Թրոմբոցիտոպենիան նշանակում է, որ ձեր շրջանառող արյան մեջ արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) քանակը նվազել է 1 միկրոլիտրում 150 հազարից ավելի պակաս:
Յուրաքանչյուր արյան թիթեղիկ ապրում է միայն մոտ 10 օր, ուստի ձեր օրգանիզմը շարունակաբար թարմացնում է դրանք՝ ոսկրածուծում արտադրելով նոր արյան թիթեղիկներ:
Հազվադեպ թրոմբոցիտոպենիան ժառանգական է (առաջնային թրոմբոցիտոպենիա), իսկ այլ դեպքերում այս վիճակը կարող է զարգանալ բազմաթիվ դեղամիջոցների կամ հիվանդությունների պատճառով (երկրորդային թրոմբոցիտոպենիա): Պատճառից անկախ, շրջանառող արյան թիթեղիկների քանակը կարող է նվազել այս գործընթացներից մեկի կամ մի քանիսի հետևանքով՝
- փայծաղի կողմից արյան թիթեղիկների պահում (սեկվեստրացիա)
- արյան թիթեղիկների արտադրության ընկճում
- արյան թիթեղիկների քայքայման արագացում:
Արյան թիթեղիկների սեկվեստրացիա
Փայծաղը ձեր բռունցքի չափ փոքր օրգան է, որը գտնվում է ձեր որովայնի ձախ կողմում՝ անմիջապես կողաղեղի տակ: Նորմայում, փայծաղը պայքարում է վարակների դեմ և արյունից զտում է ոչ ցանկալի նյութերը: Տարբեր պատճառներով մեծացած փայծաղը (սպլենոմեգալիա) կարող է պահել և արյան շրջանառությունից դուրս թողնել չափից դուրս շատ արյան թիթեղիկներ, որի հետևանքով շրջանառող արյան մեջ այս բջիջների քանակը նվազում է:
Արյան թիթեղիկների նվազած արտադրություն
Արյան թիթեղիկներն արտադրվում են ձեր ոսկրածուծում: Այս բջիջների արտադրությունը կարող է կրճատվել տարբեր պատճառներով, այդ թվում՝
- լեյկոզ կամ այլ քաղցկեղներ
- սակավարյունության (անեմիայի) որոշ տեսակներ
- վիրուսային վարակներ, ինչպիսիք են հեպատիտ C-ն կամ ՄԻԱՎ-ը
- քիմիոթերապիայի դեղամիջոցներ և ճառագայթային թերապիա
- ալկոհոլի մեծ քանակների օգտագործում:
Արյան թիթեղիկների ուժեղացած քայքայում
Որոշ հիվանդություններ և վիճակներ կարող են արագացնել արյան թիթեղիկների քայքայումը, որի պատճառով շրջանառող արյան մեջ դրանց քանակը նվազում է: Նման պատճառներից առավել կարևորները ներկայացված են ստորև:
- Հղիություն․ հղիությամբ պատճառված թրոմբոցիտոպենիան սովորաբար թեթև է և ծննդաբերությունից շատ չանցած ինքնուրույն բարելավվում է:
- Իմունային թրոմբոցիտոպենիա․ աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են գայլախտը և ռևմատոիդ արթրիտը, կարող են առաջացնել այս տեսակը: Օրգանիզմի իմունային համակարգը սխալմամբ գրոհում և քայքայում է արյան թիթեղիկները: Եթե այս խանգարման ճշգրիտ պատճառը հայտնի չէ, կոչվում է իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, որն ավելի հաճախ զարգանում է երեխաների մոտ:
- Արյան մեջ բակտերիա․ ծանր բակտերիալ վարակները, որոնք ներառում են արյունը (բակտերեմիա), կարող են քայքայել արյան թիթեղիկները:
- Թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա․ այս հազվադեպ հանդիպող վիճակը զարգանում է, երբ ձեր օրգանիզմում հանկարծակի ձևավորվում են փոքր արյան մակարդուկներ (միկրոթրոմբներ)՝ սպառելով արյան թիթեղիկների մեծ քանակներ:
- Հեմոլիտիկ ուրեմիկ համախատանիշ․ սա հազվադեպ հանդիպող խանգարում է, որն առաջացնում է արյան թիթեղիկների կտրուկ քչացում, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քայքայում և երիկամային գործունեության խանգարում:
- Դեղամիջոցներ․ որոշակի դեամիջոցներ կարող են նվազեցնել ձեր արյան մեջ թիթեղիկների քանակը: Երբեմն դեղամիջոցը խաթարում է իմունային համակարգը, որը սկսում է քայքայել արյան թիթեղիկները: Օրինակներից են՝ Հեպարին, Խինին, սուլֆա-պարունակող հակաբիոտիկներ և հակացնցումային դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024