Խռմփոցը բուժելու համար բժիշկը նախ խորհուրդ կտա բարեփոխել ապրելակերպը:
Խռմփոցի մեղմացմանը կամ վերացմանը կարող են օգնել ապրելակերպի հետևյալ փոփոխությունները՝
- նիհարում, եթե գեր եք
- ուշ երեկոյան ալկոհոլից խուսափում
- քթի փակվածության բուժում
- քթի շեղման խուսափում
- մեջքի վրա քնելուց խուսափում:
Եթե խռմփոցն ուղեկցվում է քնի օբստրուկտիվ ապնոէով, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ միջացառումներ:
- Բերանային հարմարանքներ. սրանք անհատական դենտալ հարմարանքներ են, որոնք պատրաստվում են ատամնաբույժների կողմից և օգնում են, որ ստորին ծնոտը, լեզուն և փափուկ քիմքը չկարողանան փակել շնչուղիները: Բերանային հարմարանքները կարող են օգտկար լինել թեթևից միջին աստիճանի խռմփոցի ժամանակ, սակայն կարող են առաջացնել ավելցուկային թքարտադրություն, բերանի չորություն, ծնոտային ցավեր և դիմային անհարմարավետություն:
- Շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշման սարք (անգլերեն՝ CPAP). սա քիթը կամ բերանը ծածկող դիմակ է, որը պետք է կրել գիշերային քնի ընթացքում: Սարքը քնի ընթացքում ճնշման տակ տրվող օդի շնորհիվ վերին շնչուղիները պահում է բաց վիճակում: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց համար այն ստեղծում է մեծ անհարմարություն: Որոշ մարդիկ գանգատվում են ծուղակում գտնվելու զգացողությունից, կրծքավանդակում անհարմարության զգացումից և մաշկի կամ քթի գրգռվածությունից։ Այլ կողմնակի ազդեցություններից են բերանի չորությունը, քթահոսությունը, շուրթերի ու լնդերի ցավոտությունը։ CPAP սարքի օգտագործումը ցուցված է, եթե խռմփոցը կապված է քնի օբստրուկտիվ խանգարման հետ:
- Վերին շնչուղիների վիրահատություն. կան տարբեր միջամտություններ, որոնց նպատակը վերին շնչուղիները բացելն է կամ քնած ժամանակ դրանց զգալի նեղացման կանխարգելումը: Օրինակ, ուվոպալատոֆարինգոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում են շնչառությանը խանգարող բերանի խոռոչի ետին մասի և ըմպանի վերին մասի փափուկ հյուսվածքները։ Վերջին տարիներին լայնորեն օգտագործվում է ռադիոհաճախականությամբ աբլացիան, երբ բարձր հաճախականության միջոցով փոքրացվում են փափուկ քիմքի, լեզվի կամ քթի հյուսվածքները: Վերին շնչուղիների անատոմիական խնդրից կախված, կարող է առաջարկվել նաև լեզվի հիմքի առաջբերում, մաքզիլլոմանդիբուլյար առաջբերում և այլ միջամտություններՎիրահատական միջամտությունների վերջնական արդյունքները երբեմն դժվար է նախապես կանխատեսել:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024