Առողջական խնդիրներ

Վիտիլիգո

Վիտիլիգո

Time Read 4 րոպե

Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որն ընթանում է մաշկի գունազրկմամբ և նոր՝ գունատ կամ սպիտակավուն երանգավորմամբ:

Այս վիճակը հանդիպում է յուրաքանչյուր 100 մարդուց 1-2-ի մոտ:

Ինչպես մաշկի բազմաթիվ հիվանդություններ, վիտիլիգոն նույնպես ունի երկարատև ընթացք կամ կարող է պահպանվել մարդու ողջ կյանքի ընթացքում: Վիտիլիգոյով որոշ անձինք հեշտ հարմարվում են նման վիճակին, թեև կան նաև մարդիկ, ովքեր ծանր են տանում մաշկի արտաքին տեսքի վերոնշյալ փոփոխությունը կամ ենթարկվում խարանի (ստիգմա) ու մեկուսացման, թեև հիվանդությունն ինքնին վարակիչ չէ:

Բոլոր դեպքերում, վիտիլիգոն առողջական որևէ այլ ուղեկցող խնդիր չի պատճառում և չի ազդում մարդկանց կենսունակության կամ աշխատունակության վրա:

Ի՞նչ է վիտիլիգոն

Կա վիտիլիգոյի 2 տեսակ:

  • Համընդհանուր կամ ոչ սեգմենտացված վիտիլիգոն սկսվում է որպես առանձնացված գունատ կամ սպիտակավուն բծեր, որոնց թիվը ժամանակի ընթացքում աճում է: Վիտիլիգոյի այս տեսակը կարող է զարգանալ ցանկացած տարիքում:
  • Հատվածային (սեգմենտային) վիտիլիգոն ի հայտ է գալիս մաշկի միայն մեկ շրջանում, ավելի հաճախ՝ դաստակներին: Այն չի տարածվում, հանդիպում է ավելի հազվադեպ և սովորաբար ի հայտ է գալիս մինչև 20 տարեկանը և զարգանում է մինչև 40 տարեկանը:

Համընդհանուր կամ ոչ սեգմենտացված վիտիլիգոյի տեսակներն են՝

  • համակարգային վիտիլիգո՝ ավելի տարածական բծեր, լայնարձակ և գունազրկված հատվածների պատահական բաշխում
  • համընդհանուր վիտիլիգո՝ գունազրկումն ընդգրկում է մարմնի հիմնական մասը
  • օջախային վիտիլիգո՝ միևնույն շրջանում մեկ կամ մի քանի ցրված բծեր, որը հաճախ հանդիպում է երեխաների մոտ
  • ակրոֆացիալ վիտիլիգո՝ ախտահարվում են մատները և ծայրամասային շրջանները
  • լորձաթաղանթի վիտիլիգո՝ միայն լորձաթաղանթների գունազրկում:

Վիտիլիգոյի պատճառը դեռևս մնում է անհայտ, սակայն կարծիք կա, որ մաշկի գունազրկումն ունի աուտոիմուն հիմք: Վիտիլիգոյով 10 անձից 1-ի ընտանիքում կա նույն հիվանդությամբ անձ:

Վիտիլիգոյի ախտանիշները

Սովորաբար մաշկի սպիտակավուն երանգավորված շրջանները սիմետրիկ են և առաջանում են մարմնի երկու կողմերում: Մաշկը կարող է գունազրկվել կոնկրետ մեկ մասնավոր շրջանում, օրինակ՝ թևատակերում (անութափոսեր) կամ ժամանակի ընթացքում ընդլայնվել: Հաճախ գունազրկված բծերը հայտվում են մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը և ավելի նկատելի են թուխ մաշկով մարդկանց մոտ:

Գունազրկված «օջախները» սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր: Վիտիլիգոյի շրջանի մազերը նույնպես գունազրկվում և սպիտակում են:

Դեպքերի մեծ մասի ժամանակ վիտիլիգոյին ուղեկցող որևէ այլ առողջական խնդիր չի հայտնաբերվում: Սակայն որոշ դեպքերում վիտիլիգոյով հիվանդների մոտ կարող է հայտնաբերվել նաև Գրեյվսի հիվանդություն (գերակտիվ թիրեոիդ) կամ Հաշիմոտոյի թիեոիդիտ (թերակտիվ թիրեոիդ):

Վիտիլիգոյի ախտորոշումը

Վիտիլիգոյի ախտորոշումը փորձառու մաշկաբանի կողմից որևէ դժվարություն չի առաջացնում: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է ձեզ լիարժեք զննել և նշանակել որոշ հետազոտություններ այլ, այդ թվում՝ աուտոիմուն հիվանդությունների առկայությունը բացառելու համար:

