Ակնե (կորյակ, պզուկ)

Ակնեն սովորաբար ի հայտ է գալիս սեռահասունացման տարիներին, սակայն կարող է առաջանալ տարիքային բոլոր խմբերում:
Բազմաթիվ դեռահասների դեմքի կամ մարմնի այլ մասերում ակնեի կամ կորյակների (պզուկ) հայտնվելը սովորական երևույթ է: Սակայն, ոչ հազվադեպ, ինչպես դեռահասները, այնպես էլ չափահաս մարդիկ այս հիվանդության մասին ունեն աղավաղված պատկերացումներ:
Ձեզ ենք ներկայացնում այս վիճակի հետ կապված միայն փաստերի վրա հիմնված տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ հասկանալու պզուկային ցանի էությունը, դրանց առաջացման պատճառները և բուժման տարբերակները:
Ի՞նչ է ակնեն
Ակնեն կամ կորյակը կամ պզուկը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի ֆոլիկուլյար ցանավորմամբ:
Ավելի հաճախ ակնեն առաջանում է դեմքի մաշկին, սակայն դրանք կարող են հայտնվել նաև պարանոցի, կրծքի, ուսերի և թիկունքի շրջաններում:
Ակնեն ի հայտ է գալիս որպես կարմրավուն բորբոքված և ցավոտ մաշկային գնդիկ-հանգույց (կոմեդոն), որը հետագայում կարող է վերածվել թարախաբշտի (ֆոլիկուլ): Ակնեն կարող է հայտնվել նաև ոչ բորբոքային, անցավ, սև և սպիտակ կորյակների տեսքով: Այսպիսով, տարբերում են ակնեի հետևյալ 4 հիմնական տեսակները՝
- սև (գլխիկավոր) կորյակներ՝ փոքր և խցանված մազուղիներ
- սպիտակ (գլխիկավոր) կորյակներ՝ պինդ և կենտրոնում սպիտակ կետով, որոնք սովորաբար խցանված ճարպագեղձեր են
- թարախաբշտեր (պոստուլա)` արտաքինից տեսանելի թարախով լցված
- հանգույցներ՝ մաշկի տակ տեղակայված, արտաքինից կարմիր պինդ և ցավոտ գոյացություններ:
Մեծ թարախաբշտերը լավանալուց հետո կարող են թողնել սպիական փոփոխություններ:
Ինչպե՞ս է բուժվում ակնեն
Եթե դուք ունեք բորբոքված, ցավոտ, առավել ևս՝ ձեր ողջ մարմնով տարածված կամ թարախաբշտերի վերածված պզուկներ, մի փորձեք զբաղվել ինքնաբուժմամբ և այցելեք մաշկաբանին: Լավ կլինի բուժումը սկսել հնարավորինս շուտ, քանի որ թարախաբշտերը կարող են իրենց ետևից մաշկային սպիացումներ թողնել:
Ինքնուրույն մի փորձեք հեռացնել փոքր կորյակների ճարպը, քանի որ դրանով դուք կարող եք խորացնել բորբոքումը՝ փոքր պզուկները վերածելով մեծ հանգույցների կամ թարախաբշտերի:
Պզուկների շրջանի մաշկը լվացեք շատ նուրբ կերպով, մի օգտագործեք խոզանակ կամ պզուկները վնասող այլ միջոցներ և օգտվեք մեղմ հիպոալերգիկ օճառներից: Ուշադիր եղեք, որ ձեր մաշկը խոնավացնող միջոցները չպարունակեն ճարպեր և յուղեր: Պզուկների վերացման մասին այլ օգտակար տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով այս էջը։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021