Դուք կարող եք փորձել խուսափել կամ վերահսկել թեթև կամ չափավոր ծանրության ակնեն դեղատոմս չպահանջող որոշ միջոցներով, մաշկի լավ ընդհանուր խնամքով և այլ ինքնօգնության հնարքներով:
- Լվացեք խնդրահարույց շրջանները թույլ մաքրող միջոցներով. օրական երկու անգամ ձեռքերով զգուշորեն՝ առանց տրորելու լվացեք ձեր դեմքը գոլ ջրով ու փափուկ օճառով կամ ոչ գրգռիչ միջոցներով (Կետաֆիլ, Վանիկրեմ և այլն): Վերջում դեմքի մաշկը չորացրեք նուրբ և հարթ մակերեսով՝ առանց մազմզուկների սրբիչը մաշկին զգույշ հպելով, այլ ոչ թե քսելով։ Զգուշությամբ սափրեք այդ շրջանները (օգտագործեք զգայուն մաշկի համար նախատեսված փրփուր): Խուսափեք որոշ միջոցներից, ինչպիսիք են դեմքի քերող պարագաները, տտպող միջոցները կամ դիմակները: Դրանք հաճախ գրգռում են մաշկը, որը կարող է վատթարացնել ակնեն:
- Փորձեք դեղատոմս չպահանջող ակնեի միջոցներ, որոնք չորացնում են ավելցուկային ճարպը և խթանում թեփոտումը. որոնեք որպես ակտիվ նյութ Բենզոիլ պերօքսիդ և Ադապալեն պարունակող միջոցներ: Դուք նաև կարող եք փորձել Սալիցիլաթթու, Գլիկոլաթթու կամ Ալֆա-հիդրօքսիթթու պարունակող միջոցներ: Նման միջոցների ազդեցությունը դրսևորվում է մի քանի շաբաթ օգտագործելուց հետո: Նրբաքսուքները (կրեմ) պակաս գրգռիչ են, քան գելերը կամ յուղերը: Նկատի ունեցեք, որ ակնեի միջոցները սկզբում կարող են դրսևորել կողմնակի ազդեցություններ՝ կարմրություն, չորության և ակնեի մեծացում, որոնք հաճախ անհետանում են օգտագործման առաջին ամսվա վերջում:
- Խուսափեք գրգռիչներից. ճարպային կամ յուղային դիմահարդարման միջոցները, արևապաշտպան քսուքները, վարսահարդարման մեթոդները կամ ակնեի քողարկիչները կարող են վատթարացնել ակնեն: Դրանց փոխարեն օգտագործեք ջրային հիմքով կամ ոչ կոմեդոգեն միջոցներ, ինչը նշանակում է, որ դրանց ակնե առաջացնելու ռիսկն ավելի փոքր է: Սափրվելիս օգտագործեք միայն նոր և որակյալ սափրիչներ կամ ածելիներ և դրանք շատ մի սեղմեք մաշկին։ Մի՛ փորձեք սափրիչով շատ մոտենալ պզուկային ցանին։ Աշխատեք նաև, որ վարսերը չդիպչեն ճակատին և դեմքի այլ շրջանների մաշկին (kարող եք օգտվել մազակալից)։ Եթե օգտագործում եք մազերի խնամքի միջոցներ՝ գել, սփրեյ և այլն, ուշադիր եղեք, որ դրանք չհայտնվեն դեմքի մաշկի վրա, հատկապես ճակատի շրջանում։ Եթե շպար եք օգտագործում, անկողին մտնելուց առաջ հեռացրեք այն դեմքի մաշկի մաքրիչներով (քլինզեր)։
- Պաշտպանեք ձեր մաշկն արևից. որոշ մարդկանց մոտ արևը վատթարացնում է գունազրկումը, որը երբեմն մնում է ակնեի վերանալուց հետո: Միևնույն ժամանակ, ակնեի որոշ դեղեր բարձրացնում են արևի նկատմամբ մաշկի զգայունությունը: Հարցրեք բժշկից, թե արդյոք ձեր դեղերն ունեն նման կողմնակի ազդեցություն: Եթե այո, ուրեմն փորձեք հնարավորինս խուսափել արևի ուղղակի ազդեցությունից: Կանոնավոր կերպով օգտագործեք արևապաշտպան նյութ պարունակող ոչ յուղային (ոչ կոմեդոգեն) խոնավացնող միջոցներ:
- Խուսափեք ձեր մաշկի հարումից կամ ճնշումից. պաշտպանեք ձեր ակնե-հակված մաշկը տարբեր առարկաների հետ շփումից, ինչպիսիք են հեռախոսները, դիմակները, սաղավարտները, ուսապարկերը և այլն:
- Խուսափեք դիպչել կամ ճնշել ակնե-հակված շրջանները. մի փորձեք մատներով հեռացնել պզուկների պարունակությունը, այլապես կարող եք նպաստել ակնեի բռնկմանը կամ բերել ակնեի վարակի կամ սպիացման:
- Ընդունեք ցնցուղ ծանրաբեռնված աշխատանքից հետո. ճարպը և քրտինքը կարող են նպաստել ակնեի բռնկմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2018
Վերջին վերանայում՝ 07-05-2024