Սուր լյարդային անբավարարությունը զարգանում է, երբ լյարդի բջիջները (հեպատոցիտներ) զգալի կերպով վնասվում են և այլևս չեն կարողանում գործել:
Հնարավոր պատճառները ներառում են հետևյալը:
- Ացետամինոֆենի չափազանց մեծ դեղաչափ (գերդոզավորում). Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) գերդոզավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում սուր լյարդային անբավարարության ամենատարածված պատճառն է: ԱՄՆ-ից դուրս Ացետամինոֆենը հայտնի է որպես Պարացետամոլ: Սուր լյարդային անբավարարություն կարող է առաջանալ միանվագ չափազանց մեծ դեղաչափ ընդունելիս կամ մի քանի օրվա ընթացքում ամեն օր մեծ դեղաչափեր ընդունելիս: Եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկն Ացետամինոֆենի չափից մեծ դեղաչափ է ընդունել, հնարավորինս արագ դիմեք բժշկի: Բուժումը կարող է կանխել լյարդային անբավարարությունը: Մի՛ սպասեք, մինչև լյարդային անբավարարության նշանների զարգացումը:
- Դեղատոմս պահանջող դեղեր. դեղատոմս պահանջող դեղամիջոցները, ներառյալ հակաբիոտիկները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ) և հակացնցումային դեղերը (անտիկոնվուլսանտներ), կարող են առաջացնել սուր լյարդային անբավարարություն:
- Բուսական հավելումներ. բուսական դեղամիջոցներն ու հավելումները, ներառյալ կավան (Piper methysticum), էֆեդրան և այլն կապված են սուր լյարդային անբավարարության հետ:
- Հեպատիտ և այլ վիրուսներ. Հեպատիտ A, հեպատիտ B և հեպատիտ E–ն կարող են առաջացնել սուր լյարդային անբավարարություն: Այս վիճակն առաջացնող այլ վիրուսներից են Էպշտեյն-Բարի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը և հասարակ հերպեսի վիրուսը:
- Թույներ (տոքսիններ). սուր լյարդային անբավարարություն առաջացնող թույներ պարունակում են թունավոր սնկերը, ինչպիսին է դժգույն գարշասունկը (Amanita phalloides), որը կարող է շփոթվել ուտելու սնկերի հետ: Ածխածնի տետրաքլորիդը մեկ այլ թույն է, որը կարող է առաջացնել լյարդային սուր անբավարարություն: Սա արդյունաբերական քիմիական նյութ է, որը հայտնաբերվում է սառնարաններում և տարբեր լուծիչներում:
- Աուտոիմուն հիվանդություն. լյարդային անբավարարության պատճառ կարող է լինել աուտոիմուն հեպատիտը՝ հիվանդություն, որի ժամանակ ձեր իմունային համակարգը գրոհում է լյարդի բջիջների վրա՝ առաջացնելով բորբոքում և վնասում:
- Լյարդի երակների հիվանդություններ. անոթային հիվանդությունները, ինչպիսին է Բադ-Կիարիի համախտանիշը, կարող են առաջացնել լյարդի երակների խցանումներ ու լյարդից արյան արտահոսքի խանգարում, որը կարող է հանգեցնել սուր լյարդային անբավարարության:
- Նյութափոխանակության (մետաբոլիկ) հիվանդություն. հազվադեպ հանդիպող մետաբոլիկ խանգարումները, ինչպիսիք են Վիլսոնի հիվանդությունը և հղիության սուր ճարպային լյարդը, երբեմն առաջացնում են սուր լյարդային անբավարարություն:
- Քաղցկեղ. լյարդից սկսվող կամ դեպի լյարդ տարածվող քաղցկեղը կարող է հանգեցնել լյարդի գործունեության սուր խանգարման:
- Շոկ. ծանր տարածուն վարակները (սեպսիս) և շոկը կարող են լրջորեն նվազեցնել լյարդային արյան հոսքը՝ հանգեցնելով լյարդային անբավարարություն:
- Ջերմային հարված. շոգ միջավայրում չափից դուրս ֆիզիկական ակտիվությունը կարող է հրահրել սուր լյարդային անբավարարություն:
Սուր լյարդային անբավարարության որոշ դեպքեր չունեն որևէ ակնհայտ պատճառ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024