Այս ընդհանուր նախազգուշական միջոցները կարող են օգնել նվազեցնելու ստաֆիլոկոկային վարակի ձեր ռիսկը:
- Լվացեք ձեր ձեռքերը. ձեռքերի մանրակրկիտ լվացումը ձեր լավագույն պաշտպանությունն է մանրէներից: Մանրակրկիտ լվացեք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան: Այնուհետև չորացրեք ձեռքերը միանգամյա օգտագործման (թղթե) սրբիչով և սրբիչով փակեք ծորակը: Եթե ձեր ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կամ չեք կարողանում լվանալ ձեռքերը, կարող եք օգտագործել ալկոհոլային հիմքով ձեռքերը ախտահանող միջոց: Պարբերաբար լվացեք ձեռքերը օճառով և ջրով, օրինակ՝ սնունդ պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո, հում մսի կամ թռչնամսի հետ գործ անելուց հետո, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո և կենդանու կամ կենդանական աղբին դիպչելուց հետո:
- Պահեք վերքերը ծածկված վիճակում. պահեք կտրվածքները և քերծվածքները մաքուր և ծածկված ստերիլ, չոր վիրակապով, մինչև դրանք ապաքինվեն: Վարակված վերքերի թարախը հաճախ պարունակում է ստաֆիլոկոկ բակտերիաներ։ Վերքերը ծածկված պահելը կօգնի խուսափելու բակտերիաների տարածումից:
- Նվազեցրեք տամպոնների օգտագործման ռիսկը. տոքսիկ շոկային համախտանիշն առաջանում է ստաֆիլոկոկային բակտերիաների կողմից: Երկար ժամանակ հեշտոցում թողված տամպոնները կարող են հանգեցնել ստաֆիլոկոկային բակտերիաների բազմացմանը: Դուք կարող եք նվազեցնել տոքսիկ շոկային համախտանիշով հիվանդանալու հավանականությունը՝ հաճախակի փոխելով տամպոնը՝ առնվազն 4-8 ժամը մեկ: Հնարավորության դեպքում օգտագործեք տամպոն, որն ունի նվազագույն ներծծող հատկություն: Փորձեք տամպոնները փոխարինել հիգիենիկ միջադիրներով:
- Անձնական իրերը օգտագործեք միայն դուք. խուսափեք անձնական իրերի փոխանակումից, ինչպիսիք են սրբիչները, սավանները, ածելիները, հագուստը և մարզական պարագաները: Ստաֆիլոկոկային վարակները կարող են տարածվել առարկաների վրա, ինչպես նաև մարդուց մարդ:
- Լվացեք հագուստը և անկողնային պարագաները. ստաֆիլոկոկային բակտերիաները կարող են տարածվել հագուստի, սրբիչների և անկողնային պարագաների վրա: Բակտերիաները հեռացնելու համար լվացեք և չորացրեք դրանք պիտակների վրա առաջարկվող ամենաբարձր ջերմաստիճանում: Եթե չեք կարող օգտագործել տաք ջուր, լվացող միջոց օգտագործելը բավարար է իրերը մաքուր և անվտանգ օգտագործելու համար: Դուք կարող եք օգտագործել սպիտակեցնող միջոց, եթե դա չի վնասում լվացքը:
- Հետևեք սննդի անվտանգության նախազգուշական միջոցներին. լվացեք ձեռքերը սննդին դիպչելուց առաջ: Եթե սնունդը որոշ ժամանակ մնալու է դրսում, համոզվեք, որ տաք կերակուրները մնում են տաք՝ 60° C-ից բարձր (140 F): Համոզվեք նաև, որ սառը սնունդը մնում է 4,4° C (40 F) կամ ավելի ցածր ջերմաստիճանում: Որքան հնարավոր է շուտ սառնարան տեղափոխեք սննդի մնացորդները: Լվացեք խոհանոցային տախտակները և դանակները օճառով և ջրով:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024