Առողջական խնդիրներ

Ստաֆիլոկոկային վարակներ

Ստաֆիլոկոկային վարակներ

Time Read 5 րոպե

Ոսկեզօծ ստաֆիլոկոկը (Staphylococcus Aureus) հանդիսանում է հարաբերակորեն տարածված բակտերիա, որը սովորաբար որևէ վնաս չի հասցնում։

Սակայն, երբ այս բակտերիան ներթափանցում է օրգանիզմ և սկսում է բազմանալ, կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ, որոնց խումբը ստացել է «ստաֆիլոկոկային վարակներ» անվանումը։

Ի՞նչ է ստաֆիլոկոկային վարակը

Բազմաթիվ մարդիկ կրում են ստաֆիլոկոկ բակտերիաներն մաշկի վրա կամ քթի խոռոչում, և սա հիմնականում որևէ խնդիր չի առաջացնում։

Սակայն, երբ բակտերիաները ներթափանցում են օրգանիզմ, կարող են բազմանալ և առաջացնել վարակային հիվանդություն։

Կան ստաֆիլոկոկային վարակների բազմաթիվ տարբեր տեսակներ՝ սկսած ֆուրունկուլից («չիբան») մինչև սեպսիս։ Դրանց մի մասը կայուն է բոլորիս հայտնի հակաբիոտիկների նկատմամբ։

Ստաֆիլոկոկային որոշ վարակներ կարող են նույնիսկ կյանքի համար վտանգ ներկայացնել։ Խոսքն առաջին հերթին ինվազիվ (ներխուժական) ստաֆիլոկոկային վարակների մասին է։

Առանց ուշացնելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ զանգեք 1-03 և հրավիրեք շտապ օգնության անձնակազմին, եթե ձեզ մոտ նկատել եք ինվազիվ ստաֆիլոկոկային վարակի այս նշանները՝

Ովքե՞ր են ստաֆիլոկոկային վարակների նկատմամբ ռիսկային

Ստաֆիլոկոկային վարակը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն որոշ մարդիկ ավելի «խոցելի» են այս վարակի նկատմամբ, քան մյուսները։ Մասնավորապես, վարակները կարող են ավելի մեծ հավանականությամբ զարգանալ այս խմբերի մոտ՝

  • մսուր-մանկապարտեզներ, նախակրթարաններ և դպրոցներ հաճախող մանկահասակ և ավելի բարձր տարիքի երեխաներ, ում մոտ հաճախ զարգանում է իմպեդիգո և այլ վարակներ
  • թուլացած իմունային համակարգով (դիմադրողականությամբ) մարդիկ, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողներ կամ նրանք, ովքեր ստանում են իմունիտետն ընկճող դեղեր
  • մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով իրենց մարմնի մեջ կրում են բժշկական գործիքներ կամ պարագաներ՝ երիկամային դիալիզ ստացողներ, ներերակային կամ միզային կաթետերներ, սնուցման կամ շնչառական խողովակներ կրողներ
  • ծանր հիվանդություններով մարդիկ, ովքեր երկար ժամանակի ընթացքում ստանում են հիվանդանոցային բուժում՝ մշտական շփման մեջ գտնվելով այլ հիվանդ մարդկանց և բուժանձնակազմի հետ։

Ստաֆիլոկոկային վարակների պատճառները

Կան ստաֆիլոկոկային վարակների տարբեր տեսակներ։ Մաշկի վարակներն ավելի հաճախ հանդիպում են այն վայրերում, որտեղ կա մարդկանց բազմություն, օրինակ՝ մսուր-մանկապարտեզներում։ Դուք կարող եք հիվանդանալ նաև՝ ենթարկվելով սննդային թունավորման, եթե ձեր ընդունած սնունդը վարակված է ստաֆիլոկոկային բակտերիաներով։

Մաշկի ստաֆիլոկոկային վարակներ

Մաշկն ընդգրկող ստաֆիլոկոկային վարակները ներառում են իմպեդիգոն, վերքային վարակները, ցելյուլիտը և մաշկի ստաֆիլոկոկային այրվածքի համախտանիշը։ Դուք կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ վարակի այս տեսակի մասին՝ ընթերցելով մեր մաշկի ստաֆիլոկոկային վարակներ հոդվածը։

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակներ

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակները շատ ավելի հազվադեպ են հանդիպում, քան մաշկի վարակները, բայց ավելի ծանր ընթացք ունեն։ Կան ինվազիվ վարակների բազմաթիվ տեսակներ, որոնց մասին կարող ավելի մանրամասն տեղեկանալ՝ ընթերցելով մեր ինվազիվ ստաֆիլոկոկային վարակներ հոդվածը։

Ինչպե՞ս խուսափել ստաֆիլոկոկային վարակներից

Դեպքերի մեծ մասում դուք կարող եք խուսափել մաշկի ստաֆիլոկոկային վարակներից, եթե պահպանեք հիգիենայի հիմնական կանոնները։ Կանոնավոր կերպով լավ լվացեք ձեր ձեռքերը հոսող մաքուր ջրով, օգտագործեք օճառ և չորացրեք ձեռքերը մաքուր սրբիչով կամ միանգամյա օգտագործման թղթե սրբիչով։

