Վուլվոդինիայի բուժումը կենտրոնանում է ախտանիշների թեթևացման վրա:
Իրականում, չկա որևէ կոնկրետ բուժման տեսակ բոլոր դեպքերի համար: Շատերի համար լավագույն տարբերակը բուժման տարբեր մեթոդների համակցումն է: Ճիշտ համադրություն գտնելը կարող է ժամանակ պահանջել, իսկ բուժման արդյունքները կարող են ի հայտ գալ միայն ամիսների ընթացքում:
Դեղորայքային բուժումներ
Ձեր բուժող բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ դեղամիջոցները:
- Հակադեպրեսանտներ կամ հակացնցումային դեղամիջոցներ (անտիկոնվուլսանտներ). սրանք կարող են օգնել երկարաժամկետ ցավի թեթևացմանը: Հակադեպրեսանտների որոշ տեսակներ առկա են նրբաքսուքների (կրեմների) ձևով, որոնք կարելի է քսել մաշկին։
- Տեղային անզգայացնող միջոցներ (անեսթետիկներ). այս դեղամիջոցները կարող են կարճ ժամանակով արգելափակել ցավը: Օրինակ, ձեզ կարող է առաջարկվել Լիդոկաինի քսուք, որով պետք է օծել ձեր ամոթույքը (վուլվա) սեռական հարաբերությունից մոտ 30 րոպե առաջ՝ այն ավելի հարմարավետ դարձնելու համար: Այս դեղամիջոցը կարող է սեռական շփումից հետո ձեր զուգընկերոջ մոտ որոշ ժամանակով առաջացնել առնանդամի (գլխիկի) զգացողության թուլացում կամ կորուստ:
- Նյարդային պաշարումներ (բլոկադա). այս ներարկումները կատարվում են այն նյարդերի կամ նյարդախրձերի շրջակայքում, որոնք զգայուն են ցավի նկատմամբ (պուդենտալ կամ կաուդալ բլոկադա): Այս մեթոդը կարող է օգնել, եթե ունեք երկարաժամկետ ցավ, որը չի արձագանքում այլ բուժումներին:
- Հորմոնային նրբաքսուքներ (կրեմ). եթե ձեր ախտանիշները կապված են հորմոնային փոփոխությունների հետ, ձեզ կարող է օգնել ներհեշտոցային էստրոգենային նրբաքսուքը: Երբեմն սա զուգակցվում է տեստոստերոնային նրբաքսուքի հետ:
- Հակահիստամիններ. ալերգիայի բուժման համար հաճախ նշանակվող այս դեղամիջոցները նաև կարող են մեղմացնել վուլվոդինիային ուղեկցող քորը: Սակայն, հակահիստամինները նաև կարող են հանգեցնել հեշտոցային չորության, եթե հետդաշտանադադարի փուլում եք:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Ֆիզիոթերապիան ներառում է տարբեր մեթոդներ, որոնք կարող են թեթևացնել ցավը և բարելավել ձեր կյանքի որակը: Ահա որոշ օրինակներ:
- Կոնքի հատակի թերապիա. վուլվոդինիայով բազմաթիվ կանայք ունեն արգանդը, միզապարկը և հաստ աղիքը պահող կոնքահատակի մկանների լարվածություն (սպազմ): Այդ մկանների ձգման և թուլացման վարժությունները կարող են օգնել վուլվոդինիայի ցավի թուլացմանը: Ձեր ֆիզիոթերապևտը նաև կարող է խորհուրդ տալ, որ տանն օգտագործեք մի սարք, որը կոչվում է հեշտոցային դիլատատոր: Սա ձգում և խթանում է հեշտոցը, ինչպես նաև կարող է օգնել սեքսի ժամանակ ցավ ունենալու վախի մեղմացմանը:
- Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). այս միտք-մարմին տեխնիկան կարող է օգնել ցավի թեթևացմանը՝ սովորեցնելով, թե ինչպես թուլացնել կոնքային մկանները: Այն նաև կարող է սովորեցնել ձեզ վերահսկել, թե ինչպես է ձեր օրգանիզմն արձագանքում ախտանիշներին:
Խոսակցական (խոսքային) թերապիան իրենից ներկայացնում է կանոնավոր շփումներ թերապևտի հետ, ով կարող է ձեզ սովորեցնել ձեր ցավերի հաղթահարման ուղիներ: Ահա որոշ օրինակներ:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա. այս մեթոդն օգնում է ձեզ նկատելու բացասական մտքերը և արձագանքելու դրանց գործնական ուղիներով: Ձեզ նաև հավանաբար կխրախուսեն, որ պահեք ցավի ամենօրյա օրագիր: Օրագրում նշում եք, թե երբ եք ունենում վուլվոդինիայի ախտանիշներ և ինչն է դրանք ավելի մեղմացնում կամ վատթարացնում: Երբեմն, վուլվոդինիայի ցավը կարող է կապված լինել փոխհարաբերություններում առաջացած հակասությունների կամ անցյալի տրավմայի հետ: Թերապիան կարող է օգնել կանանց, որ նաև հաղթահարեն այս խնդիրները:
- Զույգերի (զուգընկերների) թերապիա կամ սեքս-թերապիա. թերապևտը կարող է ձեզ և ձեր զուգընկերոջը սովորեցնել, թե ինչպես ավելի լավ շփվել և ինտիմ մտերմություն ստեղծել՝ առանց բուն սեռական հարաբերության վրա կենտրոնանալու: Դուք նաև կարող եք սովորել, թե ինչպես ազատվել սեռական հարաբերությանն ուղեկցող ցավերից:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Վիրահատությունը կարող է ցուցված լինել, եթե նշում եք ցավեր ձեր հեշտոցային բացվածքը՝ նախադուռը շրջապատող հյուսվածքում (վեստիբուլոդինիա): Առավել հաճախ վիրահատությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե այլ բուժումները չեն օգնել:
Վիրահատությամբ հեշտոցի նախադռան ցավոտ հյուսվածքը հեռացվում է ամոթույքից (վուլվա): Այս միջամտությունը կոչվում է վեստիբուլէկտոմիա: Եթե ունեք վուլվոդինիայի ախտանիշներ ձեր ամոթույքի այլ մասերում, վիրահատությունը, հավանաբար, ձեզ համար բուժման տարբերակ չէ:
Եթե մտածում եք այս վիրահատությունն ացնելու մասին, խնդրեք ձեր բժիշկներին, որ բացատրեն բոլոր օգուտներն ու ռիսկերը: Նկատի ունեցեք, որ երբեմն վիրահատությունը կարող է հանգեցնել սպիների կամ ցավի վատթարացման:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024