Բուժման մեթոդի ընտրությունը կախված է ձեր տարիքից, մաշկի գունազրկման աստիճանից և տեղակայումից, ինչպես նաև հիվանդության զարգացման արագությունից և նրանից, թե ինչպես է այն ազդում ձեր կյանքի վրա:
Դեղորայքը և լույսի վրա հիմնված թերապիաները կարող են օգնել վերականգնելու մաշկի գույնը կամ համաչափեցնելու մաշկի երանգը, թեև արդյունքները տարբեր են և անկանխատեսելի: Որոշ բուժումներ ունեն լուրջ կողմնակի ազդեցություններ: Այսպիսով, ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ նախ փորձեք փոխել ձեր մաշկի տեսքը՝ կիրառելով դիմահարդարում կամ գունաթափված մաշկը մգացնող այլ սովորական մեթոդներ:
Եթե դուք և ձեր բժիշկը որոշեք բուժել ձեր վիճակը դեղորայքով, վիրահատությամբ կամ թերապիայով, գործընթացը կարող է տևել շատ ամիսներ, մինչև կարողանաք գնահատել արդյունավետությունը: Եվ դուք, հնարավոր է, ստիպված լինեք փորձել մեկից ավելի մոտեցումներ կամ մի քանի մեթոդների զուգակցում՝ նախքան ձեզ համար լավագույն բուժումը գտնելը:
Նույնիսկ եթե բուժումը որոշ ժամանակով հաջող է, արդյունքները կարող են տևական չլինել կամ կարող են հայտնվել նոր բծեր: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոց, որը կիրառվում է մաշկի վրա՝ որպես պահպանողական թերապիա, որը կօգնի կանխել ախտադարձը (ռեցիդիվը):
Դեղորայքային բուժում
Ոչ մի դեղամիջոց չի կարող կանգնեցնել վիտիլիգոյի առաջընթացը` պիգմենտային բջիջների (մելանոցիտների) կորուստը: Սակայն որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են առանձին, զուգակցված կամ լուսային թերապիայի հետ, կարող են օգնել, որ ձեր ախտահարված մաշկը որոշ չափով վերականգնի նախկին երանգը:
- Դեղամիջոցներ, որոնք վերահսկում են բորբոքումը. ախտահարված մաշկին կորտիկոստերոիդային նրբաքսուք (կրեմ) քսելը կարող է վերադարձնել գույնը: Սա առավել արդյունավետ է, երբ վիտիլիգոն դեռ վաղ փուլերում է: Նրբաքսուքի այս տեսակն արդյունավետ է և հեշտ օգտագործման համար, սակայն մի քանի ամիս կարող եք չտեսնել մաշկի գույնի փոփոխություններ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են մաշկի բարակումը կամ մաշկի վրա շերտերի կամ գծերի տեսքը: Դեղամիջոցի ավելի թույլ ձևերը կարող են նշանակվել երեխաների և այն մարդկանց համար, ովքեր ունեն գունաթափված մաշկի մեծ տարածքներ: Կորտիկոստերոիդային հաբերը կամ ներարկումները կարող են տարբերակ լինել այն մարդկանց համար, ում վիճակն արագորեն վատթարանում է:
- Դեղամիջոցներ, որոնք ազդում են իմունային համակարգի վրա. Կալցինեուրինի արգելակիչի քսուքները, ինչպիսիք են Տակրոլիմուսը (Պրոտոպիկ) կամ Պիմեկրոլիմուսը (Էլիդել), կարող են արդյունավետ լինել փոքր դեպիգմենտացիա ունեցող մարդկանց համար, հատկապես դեմքի և պարանոցի վրա: ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) նախազգուշացրել է այս դեղամիջոցների և լիմֆոմայի և մաշկի քաղցկեղի միջև հնարավոր կապի մասին:
Թերապիաներ
- Լուսային թերապիա (ֆոտոթերապա). ցույց է տրվել, որ նեղ փնջով ուլտրամանուշակագույն B (UVB) ֆոտոթերապիան դադարեցնում կամ դանդաղեցնում է ակտիվ վիտիլիգոյի զարգացումը: Այն կարող է ավելի արդյունավետ լինել, երբ օգտագործվում է կորտիկոստերոիդների կամ կալցինեուրինի արգելակիչների հետ: Դուք կունենաք շաբաթական երկու-երեք անգամ թերապիայի կարիք: Կարող է տևել 1-ից 3 ամիս, մինչև դուք նկատեք որևէ փոփոխություն, և կարող է տևել 6 ամիս կամ ավելի երկար՝ ամբողջական ազդեցություն ստանալու համար: Հաշվի առնելով FDA-ի նախազգուշացումը կալցինեուրինի ինհիբիտորների օգտագործման դեպքում մաշկի քաղցկեղի հնարավոր ռիսկի վերաբերյալ, խոսեք ձեր բժշկի հետ ֆոտոթերապիայի հետ այս դեղերի օգտագործման ռիսկերի և օգուտների մասին: Այն մարդկանց համար, ովքեր չեն կարող գնալ կլինիկա բուժման համար, տնային օգտագործման համար հասանելի են ավելի փոքր շարժական կամ ձեռքի սարքեր նեղ շերտով UVB թերապիայի համար: Անհրաժեշտության դեպքում խոսեք նաև ձեր բժշկի հետ այս տարբերակի մասին: Նեղ շերտով UVB թերապիայի հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են կարմրություն, քոր և այրվածք: Այս կողմնակի ազդեցությունները սովորաբար անհետանում են բուժումից հետո մի քանի ժամվա ընթացքում:
- Պսորալենի և լուսային թերապիայի զուգակցում. այս բուժումը համատեղում է բույսերից ստացված պսորալեն կոչվող նյութը լուսային թերապիայի հետ (ֆոտոքիմիաթերապիա)՝ գունազրկված մաշկի գույնը վերադարձնելու համար: Պսորալենը բերանով ընդունելուց կամ ախտահարված մաշկին քսելուց հետո դուք ենթարկվում եք ուլտրամանուշակագույն A (UVA) ճառագայթման: Այս մոտեցումը, թեև արդյունավետ է, ավելի դժվար է կառավարել և բազմաթիվ կլինիկաներում փոխարինվել է նեղ շերտով UVB թերապիայով:
- Մնացած գույնի հեռացում (դեպիգմենտացիա). այս թերապիան կարող է տարբերակ լինել, եթե ձեր վիտիլիգոն տարածված է, և այլ բուժումները ցանկալի արդյունք չեն տվել: Մաշկի չվնասված հատվածներին կիրառվում է գունաթափող միջոց: Սա աստիճանաբար գունազրկում է մաշկը, որ այն միախառնվի գունաթափված տարածքների հետ: Թերապիան կատարվում է օրական մեկ կամ երկու անգամ՝ ինը ամիս կամ ավելի երկար: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել կարմրություն, այտուց, քոր և շատ չոր մաշկ: Դեպիգմենտացիան մշտական է:
Վիրհատական միջամտություններ
Եթե լուսային թերապիան և դեղամիջոցները չեն օգնում, կայուն հիվանդությամբ որոշ մարդիկ կարող են վիրահատության թեկնածու լինել: Բժիշկը կարող է ձեզ առաջարկել հետևյալ մեթոդներից մեկնումեկը՝
- մաշկի փոխպատվաստում
- բլիստերի պատվաստում
- բջջային սուսպենզիայի պատվաստում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024