունեք քթային անցուղիների կառուցվածքային դեֆեկտներ, օրինակ՝ միջնապատի ծռում կամ եթե ձեր քիթը քրոնիկ փակ է, խռմփոցի ռիսկն ավելի բարձր է:
Խռմփոցի կամ քնի օբստրուկտիվ ապնոէի ընտանեկան պատմություն. ժառանգականությունը քնի օբստրուկտիվ ապնոէի հավանական ռիսկի գործոն է:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։