Ակնե. ախտանիշներ
25-05-2021
1 րոպե

Ակների նշանները խիստ կախված են են հիվանդության ծանրության աստիճանից:
Ակնեն կարող է դրսևորվել հետևյալ ցանային տարրերով՝
- սպիտակ կորյակներ (փակ խցանված ծակոտիներ)
- սև կորյակներ (բաց խցանված ծակոտիներ)
- փոքր կարմիր, լարված գնդիկներ (հանգույցիկներ կամ պապուլաներ)
- պզուկներ (թարախաբշտիկեր կամ պոստուլաներ), որոնք ծայրին թարախ ունեցող հանգույցիկներ են
- մաշկի տակ մեծ, պինդ և ցավոտ գոյացություններ (հանգույցներ կամ նոդուլներ)
- մաշկի տակ ցավոտ և թարախով լցված գոյացություններ (թարախաբշտեր կամ կիստաներ):
Ակնեն սովորաբար հայտնվում է դեմքի, ճակատի, կրծքի, թիկունքի և ուսագոտու շրջանում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ակնեն ինքնօգնության միջոցներով չի մաքրվում, դիմեք ընտանեկան բժշկին, ով կարող է նշանակել ավելի ուժեղ դեղամիջոցներ: Եթե ակնեն կայունացել կամ ծանրացել է, պետք է դիմել մաշկային հիվանդությունների ոլորտում մասնագիտացած բժշկին (մաշկաբան կամ դերմատոլոգ):
Բազմաթիվ կանանց մոտ ակնեն կարող է մնալ տասնամյակներ շարունակ և հաճախ սրանալ դաշտանից առաջ: Ակնեի այս տեսակը հաճախ առանց բուժման վերանում է այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են հակաբեղմնավորիչ միջոցներ:
Մեծ տարիքով չափահասների մոտ ծանր ակնեի հանկարծակի սկիզբը կարող է ահազանգել բժշկական ուշադրության արժանի մեկ այլ հիվանդության առկայության մասին:
ԱՄՆ Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) զեկուցել է, որ որոշ հանրաճանաչ և ազատ վաճառվող ակնեի լոսյոնները, ախտահանիչները և այլ մաշկային ապրանքները խիստ հազվադեպ կարող են առաջացնել լուրջ ռեակցիա: Դիմեք անհետաձգելի օգնության, եթե նման միջոցներ օգտագործելուց հետո զարգացել է՝
- ուշագնացություն կամ ուշագնացության զգացում
- օդի պակասի զգացում և հևոց
- աչքերի, դեմքի, շրթունքների կամ լեզվի այտուց
- կոկորդի փակվածության զգացողություն:
Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021