Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում ստամոքսի քաղցկեղ:
Մասնագետները կարծում են, որ ստամոքսի քաղցկեղի մեծ մասը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան վնասում է ստամոքսի ներքին լորձաթաղանթը: Օրինակները ներառում են ստամոքսում վարակի առկայությունը, երկարատև թթվային ռեֆլյուքսը և շատ աղի մթերքներ ուտելը: Այս ռիսկի գործոններով ոչ բոլորն են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով: Այսպիսով, ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու, թե կոնկրետ ինչն է այն առաջացնում:
Ստամոքսի քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան վնասում է ստամոքսի ներքին լորձաթաղանթի բջիջները: Այն ստիպում է բջիջներին փոփոխություններ զարգացնել իրենց ԴՆԹ-ում: Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջիջին ասում են, թե ինչ անել: Փոփոխությունները ստիպում են բջիջներին արագ բազմանալ: Բջիջները կարող են շարունակել ապրել, երբ առողջ բջիջները մահանում են որպես իրենց բնական կյանքի ցիկլի մի մաս: Սա ստամոքսում բազմաթիվ լրացուցիչ բջիջներ է առաջացնում: Կուտակվող բջիջները կարող են ձևավորել զանգված, որը կոչվում է ուռուցք:
Ստամոքսի քաղցկեղի բջիջները կարող են ներխուժել և ոչնչացնել առողջ հյուսվածքը: Դրանք կարող են սկսել ավելի խորանալ ստամոքսի պատի հաստության մեջ: Ժամանակի ընթացքում քաղցկեղի բջիջները կարող են պոկվել և տարածվել օրգանիզմի այլ շրջաններում: Երբ քաղցկեղի բջիջները տարածվում են օրգանիզմի մեկ այլ շրջան, դա կոչվում է մետաստազ:
Ստամոքսի քաղցկեղի տեսակները
Ձեր ստամոքսի քաղցկեղի տեսակը հիմնված է այն բջիջների տեսակի վրա, որից սկսվել է ձեր քաղցկեղը: Ստամոքսի քաղցկեղի տեսակների օրինակները ներառում են հետևյալը:
- Ադենոկարցինոմա. ստամոքսի ադենոկարցինոմա տեսակի քաղցկեղը սկսվում է լորձ արտադրող բջիջներից։ Սա ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Գրեթե բոլոր քաղցկեղները, որոնք սկսվում են ստամոքսից, ստամոքսի ադենոկարցինոմա են:
- Ստամոքս-աղիքային ստրոմալ ուռուցք (ՍԱՍՈւ). ՍԱՍՈւ-ը սկսվում է հատուկ նյարդային բջիջներից, որոնք հայտնաբերվում են ստամոքսի պատին և մարսողական այլ օրգաններում: ՍԱՍՈւ-ը փափուկ հյուսվածքների սարկոմայի տեսակ է:
- Կարցինոիդ ուռուցքներ. կարցինոիդ ուռուցքները քաղցկեղներ են, որոնք սկսվում են նյարդաներզատական (նեյրոէնդոկրին) բջիջներից: Այս բջիջները հայտնաբերված են օրգանիզմի բազմաթիվ շրջաններում: Դրանք կատարում են նյարդային բջիջների որոշ գործառույթներ և հորմոններ արտադրող որոշ բջիջների աշխատանքը: Կարցինոիդ ուռուցքները նեյրոէնդոկրին ուռուցքի տեսակ են։
- Լիմֆոմա. լիմֆոման քաղցկեղ է, որը սկսվում է իմունային համակարգի բջիջներից: Օրգանիզմի իմունային համակարգը պայքարում է մանրէների դեմ: Լիմֆոման երբեմն կարող է սկսվել ստամոքսում, եթե օրգանիզմն իմունային համակարգի բջիջներն ուղարկի ստամոքս: Դա կարող է տեղի ունենալ, եթե օրգանիզմը փորձում է պայքարել վարակի դեմ: Ստամոքսից սկսվող լիմֆոմաների մեծ մասը ոչ Հոջկինի լիմֆոմայի մի տեսակ է:
Ռիսկի գործոններ
Ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են՝
- կերակրափողում ստամոքսի թթվի հետ կապված շարունակական խնդիրներ, որը կոչվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
- սննդակարգ, որը հարուստ է աղի և ապխտած մթերքներով
- մրգերի և բանջարեղենի ցածր պարունակությամբ սննդակարգ
- ստամոքսի վարակ՝ առաջացած Հելիկոբակտերի պիլորի (Helicobacter pylori) կոչվող մանրէից
- ստամոքսի ներսի այտուցվածություն ու գրգռվածություն, որը կոչվում է գաստրիտ
- ծխելը
- ստամոքսի ոչ քաղցկեղային բջիջների աճը, որը կոչվում է պոլիպներ
- ստամոքսի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ)
- գենետիկ համախտանիշների ընտանեկան պատմություն, որոնք մեծացնում են ստամոքսի քաղցկեղի և այլ քաղցկեղների ռիսկը, ինչպիսիք են ժառանգական դիֆուզ ստամոքսի քաղցկեղը, Լինչի համախտանիշը, պատանեկան պոլիպոզի համախտանիշը, Պեյց-Յեգերսի համախտանիշը և ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024