Սթրեսային կոտրվածքները հաճախ առաջանում են ֆիզիկական գործունեության չափի կամ ինտենսիվության չափազանց արագ բարձրացումից:
Ոսկորն աստիճանաբար հարմարվում է ավելացած ծանրաբեռնվածությունը վերափոխման (ռեմոդելավորման) միջոցով: Սա նորմալ գործընթաց է, որն արագանում է, երբ ոսկորների ծանրաբեռնվածությունը մեծանում է: Ռեմոդելավորման ընթացքում ոսկրային հյուսվածքը նախ՝ քայքայվում (ռեզորբցիա), այնուհետև վերակառուցվում է:
Ոսկորները, որոնք ենթարկվում են անսովոր ուժի ազդեցությանն առանց վերականգնման բավարար ժամանակի, բջիջները քայքայվում են ավելի արագ, քան ձեր օրգանիզմը հասցնում է փոխարինել դրանք: Այսպիսի իրավիճակը բարձրացնում է սթրեսային կոտրվածքների առաջացման հավանականությունը:
Ռիսկի գործոններ
Սթրեսային կոտրվածքների ձեր ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները:
- Որոշակի մարզաձևեր. սթրեսային կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են մեծ ազդեցության մարզաձևերով, ինչպիսիք են թեթև ատլետիկան, բասկետբոլը, թենիսը, պարը կամ մարմնամարզությունը:
- Ուժեղ ֆիզիկական գործունեություն. սթրեսային կոտրվածքները հաճախ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց ապրելակերպից կտրուկ անցնում են ակտիվ մարզումների ռեժիմի կամ արագորեն մեծացնում են վարժանքների ինտենսիվությունը, տևողությունը կամ հաճախականությունը:
- Սեռ. կանայք, հատկապես նրանք, ովքեր ունեն խանգարված կամ բացակայող դաշտանային ցիկլեր, ենթարկվում են սթրեսային կոտրվածքների զարգացման ավելի բարձր ռիսկի:
- Ոտնաթաթի խնդիրներ. մարդիկ, ովքեր ունեն հարթաթաթություն կամ բարձր, պինդ ոտնաթաթի կամարներ, ավելի հավանական է, որ ստանան սթրեսային կոտրվածքներ: Մաշված կոշիկները կամ մարզակոշիկները նույնպես նպաստում են խնդրի առաջացմանը։
- Թուլացած ոսկորներ. օստեոպորոզը և նման այլ խնդիրները, որոնք թուլացնում են ձեր ոսկորները, հեշտացնում են սթրեսային կոտրվածքների առաջացումը:
- Նախկինում սթրեսային կոտրվածքներ. նախկինում մեկ կամ մի քանի սթրեսային կոտրվածքներ ունենալը ձեզ ավելի խոցելի է դարձնում նույն տեսակի կոտրվածքների նկատմամբ:
- Սննդանյութերի պակաս. սնման խանգարումները և վիտամին D-ի և կալցիումի անբավարարությունը կարող են մեծացնել ոսկորների սթրեսային կոտրվածքների հավանականությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024