Skip to main content

Բուժում - Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղի բուժման տարբերակը կախված է ուռուցքի տեղակայումից, փուլից և ագրեսիվությունից:

Բժիշկը նաև հաշվի է առնում ընդհանուր առողջական վիճակը և պացիենտի նախընտրությունը:

Վիրահատություն

Վիրահատության նպատակն ամբողջական քաղցկեղի և այն շրջապատող որոշ առողջ հյուսվածքների հեռացումն է:

  • Ստամոքսի լորձաթաղանթից վաղ փուլի ուռուցքների հեռացում. շատ փոքր քաղցկեղները, որոնք չեն անցնում ստամոքսի լորձաթաղանթի սահմանները, կարող են հեռացվել էնդոսկոպիկ մեթոդով: Ստամոքսի լորձաթաղանթից քաղցկեղի հատումը ներառում է էնդոսկոպիկ լորձաթաղանթային ռեզեկցիան և էնդոսկոպիկ ենթալորձաթաղանթային ռեզեկցիան:
  • Ստամոքսի մի մասի հեռացում (սուբտոտալ գաստրէկտոմիա). սուբտոտալ գաստրէկտոմիայի ժամանակ վիրաբույժը հեռացնում է քաղցկեղով ախտահարված ստամոքսի մի մասը (կոչվում է մասնահատում) առողջ հյուսվածքի սահմաններով: Այս վիրահատությունը կարող է ցուցված լինել, եթե ստամոքսի քաղցկեղը տեղակայված է բարակ աղուն մոտ ստամոքսի հատվածում:
  • Ստամոքսի ամբողջական հեռացում (տոտալ գաստրէկտոմիա). տոտալ գաստրէկտոմիան ներառում է աբողջ ստամոքսի և շրջապատող հյուսվածների մի մասի հեռացումը: Ստամոքսը հեռացվելուց հետո կերակրափողն ուղղակիորեն միացվում է բարակ աղուն: Տոտալ գաստրէկտոմիան առավել հաճախ օգտագործվում է այն քաղցկեղի դեպքում, որն ախտահարել է ստամոքսի մարմինը և տեղակայված է ստամոքսկերակրափողային միացման շրջանում:
  • Ավշային հանգույցների հեռացում՝ քաղցկեղի հետազոտման համար. վիրաբույժը կարող է հեռացնել որովայնի խոռոչի ավշային գեղձերը, որ ստուգվի քաղցկեղի տարածումը դեպի այդ հյուսվածքներ:
  • Քաղցկեղի ախտանիշները մեղմացնող վիրահատություն. տարածված քաղցկեղով մարդկանց մոտ ստամոքսի մի մասի հեռացման վիրահատությունը կարող է մեղմացնել մեծացող քաղցկեղի ախտանիշները:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է քաղցկեղային բջիջները ոչնչացնող քիմիական նյութեր։ Քիմիոթերապիայի դեղամիջոցները շրջանառում են օրգանիզմում և ոչնչացնում ստամոքսի սահմանները լքած քաղցկեղային բջիջները:

Քիմիոթերապիան կարող է նշանակվել մինչև վիրահատությունը, որ կրճատվի քաղցկեղի չափը և ուռուցքի հեռացումը դառնա տեխնիկապես ավելի հեշտ: Քիմիոթերապիան նաև օգտագործվում է վիրահատությունից հետո, որ ոչնչացվեն այն քաղցկեղային բջիջները, որոնք կարող են մնալ վիրահատությունից հետո: Քիմիոթերապիան հաճախ զուգակցվում է ճառագայթային բուժման հետ:

Քիմիոթերապիան կարող է օգտագործվել առանձին կամ տարածված քաղցկեղի ժամանակ թիրախավորված դեղորայքային բուժման հետ:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր հզորության էներգիայի, օրինակ՝ ռենտգենյան և պրոտոնային ճառագայթներ, որ ոչնչացվեն քաղցկեղային բջիջները: Ճառագայթները մակածվում են հատուկ սարքում, որը պտտվում է սեղանին պառկած պացիենտի շուրջը:

Ստամոքսի քաղցկեղի ժամանակ ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել մինչև վիրահատությունը, որ կրճատվի քաղցկեղի չափսը և ուռուցքի հեռացումը դառնա տեխնիկապես ավելի հեշտ: Ճառագայթային թերապիան նաև կարող է նշանակվել վիրահատությունից հետո, որ ոչնչացվեն այն քաղցկեղային բջիջները, որոնք կարող են մնալ վիրահատությունից հետո: Ճառագայթային թերապիան հաճախ զուգակցվում է քիմիոթերապիայի հետ:

Տարածված ստամոքսի քաղցկեղի դեպքում, որը չի կարող վիրահատությամբ հեռացվել, ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել մեծացող քաղցկեղի կողմնակի ազդեցությունները մեղմացնելու համար, ինչպիսիք են ցավը կամ արյունահոսությունը:

Թիրախային դեղորայքային բուժում

Թիրախային դեղորայքային բուժումը կենտրոնանում է քաղցկեղային բջիջներում առկա հատուկ թուլությունների վրա: Արգելափակելով քաղցկեղային բջիջների թույլ տեղամասերը, թիրախավորված բուժումները նպաստում են նույն բջիջների մահանալուն: Ստամոքսի քաղցկեղի ժամանակ թիրախավորված դեղամիջոցները սովորաբար զուգակցվում են քիմիոթերապիայի հետ, սովորաբար տարածված կամ բուժումից հետո կրկնված քաղցկեղների դեպքում:

Բժիշկը կարող է մինչև նման բուժումը ստուգել քաղցկեղային բջիջները, որ հասկանա, թե որ դեղամիջոցն է տվյալ իրավիճակում ամենաարդյունավետը:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան դեղորայքային բուժման տեսակ է, որն օգնում է իմունային համակարգին քաղցկեղի դեմ պայքարում: Հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը կարող է «չգրոհել» քաղցկեղային բջիջները, քանի որ վերջիններս արտադրում են իմունային համակարգից «թաքցնող» սպիտակուցներ: Իմունոթերապիան խախտում է այս գործընթացը և քաղցկեղը դարձնում իմունային համակարգի համար «տեսանելի»:

Ստամոքսի քաղցկեղի ժամանակ իմունոթերապիա կարող է նշանակվել, երբ քաղցկեղը տարածված է, կրկնվում է կամ տարածվել է օրգանիզմի այլ շրջաններ:

Պալիատիվ խնամք

Պալիատիվ խնամքը մասնագիտացված բուժօգնություն է, որը կենտրոնանում է ցավերի և մյուս ախտանիշների մեղմացման վրա: Պալիատիվ խնամքի մասնագետներն աշխատում են հիվանդի, նրա ընտանիքի և մյուս բժիշկների հետ, որ ապահովեն առկա բուժումը լրացնող օժանդակության լրացուցիչ ծառայություն: Պալիատիվ խնամքը կարող է օգտագործվել հիմնական ագրեսիվ բուժումների հետ միասին՝ վիրահատություն, քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում:

Երբ պալիատիվ խնամքը զուգակցվում է բուժման մյուս տեսակների հետ, քաղցկեղով մարդիկ կարող են նշել ինքնազգացողության որոշակի բարելավում և ապրել ավելի երկար:

Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բույժքույրերի և այլ հատուկ դասընթացներ անցած մասնագետների թիմի կողմից: Պալիատիվ խնամքի նպատակը քաղցկեղով մարդկանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումն է:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024