Վիտիլիգոյի բուժումը

Եթե վիտիլիգոյի առկայությունը չի հանգեցնում ֆիզիկական անհարմարավետության (դիսկոմֆորտ) կամ այլ բարդությունների, ապա բուժման կարքի չի առաջանում: Հակառակ պարագայում կարող են առաջարկվել բուժման հետևյալ երեք մոտեցումներից մեկնումեկը:

  1. Կոսմետիկ և այլ միջոցներով մաշկի գունազրկված շրջանների քողարկում-ծածկում (շպար և այլն):
  2. Ոչ վիրահատական, վիրահատական կամ լազերային բուժման միջոցով մաշկի գունազրկված շրջանների վերագունավորում (ռեպիգմենտացիա): Վիտիլիգոյի բուժման համար որևէ հայտնի դեղ գոյություն չունի: Վիտիլիգոյի ոչ վիրահատական բուժման մեթոդներից է կորտիկոստերոիդային նրբաքսուքների (կրեմ) և լուսաբուժման (ուլտրամանուշակագույն ճառագայթում) զուգակցումը, որը կարող է օգնել մաշկի գունազրկված շրջանում նոր գունաբջիջների (պիգմենտային բջիջներ) առաջացման և աճի խթանմանը: Վիրաբուժական բուժումը ներառում է նորմալ մաշկի շրջաններից դեպի գունազրկված շրջաններ մելանոցիտների («մաշկային լաթեր») փոխպատվաստումը: Ընդունված է, որ վիտիլիգոյի վիրահատական բուժմանը կարելի է դիմել, եթե ոչ վիրահատական մեթոդները որևէ լուրջ արդյունք չեն տալիս:
  3. Գունազրկում (դեպիգմենտացիա), որի էությունը մաշկի չախտահարված շրջանների գունազրկումն է, որի շնորհիվ գունազրկված շրջանները դառնում են քիչ աչքի ընկնող, իսկ ընդհանուր մաշկը ստանում ավելի միանման ներդաշնակ տեսք:

Բաց մաշկի երանգ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում արևապաշտպանիչ և կոսմետիկ միջոցներ կիրառել: Քննարկեք ձեր բժշկի և մաշկաբանի հետ վերոնշյալ մեթոդները, եթե վիտիլիգոյի առկայությունը խիստ անհանգստացնում է ձեզ:

Ինքնօգնություն

Եթե ունեք վիտիլիգո, այս խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ հոգ տանեք ձեր մաշկի մասին և բարելավեք դրա տեսքը:

  • Պաշտպանեք ձեր մաշկը արևից և ուլտրամանուշակագույն լույսի արհեստական աղբյուրներից. оգտագործեք լայն սպեկտրի, ջրադիմացկուն արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով: Կիրառեք արևապաշտպան քսուքն ավելի մեծ քանակներով և յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնած եք: Կարող եք նաև խուսափել արևից՝ մնալով ստվերով վայրերում և հագնելով այնպիսի հագուստ, որը պաշտպանում է ձեր մաշկը արևից: Խուսափեք սոլյարիից և այպես կոչված արևային լամպերից: Ձեր մաշկն արևից պաշտպանելը օգնում է կանխելու գունաթափված մաշկի արևայրուքը: Արևապաշտպան քսուքը նաև նվազեցնում է արևայրուքը, որն ընդգծում է վիտիլիգոյի բծերը:
  • Թաքցրեք ախտահարված մաշկը. դիմահարդարման և այլ միջոցները կարող են օգնել, որ նվազագույնի հասցնեք ձեր մաշկի գույնի տարբերությունները: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձել մի քանի ապրանքանիշի դիմահարդարում կամ ինքնահարդարման միջոցներ՝ գտնելու այն տեսակը, որը լավ համադրվում է ձեր նորմալ մաշկի երանգին: Ընտրեք այնպիսի միջոց, որը պարունակում է դիհիդրօքսիացետոն, որը հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից (FDA):
  • Խուսափեք դաջված անելուց (տատու). ձեր մաշկին հասցված վնասը, որը կարող է հասցվել նաև դաջվածքի պատճառով, կարող է երկու շաբաթվա ընթացքում առաջացնել վիտիլիգոյի նոր շերտ:

Այլընտրանքային բժշկություն

Սահմանափակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գինկգո բիլոբա խոտը կարող է վերադարձնել մաշկի գույնը վիտիլիգո ունեցող մարդկանց մոտ: Այլ փոքր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալֆա-լիպոյաթթուն, ֆոլաթթուն, վիտամին C-ն և վիտամին B12-ը լուսային բուժման հետ միասին կարող են վերականգնել որոշ մարդկանց մաշկի գույնը:

Ինչպես ցանկացած բուժման դեպքում, նախքան այլընտրանքային բժշկության բուժում փորձելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որ համոզվեք, որ դրանք չեն խանգարի ձեր այլ բուժումներին:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2020 վերանայվել է՝ 23-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: