Վիտամին-դեֆիցիտային անեմիա. պատճառներ
25-05-2021
3 րոպե

Վիտամին-դեֆիցիտային անեմիան զարգանում է, երբ առկա է բավարար քանակով առողջ արյան կարմիր բջիջների ստեղծման համար անհրաժեշտ վիտամինների անբավարարություն:
Արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) թոքերից թթվածինը տեղափոխում են դեպի օրգանիզմի մյուս բոլոր հյուսվածքներ և բջիջներ:
Եթե սննդակարգում մշտապես քիչ են որոշ վիտամինները, կարող է զարգանալ վիտամին-դեֆիցիտային անեմիա: Այլ դեպքերում անեմիայի պատճառ կարող է հանդիսանալ աղիներում վիտամինների ներծծման խանգարումը:
Ֆոլատ-դեֆիցիտային անեմիա
Ֆոլատը, որը նաև հայտնի է որպես վիտամին B9, գլխավորապես մրգերում և կանաչատերև բանջարեղեններում հայտնաբերվող սննդանյութ է: Այս սննդամթերքներից աղքատ մշտական սննդակարգը կարող է բերել ֆոլատի դեֆիցիտի:
Օրգանիզմում ֆոլատի անբավարարություն նաև կարող է զարգանալ, եթե մարսողական համակարգը չի կարողանում ներծծել սննդում առկա ֆոլատը: Սննդանյութերի մեծ մասը ներծծվում է բարակ աղիում: Ֆոլատի կամ դրա սինթետիկ ձևի՝ սննդամթերքներում և հավելումներում ավելացվող ֆոլաթթվի ներծծումը կարող է խանգարվել, եթե՝
- ունեք բարակ աղու որևէ հիվանդություն, օրինակ՝ ցիլիակայի հիվանդություն
- բարակ աղու մեծ մասը վիրահատությամբ հեռացվել է կամ շունտավորվել է
- չարաշահում եք ալկոհոլ
- ընդունում եք որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ որոշ հակացնցումայիններ:
Հղի կանայք և կրծքով կերակրող մայրերն ունեն ֆոլատի բարձրացած պահանջարկ: Նույնը վերաբերվում է երիկամային հիվանդության կապակցությամբ դիալիզ ստացող մարդկանց: Ֆոլատի բարձրացած պահանջարկը չլրացնելը կարող է բերել դեֆիցիտի:
Վիտամին B12 դեֆիցիտային անեմիա
Վիտամին B12-ի դեֆիցիտ կարող է առաջանալ այս վիտամինով աղքատ մշտական սննդակարգի պատճառով: Վիտամին B12 հայտնաբերվում է գլխավորապես մսում, ձվում և կաթում:
Այնուամենայնիվ, վիտամին B12 դեֆիցիտային անեմիայի ամենատարածված պատճառը «ներքին (ինտրիստիկ) գործոն» կամ «Կասլիի ներքին գործոն» կոչվող նյութի պակասն է: Ներքին գործոնի դեֆիցիտն առաջանում է, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում է ստամոքսի այն բջիջները, որոնք արտադրում են այս նյութը: Անեմիայի այս տեսակը կոչվում է պերնիցիոզ (չարորակ) անեմիա:
Կասլիի ներքին գործոնը սպիտակուց է, որը ստամոքսում միանում է վիտամին B12-ին և տեղափոխում վերջինս դեպի բարակ աղի, որտեղ էլ վիտամինը ներծծվում է արյան հուն: Առանց այս գործոնի, վիտամին B12-ը չի կարող ներծծվել և անփոփոխ հեռանում է օրգանիզմից:
Ներզատական բնույթի աուտոիմուն խանգարումներով մարդիկ կարող են ունենալ պերնիցիոզ անեմիայի զարգացման բարձրացած ռիսկ (օրինակ՝ դիաբետ կամ վահանաձև գեղձի հիվանդություն) :
Վիտամին B12-դեֆիցիտային անեմիա նաև կարող է զարգանալ, երբ բարակ աղին չի կարող ներծծել վիտամին B12-ը ներքին գործոնից բացի այլ պատճառներով, օրինակ՝
- ստամոքսի կամ բարակ աղու վիրահատություններ
- բարակ աղում ոչ նորմալ բակտերիաների աճ
- որևէ աղիքային հիվանդություն, օրինակ՝ Կրոնի հիվանդություն կամ ցելիակայի հիվանդություն, որը խաթարում է վիտամինի ներծծումը
- աղիների մակաբուծային հիվանդություններ, երբ մակաբույծները սնվում են դեռևս չներծծված սննդանյութերի հաշվին:
Վիտամին C դեֆիցիտային անեմիա
Վիտամին C-ի դեֆիցիտ կարող է զարգանալ, եթե սննդով չեք ստանում վիտամինի բավարար քանակներ: Վիտամին C-ի դեֆիցիտ նաև հնարավոր է այն դեպքերում, երբ խանգարվում է աղիներից ներծծումը (օրինակ՝ ծխախոտի օգտագործման պատճառով):
Քրոնիկ հիվանդությունները, օրինակ՝ քաղցկեղը կամ քրոնիկ երիկամային հիվանդությունը նույնպես բարձրացնում են վիտամին C դեֆիցիտային անեմիայի ռիսկը, քանի որ ազդում են վիտամինի ներծծման վրա:
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ կարող են ազդել օրգանիզմի վիտամինային պաշարների վրա: Ընդհանուր առմամբ վիտամինային անբավարարության ռիսկը բարձրանում է հետևյալ դեպքերում:
- Սննդակարգում բնական վիտամիններ պարունակող սննդային աղբյուրների պակաս. բնական վիտամինների աղբյուրներից են՝ միս, կաթնամթերք, մրգեր և բանջարեղեններ: Բուսակերները, ովքեր չեն օգտագործում կաթնամթերքներ և վեգանները (հումակերներ), ովքեր չեն օգտագործում որևէ կենդանական սննդամթերք, կարող են դասվել այս խմբին: Սննդամթերքների գերեփումը նույնպես կարող է քայքայում է մթերքներում առկա վիտամինները և բերում դրանց դեֆիցիտի:
- Հղիություն. եթե հղի եք և չեք ընդունում մուլտիվիտամիններ, բարձրանում է անեմիայի ռիսկը: Հղիության ընթացքում առանձնահատուկ կարևոր են ֆոլաթթվի հավելումները:
- Աղիների հետ կապված կամ այլ առողջական խնդիրներ. որոշ հիվանդություններ խանգարում են վիտամինների ներծծումը: Ստամոքսում ոչ նորմալ բակտերիալ աճը կամ աղիքային վիրահատությունները կարող են ազդել վիտամին B12-ի ներծծման վրա:
- Ալկոհոլի չարաշահում. ալկոհոլն ազդում է ֆոլատի և վիտամին C-ի, ինչպես նաև այլ վիտամինների ներծծման վրա:
- Վիտամինների ներծծումն արգելափակող դեղամիջոցների ընդունում. նման ազդեցությամբ դեղամիջոցների օրինակներից են՝ հակացնցումայիններ (ֆոլատի ներծծման արգելակում), անտացիդներ և 2-րդ տիպի դիաբետի որոշ դեղամիջոցներ (վիտամին B12-ի ներծծման արգելակում):
Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021