Մասնավորապես, լվացեք ձեր ձեռքերը՝

  • հավանական վարակված մակերևույթներին դիպչելուց կամ մաքրելուց առաջ և հետո
  • զուգարանից օգտվելուց հետո
  • քիթը «քչփորելուց» հետո
  • սննդի հետ գործ ունենալուց և սնունդ ընդունելուց առաջ
  • կենդանիների հետ շփվելուց հետո (այդ թվում՝ տանը պահվող)։

Եթե դուք ապրում եք մաշկի ստաֆիլոկոկային վարակ ունեցող մարդու հետ միասին, ապա կարող եք խուսափել այս վարակից, եթե՝

  • համատեղ չօգտագործեք անձնական օգտագործման իրերն ու պարագաները, օրինակ՝ ատամի խոզանակները, սրբիչները, հագուստները և սպիտակեղենը
  • անմիջապես լվանաք ձեր ձեռքերն այդ մարդու հետ ուղղակի շփվելուց հետո
  • հոգ տանեք, որ ձեր սպիտակեղենը և սրբիչներն ամեն օր լվացվում են տաք ջրով և սպիտակեցնող հեղուկով (օրինակ՝ «ժավել»)։

Եթե դուք ենթարկվում եք ինվազիվ ստաֆիլոկոկային վարակի զարգացման մեծ ռիսկին, շատ կարևոր է, որ դուք անցնեք առողջ ապրելակերպին՝ պահպանելով առողջ սննդակարգ, կանոնավոր կերպով կատարելով ֆիզիկական վարժանքներ, կրճատելով ալկոհոլը, մերժելով ծխելը և թմրամիջոցներ օգտագործելը։

Դուք կարող եք խուսափել սննդային թունավորումից, եթե ձեր խոհանոցը և կերակուր պատրաստելու պարագաները միշտ պահեք մաքուր և մինչև խոհանոցային գործերին անցնելը և դրանից հետո լավ լվանաք ձեր ձեռքերը։ Մի զբաղվեք սնունդ պատրաստելով, եթե վատառողջ եք կամ ձեռքերի վրա ունեք բաց վերքեր և վնասվածքներ։

Ստաֆիլոկոկային սննդային թունավորում

Դուք կարող եք խուսափել սննդային թունավորումից, եթե կերակուրը պատրաստելու ողջ գործընթացի ժամանակ պատշաճ կերպով պահպանեք սննդի հիգիենայի կանոնները։ Անվտանգ դարձրեք ձեր սնունդը՝ առանձին պահելով հում և պատրաստի սննդատեսակները, պահպանելով սնունդը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում և կերակուրը պատրաստելիս ընտրեք ջերմային ճիշտ ռեժիմներ։

Ինչպե՞ս են ստաֆիլոկոկային վարակները բուժվում

Մաշկի ստաֆիլոկոկային վարակները բուժվում են հակաբիոտիկներով։

Հասարակ վարակները կարող են բուժվել տնային պայմաններում, սակայն ծանր վարակների դեպքում ցուցված է հիվանդանոցային բուժում։ Վերջին դեպքում ձեզ կարող են նշանակել ներերակային հակաբիոտիկներ և այլ բուժումներ։

Հակաբիոտիկային կայունություն

Ոսկեզօծ ստաֆիլոկոկի որոշ տեսակներ բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ դրսևորում են կայունություն։ Օրինակ, մեթացիլին-կայուն (կամ մեթացիլին-ռեզիստենտ) ոսկեզօծ ստաֆիլոկոկը (MRSA) խիստ կայուն է մեթացիլին անվանումով հակաբիոտիկի նկատմամբ և կարող է առաջացնել ծանր վարակներ, որոնք չեն կարող բուժվել բազմաթիվ հակաբիոտիկներով։

MRSA-ի պատճառով բժիշկները հակաբիոտիկ նշանակելիս ստիպված են դրսևորել մեծ զգուշություն։ Հակաբիոտիկները պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, երբ դրանց անհրաժեշտությունն իրականում կա։ Սա թույլ կտա նվազնել բակտերիայի կայուն դառնալու ռիսկը։

Ե՞րբ դիմել բժշկին

Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • ձեզ մոտ առաջացել են մաշկի վարակային բորբոքման նշաններ՝ կարմիր, գրգռված կամ ցավոտ շրջաններ կամ թարախով լցված բշտիկներ
  • դուք ունեք մարմնի ջերմության կտրուկ բարձրացում
  • վարակն աստիճանաբար «բորբոքվում» կամ տարածվում է
  • վարակը տևում է ավելի քան մեկ շաբաթ
  • դուք ունեք թուլացած իմունային համակարգ
  • դուք հաճախակի հիվանդանում եք ստաֆիլոկոկային վարակներով։

Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2019 վերանայվել է՝ 03-07-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով