Եթե ունեք ցորենից ալերգիա, ցորենում պարունակվող սպիտակուցի ազդեցությունը խթանում է ձեր իմունային համակարգը՝ առաջացնելով ալերգիկ ռեակցիա:
Ձեզ մոտ կարող է ալերգիա զարգանալ ցորենում առկա սպիտակուցների չորս դասերից որևէ մեկի նկատմամբ՝ ալբումին, գլոբուլին, գլիադին և գլուտեին (սնձան):
Ցորենային սպիտակուցների աղբյուրները
Ցորենային սպիտակուցների որոշ աղբյուրներ ակնհայտ են, ինչպիսին է հացը, սակայն դրանք, մասնավորապես՝ գլուտեինը (սնձան), կարելի է գտնել բազմաթիվ պատրաստի մթերքներում և նույնիսկ դիմահարդարման կամ լոգանքի որոշ արտադրանքների և այլ նյութերի մեջ: Մթերքները, որոնք կարող են ներառել ցորենի սպիտակուցներ, ներառում են հետևյալը՝
- հաց ու հացի չորուկներ (панировочные сухари)
- տորթեր, կեքսեր և թխվածքաբլիթներ
- նախաճաշի փաթիլներ (ձավարեղեն, хлопья)
- մակարոնեղեն
- կուսկուս
- ֆարինա
- մանրաձավար (սեմոլինա, манная крупа)
- սպելտ
- կրեկեր
- հիդրոլիզացված բուսական սպիտակուց
- սոյայի կրեմ (սոուս)
- մսային արտադրանքներ, օրինակ՝ հոթ-դոգ
- կաթնամթերք, օրինակ՝ պաղպաղակ
- բնական բուրավետիչներ
- ժելատինացված օսլա
- փոփոխված (մոդիֆիկացված) սննդային օսլա
- բուսական մաստակ:
Եթե ունեք ալերգիա ցորենի նկատմամբ, հնարավոր է, որ ալերգիա դրսևորեք նաև գարու, վարսակի և տարեկանի նկատմամբ: Եթե ալերգիկ եք ցորենից բացի այլ հացահատիկներից, ցորեն չպարունակող սննդակարգն ավելի քիչ սահմանափակող է, քան առանց գլուտեին (սնձան) սննդակարգը, որն առաջարկվում է ցելիակայի դեպքում:
Ցորեն-կախված, վարժանքներով հարուցված անաֆիլաքսիա
Ցորենից ալերգիա ունեցող որոշ մարդկանց մոտ ախտանիշներ են առաջանում միայն այն դեպքում, երբ նրանք ցորեն ուտելուց հետո մի քանի ժամվա ընթացքում կատարում են ֆիզիկական վարժանքներ կամ աշխատանք: Վարժանքների կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով օրգանիզմում զարգացող փոփոխություններն առաջացնում են ալերգիկ ռեակցիա կամ սաստկացնում են իմունային համակարգի պատասխան ռեակցիան ցորենի սպիտակուցին: Այս վիճակը սովորաբար հանգեցնում է կյանքին սպառնացող անաֆիլաքսիայի:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել ցորենի նկատմամբ ալերգիայի զարգացման ռիսկը:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ձեզ մոտ ցորենի կամ այլ մթերքների նկատմամբ ալերգիայի ռիսկն ավելի մեծ է, եթե ձեր ծնողներն ունեն սննդային ալերգիա կամ ալերգիայի այլ դրսևորումներ, ինչպիսին է ասթման:
- Տարիք. ցորենի նկատմամբ ալերգիան առավել տարածված է նորածինների և մանկահասակ երեխաների շրջանում, ովքեր ունեն ոչ լիարժեք ձևավորված իմունային և մարսողական համակարգեր: Երեխաների մեծամասնությունը 16 տարեկանում հաղթահարում է ցորենի նկատմամբ ալերգիան, սակայն չափահասների մոտ այն կարող է զարգանալ, հաճախ՝ որպես խաչաձև զգայունություն խոտի փոշու մասնիկների նկատմամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-09-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024