Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղը ավելի հաճախ տղամարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է, որը վաղ փուլերում կարող է որևէ լուրջ գանգատ չառաջացնել։
Սա է պատճառը, որ ստամոքսի քաղցկեղը գլխավորապես ախտորոշվում է միայն ուշ փուլերում, երբ բուժումը դառնում է նվազ արդյունավետ։
Այցելեք ձեր բժշկին, եթե 40-60 տարեկան եք և այս հարցերով ունեք որոշակի մտահոգություններ։
Ի՞նչ է ստամոքսի քաղցկեղը
Ստամոքսի քաղցկեղը հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսի ձևափոխված բջիջները սկսում են անկառավարելի կերպով արագ կիսվել, բազմանալ ու աճել։
Ստամոքսը ձեր մարսողական համակարգի մի մասն է և տեղակայված է որովայնի խոռոչի վերին մասում։ Տարբերում են ստամոքսի քաղցկեղի տարբեր տեսակներ, որոնցից են՝
- ստամոքսի ադենոկարցինոմա, որն ամենատարածված տեսակն է
- ստամոքս-աղիքային ստրոմալ ուռուցքներ
- ստամոքսի լիմֆոմա։
Որո՞նք են ստամոքսի քաղցկեղի պատճառները
Ստամոքսի քաղցկեղի պատճառները մինչև վերջ բացահայտված չեն, սակայն հայտնի է, որ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է հետևյալ խմբերում՝
- ծխողներ
- անառողջ սննդակարգին հետևողներ, հատկապես՝ ապխտած, թթվեցված կամ աղով հարուստ սննդատեսակների չարաշահում և թարմ մրգերի ու բանջարեղենների անտեսում
- ստամոքսի քրոնիկ խնդիրներ ունեցողներ (օրինակ՝ ստամոքսի պոլիպներ)
- հելիկոբակտեր պիլորի բակտերիայով վարակվածներ։
Ստամոքսի քաղցկեղի առաջացման մեջ նաև նշանակություն է տրվում ժառանգականությանը։
Ստամոքսի քաղցկեղի ախտանիշները
Ստամոքսի քաղցկեղը հիվանդության վաղ փուլերում կարող է որևէ գանգատ չառաջացնել։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց հայտնվում և աստիճանաբար ծանրանում են հետևյալ նշանները՝
- այրոցք (изжога)
- ստամոքսի շրջանի բութ ցավեր
- նողկանքի զգացում
- փսխում
- ընդհանուր հոգնածության զգացում
- մարմնի կշռի անկում (նիհարում և հյուծում)
- ստամոքսի շրջանում ուռածություն։
Հիվանդության ուշ փուլերում կարող են ի հայտ գալ արյունային փսխումներ կամ սևացած ու ձութանման կղանք, ինչը վկայում է ստամոքսային արյունահոսության մասին։
Ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը
Ձեր գանգատները լսելուց և զննելուց հետո, եթե կասկածվում է ստամոքսի քաղցկեղի առկայություն, բժիշկը կարող է նշանակել հիվանդության ախտորոշումը հաստատող կամ ժխտող ամենատարբեր հետազոտություններ, որոնցից են՝
- էնդոսկոպիա (գաստրոսկոպիա), երբ ազատ ծայրին տեսախցիկ ունեցող ճկուն խողովակը բերանով զգուշությամբ խորացվում է մինչև ստամոքս և «ներսից» դիտվում է ստամոքի լորձաթաղանթը
- արյան հետազոտություններ, այդ թվում՝ որոշ ուռուցքային մարկերների որոշում
- կղանքի հետազոտություն (նաև՝ «թաքնված» արյան հայտնաբերում)
- ստամոքսի խոռոչի և մյուս շրջանների էնդոսկոպիկ սոնոգրաֆիա
- ստամոքսի և հարակից օրգանների ռենտգենոգրաֆիա, համակարգչային շերտագիր (CT) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- բիոպսիա, երբ գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսի լորձաթաղանթից վերցվում է հյուսվածքային փոքր նմուշ, որն ուղարկվում է հյուսվածաբանական հետազոտության։
Ստամոքսի քաղցկեղի փուլերը
Բժիշկներն օգտվում են քաղցկեղների ծանրության աստիճանը գնահատող հատուկ սանդղակներից կամ դասակարգիչներից։ Համաձայն դրանց, քաղցկեղները դասակարգվում են՝ սկսած 1-ին կամ վաղ փուլից մինչև 4-րդ՝ քաղցկեղի ամենածանր փուլը։ Ներկայում ուռուցքաբանների շրջանում մեծ տարածում է ստացել այսպես կոչված «TNM» դասակարգիչը, ըստ որի հիվանդության ծանրության աստիճանը (1-ինից մինչև 4-րդ աստիճան) որոշվում է ըստ առանձին վերցրած ուռուցքի չափսից և հարևան հյուսվածքներ ներաճումից (Tumour), ավշային գեղձերի ախտահարման տարածվածությունից (Nodes) և մետաստազների տարածվածությունից (Metastasis)։
Ստամոքսի քաղցկեղի բուժումը
Ստամոքսի քաղցկեղի բուժումը կախված է հիվանդության զարգացման փուլից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից։ Բուժման հնարավոր տարբերակներից են՝
- վիրահատություն (ուռուցքի ամբողջական կամ մասնահատում)
- ճառագայթային բուժում
- քիմիոթերապիա
- կենսաբանական բուժում (բիոթերապիա), որի միջոցով փորձ է կատարվում օժանդակել քաղցկեղի դեմ պայքարող իմունային համակարգը։
Սովորաբար քաղցկեղի բուժման այս մեթոդները կիրառվում են հաջորդաբար։
Ստամոքսի քաղցկեղի կանխարգելումը
Դուք կարող եք կրճատել ստամոքսի քաղցկեղի հավանականությունը հետևյալ քայլերով՝
- մի ծխեք կամ դադարեցրեք ծխելը
- անցեք առողջ սննդակարգի` նվազեցնելով թթվեցված, ապխտած կամ աղի սննդատեսակները
- բուժեք առկա Helicobacter pylori վարակը։
Հոդվածը վերանայվել է՝ 06-06-2020