Ֆիզիկական քննությունը (բուժզննում), մանրամասն հիվանդության պատմությունը (անամնեզ) և որոշ հետազոտություններ կօգնեն ձեր բժշկին, որ ախտորոշի ցորենային ալերգիկ ռեակցիան:
Հետազոտությունները կամ ախտորոշիչ միջոցառումները կարող են ներառել հետևյալը:
- Մաշկային թեստ. զտված ալերգենների արտամզվածքների փոքրիկ կաթիլները, ներառյալ ցորենի սպիտակուցներինը, ներարկվում են ձեր մաշկի մեջ՝ նախաբազկի կամ մեջքի վերին հատվածում: 15 րոպե անց ձեր բժիշկը կամ բուժքույրը փնտրում են ալերգիկ ռեակցիաների նշաններ: Եթե ձեր մաշկի վրա ցորենի սպիտակուցի արտամզվածքի ներարկման տեղում առաջանում է կարմիր, քոր առաջացնող բշտիկ, դուք կարող եք ալերգիա ունենալ ցորենի նկատմամբ: Այս մաշկային թեստերի ամենատարածված կողմնակի ազդեցությունը քորն է և կարմրությունը:
- Արյան թեստ. եթե մաշկային խնդիրները կամ որոշ դեղամիջոցների հետ հնարավոր փոխազդեցությունները խանգարում են մաշկային թեստի անցկացմանը, ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստ, որը ստուգում է արյան նմուշի մեջ սովորական ալերգենների, ներառյալ ցորենի սպիտակուցների նկատմամբ ալերգիա առաջացնող հատուկ հակամարմինների առկայությունը:
- Սնման օրագիր. բժիշկը կարող է խնդրել ձեզ, որ որոշ ժամանակ մանրամասն գրանցեք, թե ինչ և երբ եք ուտում և երբ են զարգանում ձեր ախտանիշները:
- Բացառող սննդակարգ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ձեր սննդակարգից հեռացնեք որոշ մթերքներ, հատկապես նրանք, որոնք պարունակում են տարածված ալերգեններ: Ձեր բժշկի ցուցումով դուք աստիճանաբար վերսկսում եք այդ մթերքների օգտագործումը և նշում եք, թե երբ են ձեր ախտանիշները կրկնվում:
- Կասկածելի սննդի փորձարկում. դուք օգտագործում եք սնունդ, որը կասկածվում է ալերգիա առաջացնող նյութ պարունակելու մեջ, որից հետո վերահսկվում եք հնարավոր ալերգիայի ախտանիշների առաջացումը: Այս փորձարկումը պետք է իրականացվի՝ սկսած փոքր քանակներից և ռեակցիայի բացակայության դեպքում ավելացվի օգտագործված սննդի քանակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-09-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024