Սուր լյարդային անբավարարությունն ախտորոշելու համար օգտագործվող թեստերն ու միջամտությունները ներկայացված են ստորև:
- Արյան թեստեր. արյան նմուշի լաբորատոր թեստերը (արյան անալիզ) նշանակվում են՝ որոշելու, թե որքան լավ է աշխատում ձեր լյարդը: Պրոթրոմբինային ժամանակի թեստը չափում է, թե որքան ժամանակ է պահանջվում ձեր արյան մակարդման համար: Սուր լյարդային անբավարարության դեպքում արյունը չի մակարդվում այնքան արագ, որքան անհրաժեշտ է:
- Պատկերային հետազոտությունները. բժիշկը կարող է խորհուրդ տալ գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ ձեր լյարդի կառուցվածքը գնահատելու համար: Այն կարող է ցույց տալ լյարդի վնասումը և օգնել պարզելու ձեր լյարդի խնդիրների պատճառը: Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ որովայնի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ ձեր լյարդը և լյարդը սնուցող կամ լյարդից դուրս եկող արյունատար անոթները դիտելու համար: Այս հետազոտությունները կարող են գտնել սուր լյարդային անբավարարության որոշ պատճառներ, ինչպիսիք են Բադ-Կիարիի համախտանիշը կամ ուռուցքները: Այս հետազոտություննները կարող են նշանակվել, եթե ձեր բժիշկը կասկածում է մի խնդիր, որը սոնոգրաֆիայով չի հայտնաբերվում:
- Լյարդային հյուսվածքի հետազոտություն (լյարդի բիոպսիա). ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ վերցվի ձեր լյարդի հյուսվածքի փոքր նմուշ: Դա կարող է օգնել ձեր բժշկին հասկանալու, թե ինչու է ձեր լյարդը վատ գործում: Սուր լյարդային անբավարարություն ունեցող մարդիկ բիոպսիայի ժամանակ արյունահոսության վտանգի տակ են, ուստի կարող է առաջարկվել տրանսյուգուլյար լյարդի բիոպսիա: Այս միջամտության ժամանակ ձեր պարանոցի աջ կողմում կատարվում է փոքրիկ կտրվածք և պարանոցային երակի մեջ տեղադրվում է բարակ ճկուն խողովակ (կաթետեր), որի միջով ասեղը ներմուծվում է մինչև լյարդ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024