Տոքսիկ հեպատիտ նաև կարող է զարգանալ, երբ ընդունեք մեծ քանակով դեղատոմսով դուրս գրվող կամ ազատ վաճառվող դեղամիջոց:
Նորմայում լյարդը քայքայում և արյան հունից հեռացնում է դեղամիջոցների և քիմիական նյութերի մեծ մասը: Թույների քայքայմամբ առաջանում են միջանկյալ արգասիքներ, որոնք վնասում են լյարդը: Լյարդն ունի վերականգնման հզոր ունակություն, սակայն թունավոր նյութերի մշտական ազդեցությունը կարող է բերել լյարդային հյուսվածքի ծանր, երբեմն՝ անդառնալի ախտահարման:
Տոքսիկ հեպատիտի առաջացման ամենահանրահայտ պատճառները ներակայցվում են ստորև:
Ալկոհոլ. երկար տարիների ընթացքում ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը և քրոնիկ ալկոհոլիզմը կարող են բերել ալկոհոլային հեպատիտի՝ ալկոհոլի պատճառով լյարդի բորբոքման: Ալկոհոլային հեպատիտն իր հերթին կարող է բարդանալ լյարդային անբավարարությամբ:
Դեղատոմս չպահանջող ցավազրկողներ. ազատ վաճառվող ցավազրկող դեղամիջոցները կարող են վնասել լյարդը, հատկապես, եթե օգտագործվում են հաճախակի կամ զուգակցվում ալկոհոլի հետ: Օրինակներից են՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Ասպիրին, Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն (Ալեվե և այլն): Լյարդի վրա ազդող դեղամիջոցները բազմաթիվ են և չեն սահմանափակվում բերված օրինակներով:
Դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցներ. լյարդի լուրջ վնասման հետ կապված դեղամիջոցների օրինակներից են՝ բարձր խոլեսթերինի բուժման մեջ նշանակվող ստատիններ, Ամոքսիցիլինի և Կլավուլանտեի համակցում (Աուգմենտին), Ֆենիտոին (Դիլանտին, Ֆենիտեկ), Ազաթիրոպրին (Ազասան, Իմուրան), Նիացին (Նիասպան), Կետոկոնազոլ, որոշ հակավիրուսային դեղամիջոցներ և անաբոլիկ ստերոիդներ և այլն: Լյարդի վրա ազդող դեղամիջոցները բազմաթիվ են:
Բույսեր և հավելումներ. որոշ բույսեր համարվում են լյարդի համար վտանգավոր, օրինակ՝ ալոէ, սև կոհոշ, կասկարա, չապարալ, կավա, էֆեդրա և այլն: Երեխաների լյարդը կարող է վնասվել, եթե շփոթմամբ կոնֆետի փոխարեն կուլ տան մեծ քանակով վիտամինային հավելումներ:
Արտադրական քիմիական նյութեր. աշխատավայրում առկա քիմիական նյութերը կարող են առաջացնել լյարդի վնասում: Արտադրական թույների օրինակներից են՝ չոր մաքրման լուծիչ համարվող ածխածնի տետրաքլորիդ, պլաստիկի արտադրության մեջ կիրառվող վինիլ քլորիդ, հերբիցիդներ, պոլիքլորինացված բիֆենիլներ և այլն:
Ռիսկի գործոններ
Որոշ ցավազրկող կամ այլ դեղամիջոցների ընդունում. որևէ դեղամիջոցի, հատկապես մի քանի դեղամիջոցների կամ դրանց բարձր դեղաչափերի ընդունումը բարձրանում է տոքսիկ հեպատիտի ռիսկը:
Լյարդային հիվանդության առկայություն. ծանր լյարդային խանգարման առկայությունը լյարդը դարձնում է թունավոր նյութերի նկատմամբ ավելի «խոցելի» (օրինակ՝ լյարդի ցիռոզ կամ ոչ ալկոհոլային ճարպային լյարդ) :
Հեպատիտի առկայություն. հեպատիտի վիրուսով քրոնիկ վարակը լյարդը դարձնում է ավելի «խոցելի» (հեպատիտ B, հեպատիտ C կամ խիստ հազվադեպ հանդիպող հեպատիտի այլ վիրուսներ) :
Տարիք. տարիքին զուգահեռ լյարդը սկսում է վնասակար նյութերը քայքայել ավելի դանդաղորեն: Սա նշանակում է, որ թույները և դրանց քայքայման միջանկյալ արգասիքներն օրգանիզմում մնում են ավելի երկար:
Ալկոհոլի օգտագործում. դեղամիջոցներ կամ որոշ բուսական հավելումներ ընդունելու ընթացքում ալկոհոլի օգտագործումը բվարձրացնում է լյարդի վրա թունավոր ազդեցության ռիսկը:
Իգական սեռ. որոշ թույների նյութափոխանակությունը կանանց օրգանիզմում ընթանում է ավելի դանդաղորեն, քան տղամարդկանց մոտ: Սա նշանակում է, որ կանայք ավելի երկար ժամանակի ընթացում են ենթարկվում արյան մեջ վնասակար նյութերի բարձր խտության ազդեցությանը, քան տղամարդիկ, որն էլ բարձրացնում է տոքսիկ հեպատիտի ռիսկը:
Գենետիկ մուտացիա. լյարդային ֆերմենտների արտադրության և ազդեցության վրա ազդող որոշ գենետիկ մուտացիաների ժառանգումը կարող է բարձրացնել տոքսիկ հեպատիտի նկատմամբ «խոցելիությունը»:
Արտադրական թույների հետ շփում. որոշ արտադրական թույների հետ մշտական աշխատանքը բարձրացնում է տոքսիկ հեպատիտի ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։