Սովորական աբսանսային ցնցումն առաջացնում է «դատարկ»՝ ոչինչ չարտահայտող հայացք, որը կարող է սխալմամբ ընկալվել որպես ուշադրության կարճատև անհետացում:
Ցնցումը տևում է մոտ 10 վայրկյան, թեև կարող է շարունակվել մինչև 30 վայրկյան: Ցնցումը սկսվում է հանկարծակի և հանկարծակի էլ դադարում է: Ցնցումից հետո շփոթվածություն, գլխացավ կամ քնկոտություն չկա: Երեխան անմիջապես վերականգնում է և շարունակում իր նախկին գործը՝ առանց հիշելու դրվագի մասին։
Աբսանսային ցնցման ախտանիշները ներառում են՝
- գործերի հանկարծակի դադարեցում՝ առանց ընկնելու
- քարացած և մի կետի սևեռված հայացք՝ շրջապատի ռեակցիայի բացակայությամբ
- շրթունքների ակամա խաղ
- կոպերի թրթռում
- ծամել հիշեցնող շարժումներ
- մատների շփում
- երկու ձեռքերի փոքր շարժումներ:
Դրանից հետո, սովորաբար, դեպքի մասին որևէ հիշողություն չի մնում: Սակայն, եթե ցնցումն ավելի երկար է, անձը կարող է տեղյակ լինել բաց թողնված ժամանակի մասին: Որոշ մարդիկ ամեն օր ունենում են բազմաթիվ դրվագներ: Երբ դա տեղի է ունենում, կարող է խանգարել դպրոցի կամ ամենօրյա գործունեությանը:
Երեխայի մոտ կարող է որոշ ժամանակ առաջանալ աբսանսային ցնցումներ, նախքան չափահաս մարդը նկատի դրանք: Սա պայմանավորված է նրանով, որ ցնցումները շատ կարճատև են: Երեխայի սովորելու կարողության անկումը կարող է լինել ցնցումային խանգարման առաջին նշանը: Ուսուցիչները կարող են ասել, որ երեխան դժվարանում է ուշադրություն դարձնել կամ, որ երեխան հաճախ երազում է:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր երեխայի մանկաբույժի հետ, եթե՝
- դուք մտահոգված եք, որ ձեր երեխան կարող է ունենալ ցնցումներ
- ձեր երեխան ունի էպիլեպսիա, սակայն նրա մոտ առաջացել են նոր տեսակի ցնցումային ախտանիշներ
- ցնցումները շարունակում են առաջանալ՝ չնայած հակացնցումային դեղամիջոց ընդունելուն։
Զանգեք 1-03 կամ կապ հաստատեք ձեր շրջանի շտապ օգնության ծառայության հետ հետևյալ դեպքերում:
- Դուք դիտարկում եք երեխայի մոտ երկարատև ավտոմատ վարքագծեր, որորոնք տևում են րոպեներից մինչև ժամեր: Սա կարող է ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են առանց իրազեկության ուտելը կամ շարժվելը: Այն նաև կարող է ներառել երկարատև շփովածություն: Սրանք էպիլեպտիկ վիճակ (status epilepticus) կոչվող խնդրի հնարավոր ախտանիշներն են:
- Ցանկացած նոր ցնցում տևում է ավելի քան հինգ րոպե:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024