Դուք կարող եք նվազեցնել սուր լյարդային անբավարարության ձեր ռիսկը՝ հոգալով ձեր լյարդի մասին:
- Հետևեք դեղերի վերաբերյալ հրահանգներին. եթե ընդունում եք Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ այլ դեղամիջոցներ, ստուգեք պիտակում առաջարկվող դեղաչափը և դրանից ավելին մի՛ ընդունեք: Եթե արդեն ունեք լյարդային հիվանդություն, հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք անվտանգ է որևէ դեղաչափով Ացետամինոֆեն ընդունելը:
- Տեղեկացրեք ձեր բժշկին ձեր բոլոր դեղերի մասին. նույնիսկ դեղատոմս չպահանջող և բուսական հավելումները կարող են փոխազդել ձեզ նշանակած դեղերի հետ՝ հանգեցնելով լյարդի վրա անցանկալի ազդեցությունների:
- Խուսափեք ալկոհոլից կամ, ծայրահեղ դեպքում, խմեք չափավոր քանակությամբ. եթե որոշում եք ալկոհոլ օգտագործել, արեք դա չափավոր քանակներով: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին՝ կանանց համար և օրական մինչև երկու չափաբաժին՝ տղամարդկանց համար:
- Խուսափեք ռիսկային վարքագծից. փնտրեք օգնության ծառայություն, եթե օգտագործում եք ապօրինի ներերակային թմրամիջոցներ: Մի՛ օգտագործեք արդեն օգտագործված ասեղներ: Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակներ: Եթե դաջվածքներ կամ պիրսինգ եք անում, համոզվեք, որ ձեր ընտրած սրահը մաքուր և անվտանգ է: Մի՛ ծխեք:
- Պատվաստվեք. եթե ունեք քրոնիկ լյարդային հիվանդություն, ցանկացած տեսակի հեպատիտային վարակի պատմություն կամ հեպատիտով վարակվելու բարձր ռիսկ, զրուցեք ձեր բժշկի հետ հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութ ստանալու մասին: Պատվաստանյութ կա նաև հեպատիտ А-ի դեմ:
- Խուսափեք այլ մարդկանց արյան և այլ կենսահեղուկների հետ շփումից. ասեղի պատահական ծակոցը կամ արյան կամ կենսահեղուկների ոչ պատշաճ մաքրումը կարող են տարածել հեպատիտի վիրուսները: Սափրիչի կամ ատամի խոզանակի համատեղ օգտագործումը նույնպես կարող է վարակ տարածել:
- Մի՛ կերեք վայրի սունկ. ուտելու սունկը կարող է դժվար լինել տարբերել թունավորից:
- Զգուշավոր օգտագործեք աերոզոլային սփրեյներ. երբ օգտագործում եք աերոզոլային մաքրող միջոց, համոզվեք, որ սենյակը օդափոխվում է կամ կրեք դիմակ: Նմանատիպ պաշտպանիչ միջոցներ ձեռնարկեք միջատասպաններ, ֆունգիցիդներ, ներկ և այլ թունավոր քիմիական նյութեր ցողելիս: Հետևեք արտադրանքի հրահանգներին:
- Հետևեք, թե ինչ է հայտնվում ձեր մաշկի վրա. միջատասպաններ և այլ թունավոր քիմիական նյութեր օգտագործելիս ձեր մաշկը պաշտպանեք ձեռնոցներով, երկար թևերով պաշտպանիչ հագուստով, գլխարկով և դիմակով:
- Պահպանեք առողջ քաշ. գիրությունը կարող է առաջացնել մի վիճակ, որը կոչվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն, որը կարող է ներառել լյարդի ճարպային դիստրոֆիան, հեպատիտը և ցիռոզը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024