Խռմփոցը հաճախ կապված է քնի խանգարման հետ, որը կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ:
Խռմփացնող ոչ բոլոր մարդիկ ունեն քնի օբստրուկտիվ ապնոէ, սակայն, եթե խռմփոցն ուղեկցվում է թվարկված ախտանիշներից որևէ մեկով, պետք է այցելել բժշկին, որ միասին քննարկեք անհրաժեշտ հետազոտությունների հարցը`
- քնի ընթացքում շնչառության կարճատև ընդհատումներ
- ավելցուկային ցերեկային քնկոտություն
- ուշադրության կենտրոնացման դժվարություն
- առավոտյան գլխացավեր
- արթնանալիս ըմպանացավ, ըմպանում անհարմարավետություն և չորություն
- անհանգիստ քուն
- գիշերները շնչահեղձություն հիշեցնող դրվագներ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- գիշերները ետկրծոսկրային ցավեր
- զուգընկերոջ քունը խաթարող բարձր խռմփոց
- երեխաների մոտ՝ ուշադրության թուլացում, վարքաբանական փոփոխություններ կամ ուսումնական առաջադիմության անկում:
Քնի օբստրուկտիվ ապնոէն բնութագրվում է բարձր խռմփոցով, որին հաջորդում են շնչառության ընդհատման կամ գրեթե դադարեցման լռության դրվագներ: Ի վերջո, շնչառության այսպիսի կարճատև կանգին հետևում է բարձր խռմփոցով կամ շնչահեղձություն հիշեցնող շնչառական աղմուկներով կտրուկ արթնացում և մի քանի խորը ներշնչում և արտաշնչում։ Շնչառության կանգի դրվագները գիշերվա ընթացքում կարող են կրկնվել բազմաթիվ անգամ: Քնի օբստրուկտիվ ապնոէն ախտորոշվում է, երբ գիշերային քնի խանգարումը տևում է 6 ամիս և ավելի երկար:
Իմացե՛ք ավելին քնի օբստրուկտիվ ապնոէի մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը, որոնք վկայում են, որ խռմփոցը կապված է քնի օբստրուկտիվ ապնոէի հետ:
Եթե ձեր երեխան խռմփացնում է, տեղեկացրեք այդ մասին մանկաբույժին: Երեխաները նույնպես կարող են ունենալ քնի օբստրուկտիվ ապնոէ: Քթի և ըմպանի խնդիրները, օրինակ՝ մեծացած նշագեղձերը, ադենոիդները և գիրությունը հաճախ նեղացնում են երեխայի շնչուղիները, որը կարող է բերել խռմփոցով ուղեկցվող քնի օբստրուկտիվ ապնոէի զարգացման:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024