Ձեր երեխայի բժիշկը կարող է սկսել հակացնցումային դեղամիջոցի նվազագույն դեղաչափերից:
Այնուհետև, բժիշկը կարող է ըստ անհրաժեշտության մեծացնել դեղաչափը՝ ցնցումները լիարժեքորեն վերահսկելու համար: Երեխաները կարող են կրճատել հակացնցումային դեղամիջոցները բժշկի հսկողության ներքո՝ երկու տարի շարունակ ցնցումներ չունենալուց հետո:
Աբսանսային ցնումների համար նախատեսված դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Էթոսուքսիմիդ (Զարոնտին). սա այն դեղամիջոցն է, որով բուժումը բժիշկների մեծ մասը սկսում է աբսանսային ցնցումների դեպքում: Դեպքերի մեծ մասում ցնցումները լավ են արձագանքում այս դեղամիջոցին: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ սրտխառնոց, փսխում, քնկոտություն, քնի խանգարումներ և գերակտիվություն:
- Վալպրոյաթթու. Վալպրոյաթթուն բուժում է երեխաներին, ովքեր ունեն ինչպես աբսանսներ, այնպես էլ տոնիկ-կլոնիկ ցնցումներ, որոնք նաև հայտնի են որպես գրանդ մալ (grand mal)` մեծ ցնցումներ: Դրա կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, ուշադրության խնդիրներ, ախորժակի ավելացում և քաշի ավելացում: Հազվադեպ, դեղը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ) և լյարդային անբավարարություն: Այն կանայք, ովքեր շարունակում են դեղորայքի կարիք ունենալ հասուն տարիքում, պետք է քննարկեն վալպրոյաթթվի հնարավոր ռիսկերը իրենց բժիշկների հետ: Վալպրոյաթթուն կապված է երեխաների բնածին արատների բարձր ռիսկի հետ: Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս չօգտագործել այն հղիության ընթացքում կամ հղիանալու փորձի ժամանակ:
- Լամոտրիգին (Լամիկտալ). որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այս դեղամիջոցն ավելի քիչ արդյունավետ է, քան Էթոսուքսիմիդը կամ Վալպրոյաթթուն, սակայն այն ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ ցան և սրտխառնոց:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024