Ակնե. պատճառներ
04-06-2018
2 րոպե

Պզուկների առաջացման պատճառը մինչև վերջ հայտնի չէ։
Իհարկե, կան որոշակի տվյալներ ակնեի կամ պզուկների առաջացման մեջ գենետիկ գործոնների հնարավոր դերի մասին, երբ որոշ անձանց մաշկը հորմոնային տեղաշարժերի նկատմամբ ի ծնե լինում է ավելի զգայուն:
Այն, որ պզուկները ներառում են մաշկի ճարպագեղձերը, անվիճելի փաստ է: Ճարպագեղձերն արտադրում են ճարպանյութեր, որոնք օծում են մաշկը և մազերը՝ դրանք պաշտպանելով արտաքին տարբեր գործոններից:
Սեռահասունացման շրջանում արական սեռական հորմոն համարվող տեստոստերոնի մակարդակի տեղաշարժի հետևանքով մի կողմից ճարպագեղձերն արտադրում են ավելի մեծ քանակի ճարպ, մյուս կողմից այդ ճարպը դառնում է ավելի մածուցիկ (պինդ): Հիշեք, որ տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
«Պնդացած» ճարպը խցանում է ճարպային և մազային ուղիները և ճարպագեղձերում արտադրված ճարպերը կուտակվում են այդ գեղձերում: Երբ պրոցեսին միանում է վարակը, արգելափակված և ճարպով «փքված» ճարպագեղձերը բորբոքվում և վերածվում են թարախաբշտերի:
Եթե ձեր դեմքին կամ մեկ այլ շրջանում կան պզուկներ, դրանց լավացմանը կարող են խոչընդոտել և ընթացքը կարող են բարդացնել հետևյալ գործոնները՝
- սթրես
- վատ, անառողջ սնունդ
- մարմնի հավելյալ զանգված կամ գիրություն
- ֆիզիկապես ոչ ակտիվ ապրելակերպ
- հղիություն
- ձվարանների պոլիկիստոզ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021