Հաճախ գունազրկված բծերը հայտվում են մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը և ավելի նկատելի են թուխ մաշկով մարդկանց մոտ:
Վիտիլիգոյի ախտանիշները ներառում են հետևյալը:
- Մաշկի գույնի բծավոր կորուստ, որը սովորաբար առաջին անգամ հայտնվում է ձեռքերի, դեմքի և մարմնի բացվածքների և սեռական օրգանների շուրջ գտնվող տարածքներում:
- Գլխամաշկի, թարթիչների, հոնքերի կամ մորուքի մազերի վաղաժամ գունաթափում կամ սպիտակեցում:
- Բերանի և քթի ներսի հատվածում գտնվող հյուսվածքների (լորձաթաղանթների) գույնի կորուստ (լորձաթաղանթի վիտիլիգո):
Վիտիլիգոն կարող է սկսվել ցանկացած տարիքում, թեև սովորաբար ի հայտ է գալիս մինչև 30 տարեկանը:
Կախված տեսակից, վիտիլիգոն կարող է ազդել մարմնի հետևյալ շրջանների վրա:
- Մաշկի գրեթե բոլոր մակերեսները. այս տեսակի դեպքում, որը կոչվում է համընդհանուր (ունիվերսալ) վիտիլիգո, գունաթափումն ազդում է գրեթե ողջ մարմնի մաշկի վրա:
- Մարմնի բազմաթիվ շրջաններ. այս ամենատարածված տիպի դեպքում, որը կոչվում է համակարգային (գեներալիզացված) վիտիլիգո, գունաթափված բծերը հաճախ նույն կերպ զարգանում են մարմնի սիմետրիկ շրջաններում:
- Մարմնի միայն մի կողմը կամ մի մասը. այս տեսակը, որը կոչվում է հատվածային (սեգմենտային) վիտիլիգո, հակված է առաջանալ ավելի երիտասարդ տարիքում, զարգանում է մեկ կամ երկու տարի, հետո՝ դադարում:
- Մարմնի մեկ կամ ընդամենը մի քանի շրջան. այս տեսակը, որը կոչվում է օջախային (ֆոկալ) վիտիլիգո, դրսևորվում է նույն շրջանում մեկ կամ մի քանի ցրված բծերով և հաճախ հանդիպում է երեխաների մոտ:
- Դեմք և ձեռքեր. այս տեսակի դեպքում, որը կոչվում է ակրոֆացիալ վիտիլիգո, ախտահարվում է դեմքի և ձեռքերի (դաստակների) մաշկը, ինչպես նաև մարմնի բացվածքների շուրջը, ինչպիսիք են աչքերը, քիթն ու ականջները:
Գունազրկված բծերը սովորաբար ունեն հստակ եզրեր:
Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա այս հիվանդությունը: Երբեմն առանց բուժման բծերը դադարում են ձևավորվել: Դեպքերի մեծ մասում, այնուամենայնիվ, գունանյութի (պիգմենտի) կորուստը տարածվում է և ի վերջո ընդգրկում մաշկի մեծ մասը: Երբեմն մաշկի գույնը վերականգնվում է:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր մաշկի, մազերի կամ լորձաթաղանթների շրջանները կորցնում են գույնը: Վիտիլիգոն վերջնական բուժում չունի, սակայն բուժումները կարող են դադարեցնել կամ դանդաղեցնել գունաթափման գործընթացը և որոշ չափով վերականգնել ձեր մաշկի գույնը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024