Ինքնօգնության պարզ քայլերը կարող են օգնել ձեզ կառավարելու վուլվոդինիայի ախտանիշները։
Ահա աշխատանքի վայրի համար որոշ խորհուրդներ։
- Նստելը դարձրեք ավելի հարմարավետ․ եթե օրվա ընթացքում շատ եք նստում, օգտագործեք ռելիեֆային փքուն բարձիկ:
- Փորձեք ավելի հաճախակի կանգնել․ սա հանում է ձեր ամոթույքը (վուլվա) շրջապատող հյուսվածքի վրա ճնշումը:
Ահա վարժանքների հետ կապված որոշ խորհուրդներ:
- Սահմանափակեք բարձր ինտենսիվության վարժանքները, ինչպիսին է վազքը․ դրանք առաջացնում են շփում, որը կարող է գրգռել և բորբոքել ամոթույքը:
- Վարժանքից հետո օգտագործեք սառեցնող միջոց․ բարակ սրբիչով փաթաթված սառեցնող գելային պարկը դրեք ձեր ամոթույքի վրա մինչև 15 րոպե՝ առկա ախտանիշը թեթևացնելու համար:
- Սահմանափակեք ձեր ամոթույքի վրա ճնշում առաջացնող գործողությունները կամ զբաղմունքները, ինչպիսիք են հեծանվավարումը կամ ձիավարությունը:
Ահա լոգանքի և լողի հետ կապված որոշ խորհուրդներ:
- Լվացեք նրբորեն․ բորբոքված կամ ցավոտ տարածքը տրորելը կամ շատ հաճախ լվանալը կարող են ավելի վատթարացնել գրգռվածությունը կամ բորբոքումը: Փոխարենը, օգտագործեք մաքուր գոլ կամ սառը ջուր, որ նրբորեն ձեռքով մաքրեք ձեր ամոթույքը: Այնուհետև նրբորեն և լիարժեքորեն չորացրեք նույն տարածքը: Լողանալուց հետո օգտագործեք առանց կոնսերվանտների փափկացնող միջոց, օրինակ՝ սովորական նավթային ժելե (վազելին), որը ստեղծում է պաշտպանիչ պատնեշ:
- Հեռու մնացեք այնպիսի արտադրանքներից, որոնք կարող են գրգռել ձեր ամոթույքը․ մի՛ օգտագործեք պղպջակային լոգանք, բուրումնավետ կանացի հիգիենայի միջոցներ, բուրումնավետ նրբաքսուքներ կամ օճառներ:
- Նստած լոգանքներ․ օրական երկու-երեք անգամ 5-10 րոպեով նստեք գոլ կամ սառը ջրի մեջ՝ Էպսոմ աղերով կամ կոլոիդային վարսակի ալյուրով: Սա կարող է օգնել այրոցի և գրգռված վիճակի թեթևացմանը:
- Խուսափեք տաք ջակուզիներից և շոգեբաղնիքներից․ տաք ջրի մեջ ժամանակ անցկացնելը կարող է ամոթույքի շրջանում առաջացնել անհարմարավետություն և քոր:
- Օգտվեք այնպիսի լողավազաններից, որտեղ շատ քլոր չկա․ լողավազանի այս ախտահանիչը մաքուր է պահում ջուրը, բայց չափից շատ քանակներով կարող է գրգռել ձեր ամոթույքը:
Ահա հիգիենիայի վերաբերյալ որոշ խորհուրդներ:
- Մի՛ օգտագործեք դեզոդորանտային (բուրումնավետ) տամպոններ կամ միջադիրներ․ դեզոդորանտը կարող է գրգռիչ ազդեցություն թողնել: Փոխարենը օգտագործեք 100%-ոց բամբակյա տամպոններ և միջադիրներ։
- Օգտագործեք զուգարանի թուղթ, որը փափուկ է, սպիտակ և առանց բուրումնավետ նյութերի:
- Միզեք՝ նախքան ձեր միզապարկը լիքը լցվելը․ որից հետո ողողեք ձեր ամոթույքը ջրով և նրբորեն չորացրեք:
Ահա հագուստի և լվացքի հետ կապված որոշ խորհուրդներ:
- Հագեք ազատ և լայն զգեստ․ կիպ հագուստը սահմանափակում է օդի հոսքը դեպի ձեր ամոթույք, ինչը կարող է գրգռել այս տարածքը: Նեյլոնե ներքնազգեստի փոխարեն հագեք 100% բամբակյա ներքնազգեստ: Փորձեք գիշերը քնել առանց ներքնազգեստի: Նաև համոզվեք, որ կրում եք լայն շալվար և կիսաշրջազգեստ: Ընտրեք մինչև ազդրերը կամ մինչև ծնկները հասնող գուլպաներ:
- Վարժանքից հետո անմիջապես հանեք մարզական հագուստը․ լողալուց հետո հանեք թաց լողազգեստը։
- Օգտագործեք զգայուն մաշկի համար նախատեսված լվացքի միջոցներ․ և ներքնազգեստի համար մի՛ օգտագործեք գործվածքները փափկացնող միջոցներ:
- Եթե ձեր լվացքի մեքենան օժտված է կրկնակի կամ լրացուցիչ ողողման ցիկլով, օգտագործեք դա այն հագուստի համար, որը շփվում է ձեր ամոթույքի հետ: Սա թույլ է տալիս ներքնաշորերից առավելագույնս հեռացնել լվացող միջոցը:
Եթե սեռապես ակտիվ եք, հետևեք այս խորհուրդներին:
- Օգտագործեք ջրային հիմքով քսանյութ (լուբրիկանտ)․ օգտագործեք այն սեռական հարաբերությունիցառաջ: Մի՛ փորձեք արտադրանքներ, որոնք պարունակում են ալկոհոլ, ներկանյութեր, օծանելիք, բուրմունք, ջերմացնող կամ սառեցնող բաղադրիչներ:
- Զգուշությամբ ընտրեք ձեր բեղմնականխիչ միջոցը․ հիշեք, որ սպերմիցիդային կամ հակաբեղմնավորիչ նրբաքսուքները (կրեմ) կարող են գրգռել ձեր ամոթույքը: Խոսեք ձեր բժշկի հետ այն բեղմնականխիչ միջոցների մասին, որոնք չեն գրգռի կամ բորբոքի ձեր ամոթույքը:
- Միզեք սեռական հարաբերությունից հետո. սա կարող է նվազեցնել վարակ ստանալու ձեր հավանականությունը: Միզելուց հետո ողողեք ձեր ամոթույքը սառը ջրով և չորացրեք:
- Փորձեք սառը թրջոցներ կամ գելային պարկեր՝ այրոցը թեթևացնելու համար․ ամեն անգամ փաթաթեք սառցապարկը սրբիչով և տեղադրեք ձեր ամոթույքի վրա մոտ 15 րոպե:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ մոտեցումներ, որոնք ստանդարտ բժշկական օգնության մաս չեն կազմում, կարող են օգնել վուլվոդինիայի ախտանիշների մեղմացմանը: Դրանից են՝
- ասեղնաբուժություն
- հիպնոս
- գիտակցվածություն և մեդիտացիա
- միջմաշկային էլեկտրական նյարդային խթանում:
Սթրեսը հակված է վատթարացնել վուլվոդինիայի ախտանիշները: Իսկ վուլվոդինիա ունենալը կարող է ձեզ մոտ ավելի շատ սթրես առաջացնել: Սթրեսը կրճատող մեթոդներից են յոգան և գիտակցվածության մեդիտացիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024