Սուր լյարդային անբավարարություն ունեցող մարդկանց բուժումը հաճախ կազմակերպվում է վերակենդանացման բաժանմունքում՝ մի հաստատությունում, որը կարող է անհրաժեշտության դեպքում կազմակերպել լյարդի փոխպատվաստում:
Ձեր բժիշկը կարող է փորձել բուժել բուն լյարդի վնասումը, սակայն շատ դեպքերում բուժումը ներառում է բարդությունների վերահսկումը և ձեր լյարդին ապաքինվելու ու վերականգնվելու համար ժամանակ տրամադրելը:
Սուր լյարդային անբավարարության բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Թունավորումը ետզարգացնող դեղամիջոցներ. սուր լյարդային անբավարարությունը, որն առաջացել է Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) չափազանց մեծ դեղաչափից, բուժվում է Ացետիլցիստեին դեղամիջոցով: Այս դեղամիջոցը նաև կարող է օգնել սուր լյարդային անբավարարության այլ պատճառների բուժմանը: Թունավոր սնկով և այլ թունավորումները նույնպես կարող են բուժվել համապատասխան դեղամիջոցներով, որոնք կարող են ետ զարգացնել թույնի ազդեցությունը և նվազեցնել լյարդի վնասումը:
- Լյարդի փոխպատվաստում. երբ սուր լյարդային անբավարարությունը չի կարող վերականգնվել, միակ բուժումը կարող է մնալ լյարդի փոխպատվաստումը: Լյարդի փոխպատվաստման ժամանակ վիրաբույժը հեռացնում է վնասված լյարդը և այն փոխարինում դոնորական առողջ լյարդով:
Բժիշկը նաև կաշխատի մեղմացնել ձեր ախտանիշները և կփորձի կանխել սուր լյարդային անբավարարության հետևանքով առաջացած բարդությունները: Ձեր բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Գլխուղեղում ավելցուկային հեղուկի հետևանքով առաջացած ճնշման թուլացում. սուր լյարդային անբավարարությունից առաջացած ուղեղային այտուցը կարող է մեծացնել ճնշումը ձեր գլխուղեղի վրա: Դեղորայքը կարող է օգնել, որ դանդաղի ձեր գլխուղեղում հեղուկի կուտակումը:
- Վարակների սքրինինգ. բժշկական անձնակազմը ժամանակ առ ժամանակ ձեր արյան և մեզի նմուշներ կվերցնի, որ ստուգի հնարավոր վարակների առկայությունը: Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ վարակ ունեք, ձեզ կնշանակվեն համապատասխան դեղեր:
- Սուր արյունահոսության կանխարգելում. բժիշկը կարող է ձեզ դեղեր տալ՝ նվազեցնելու արյունահոսության վտանգը: Եթե շատ արյուն եք կորցնում, կարող են կատարվել թեստեր կամ այլ հետազոտություններ՝ հայտնաբերելու արյան կորստի աղբյուրը: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել արյան փոխներարկում:
- Սննդային օժանդակություն. եթե չեք կարողանում ուտել, ձեզ կարող են տրվել հավելումներ՝ սննդանյութերի պակասը լրացնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024