Skip to main content

Ախտանիշներ - Ստաֆ-վարակ

Ստաֆիլոկոկային վարակները կարող են լինել խիստ տարբեր՝ սկսած մաշկային աննշան խնդիրներից մինչև կյանքին սպառնացող հիվանդություններ:

Օրինակ, էնդոկարդիտը՝ ձեր սրտի ներքին լորձաթաղանթի (էնդոկարդի) ծանր վարակը, կարող է պատճառվել ստաֆիլոկոկային բակտերիայից: Ստաֆիլոկոկային վարակի գանգատներն ու ախտանիշները շատ տարբեր են՝ կախված վարակի տեղակայումից և ծանրության աստիճանից:

Մաշկային վարակներ

Ստաֆիլոկոկային բակտերիայից առաջացած մաշկային վարակները ներառում են հետևյալը:

  • Ֆուրունկուլ (չիբան). ստաֆիլոկոկային վարակի ամենատարածված տեսակը ֆուրունկուլն է: Սա թարախաբշտիկ է, որը զարգանում է մազապարկիկում (ֆոլիկուլ) կամ ճարպագեղձում: Վարակված տարածքի մաշկը սովորաբար դառնում է կարմիր և այտուցված: Եթե ֆուրունկուլը բացվի, դուրս կհոսի թարախ: Առավել հաճախ ֆուրունկուլ առաջանում է թևատակերում կամ աճուկի կամ հետույքի շուրջ:
  • Իմպետիգո. այս վարակիչ, հաճախ ցավոտ ցանը կարող է առաջանալ ստաֆիլոկոկ բակտերիայից: Իմպետիգոն սովորաբար դրսևորվում են մեծ բշտերով, որոնք բացվելուց և պարունակության արտահոսքից հետո առաջանում են մեղրագույն կեղևներ:
  • Ցելյուլիտ. ցելյուլիտը մաշկի ավելի խորը շերտերի վարակ է։ Այն ձեր մաշկի մակերեսին առաջացնում է կարմրություն և այտուցվածություն: Կարող են նաև զարգանալ խոցեր կամ արտահոսող տարածքներ:
  • Մաշկի ստաֆիլոկոկային այրվածքի համախտանիշ. այս հիվանդությունը պայմանավորված է ստաֆիլոկոկային վարակի պատճառով արտադրված թույներով: Գլխավորապես նորածինների և մանկահասակ երեխաների շրջանում զարգացող մաշկի ստաֆիլոկոկային այրվածքի համախտանիշը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանով և երբեմն բշտերով: Երբ վերջիններս պատռվում են, մաշկի վերին շերտը անջատվում է՝ թողնելով այրվածք հիշեցնող ախտահարված կարմիր կամ վերքային մակերեսներ։
  • Մաշկի ստաֆիլոկոկային ախտահարման համախտանիշ՝ այրվածքանման բշտերով. ստաֆիլոկոկային բակտերիաների կողմից արտադրվող թույները (տոքսինները) կարող են առաջացնել մաշկի ստաֆիլոկոկային ախտահարման համախտանիշ: Հիմնականում նորածինների և երեխաների մոտ առաջացող այս վիճակը ներառում է ջերմություն, ցան և երբեմն բշտեր: Երբ բշտերը բացվում են, մաշկի վերին շերտը պոկվում է: Սա թողնում է կարմիր, այրվածք հիշեցնող ախտահարված մակերես:

Իմացե՛ք ավելին մաշկի ստաֆիլոկոկային վարակների մասին:

Սննդային թունավորում

Ստաֆիլոկոկ բակտերիաները սննդային թունավորման ամենատարածված պատճառներից են: Բակտերիաները բազմանում են սննդի մեջ և արտադրում թույներ (տոքսիններ), որոնք առաջացնում են ձեր գանգատներն ու ախտանիշները: Ախտանիշներն ի հայտ են գալիս արագ, սովորաբար աղտոտված սնունդ ուտելուց մի քանի ժամվա ընթացքում: Ախտանիշները նաև արագ անհետանում են՝ հաճախ տևելով ընդամենը կես օր:

Սննդի մեջ ստաֆիլոկոկային վարակը սովորաբար ջերմություն չի առաջացնում: Գանգատներն ու ախտանիշները, որոնք դուք կարող եք ակնկալել այս տեսակի ստաֆիլոկոկային վարակի դեպքում, ներառում են՝

  • սրտխառնոց և փսխում
  • փորլուծություն
  • ջրազրկում
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա):

Իմացե՛ք ավելին սննդային թունավորման մասին:

Բակտերեմիա

Բակտերեմիան, որը նաև հայտնի է որպես արյան կամ արյան հոսքի վարակ, առաջանում է, երբ ստաֆիլոկոկ բակտերիաները թափանցում են արյան մեջ: Ջերմությունը և ցածր արյան ճնշումը (հիպոտենզիա)բակտերեմիայի նշաններ են։ Բակտերիաները կարող են թափանցել ձեր օրգանիզմի խորը վայրեր՝ առաջացնելով վարակներ, որոնք ախտահարում են՝

  • ներքին օրգանները, ինչպիսիք են ձեր գլխուղեղը, սիրտը կամ թոքերը
  • ոսկորներ և մկաններ
  • վիրահատությամբ ներդրված (իմպլանտացված) սարքեր, ինչպիսիք են արհեստական հոդերը կամ սրտի ռիթմավարները (փեյսմեյքերներ):

Տոքսիկ շոկային համախտանիշ

Կյանքի համար վտանգավոր այս վիճակը առաջանում է ստաֆիլոկոկ բակտերիաների որոշ շտամների կողմից արտադրվող թույներից (տոքսիններից): Վիճակը կապված է որոշակի տեսակի կանացի տամպոնների, մաշկային վերքերի և վիրահատությունների հետ: Այն սովորաբար զարգանում է հանկարծակի՝ առաջացնելով՝

  • բարձր ջերմություն
  • սրտխառնոց և փսխում
  • ձեռքերի ափերի և ոտնաթաթերի ներբանների ցան, որը նման է արևայրուքի
  • շփոթվածություն
  • մկանային ցավեր
  • փորլուծություն
  • ստամոքսի ցավ:

Իմացե՛ք ավելին տոքսիկ շոկային համախտանիշի մասին:

Սեպտիկ արթրիտ

Սեպտիկ արթրիտը հաճախ առաջանում է ստաֆիլոկոկային վարակի պատճառով: Բակտերիաները հաճախ թիրախավորում են ծնկները, ուսահոդերը, կոնքազդրային հոդերը, ինչպես նաև ոտնաթաթի և դաստակի մատնային հոդերը: Վարակման վտանգի տակ կարող են լինել նաև արհեստական հոդերը: Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • հոդի այտուց
  • ախտահարված հոդի ուժեղ ցավ
  • ջերմություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք՝

  • կարմիր, գրգռված կամ ցավոտ մաշկի տարածք
  • թարախով լցված բշտեր
  • ջերմություն:

Կարող եք նաև խոսել ձեր բժշկի հետ, եթե՝

  • մաշկային վարակները փոխանցվում են ընտանիքի մի անդամից մյուսին
  • ընտանիքի երկու կամ ավելի անդամներ միաժամանակ ունենում են մաշկային վարակներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 03-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024