Ադենոիդէկտոմիան ադենոիդների՝ երեխաների քթի հետին շրջանի փափուկ հյուսվածքային գերաճի վիրահատական հեռացումն է:
Ադենոիդէկտոմիան կարճատև և անվտանգ միջամտություն է, սակայն ձեր երեխան վիրահատությունից հետո մի քանի օր կարող է քիթ-ըմպանի շրջանում զգալ ցավեր:
Ինչո՞ւ է ադենոիդէկտոմիան կատարվում
Ադենոիդները պատկանում են երեխայի իմունային համակարգին և նրա քիթն ու ըմպանը պաշտպանում են տարաբնույթ վարակներից: Սակայն ադենոիդներն իրենք կարող են վարակվել, բորբոքվել կամ մեծանալ, ու եթե դա հաճախակի է կրկնվում, կարող են առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝
- ականջի կրկնվող վարակներ, խցաններ կամ հարքթային խոռոչների վարակներ (սինուսիտներ)
- շնչառության և քնի խանգարումներ, որոնք կարող են բերել խռմփոցի կամ քնի ապնոէի:
Եթե ձեր երեխայի մոտ այս խնդիրները լուրջ են և մշտական, բժիշկը կարող է խորհուրդ տալ ադենոիդէկտոմիա: Երբեմն ադենոիդները հեռացվում են նաև տոնզիլէկտոմիայի կամ ականջախցանի բուժման հետ միասին, քանի որ այս բոլոր առողջական խնդիրները փոխկապված են միմյանց հետ:
Ինչպե՞ս նախապատրաստվել ադենոիդէկտոմիային
Դուք պետք է հետևեք վիրահատող բժշկի բոլոր հրահանգներին: Օրինակ, ձեր բժիշկը կարող է խնդրել, որ վիրահատությունից մի քանի ժամ առաջ երեխան չխմի հեղուկներ կամ չուտի սնունդ:
Ինչպե՞ս է իրականացվում ադենոիդէկտոմիան
Ադենոիդէկտոմիան սովորաբար իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո, ուստի ձեր երեխան քնած է լինելու և որևէ վիրահատական ցավ չի զգալու: Վիրաբույժն ադենոիդային հյուսվածքը հեռացնում է երեխայի բացված բերանի միջոցով: Վիրահատությունը սովորաբար տևում է մինչև 30 րոպե:
Ի՞նչ ակնկալել ադենոիդէկտոմիայից հետո
Ընդհանուր անզգայացումից ձեր երեխան կվերականգնվի վիրահատության ավարտից հետո մինչև մեկ ժամվա ընթացքում: Այս ընթացքում նա կարող է զգալ թուլություն և նշել քնկոտություն կամ վատ ինքնազգացողություն: Երեխայի գիտակցության պարզվելը կարող է ուղեկցվել քիթ-ըմպանի շրջանում ցավերի առաջացմամբ:
Սովորաբար երեխաները հիվանդանոցից դուրս են գրվում վիրահատության օրը, թեև ձեզ կարող են խնդրել, որ գիշերն անցկացնեք կլինիկայում: Այս ընթացքում բժշկի ցուցմամբ դուք կարող եք խրախուսել երեխային, որպեսզի նա ընդունի հեղուկներ և թեթև սնունդ:
Հետվիրահատական ցավը հավանաբար կտևի մինչև 1-2 օր: Ցավի սաստկացման դեպքում կարող եք երեխային տալ բժշկի նշանակած ցավազրկողը: Ցավը կարող են ավելի ուժեղ և տևական լինել, եթե միաժամանակ կատարվել է նաև նշագեղձերի հեռացում (տոնզիլէկտոմիա):
Ցանկալի է վիրահատությունից հետո մի քանի օր ձեր երեխայի համար ապահովել հանգիստ պայմաններ:
Վիրահատությունից հետո մի քանի օրվա կամ հազվադեպ՝ շաբաթվա ընթացքում երեխայի մոտ կարող են դիտվել նաև՝
- փակ կամ լցված քիթ
- քթից տհաճ հոտ
- քթից բաց գույնի կամ քիչ արյունախառն արտադրություն:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել
Ադենոիդէկտոմիան անվտանգ միջամտություն է, սակայն բոլոր վիրահատություններն էլ ունեն որոշակի վտանգներ: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե երեխան ունի՝
- ջերմություն (38°C և ավելի բարձր)
- քթից կամ բերանից բաց կարմիր արյունային արտադրություն
- քիթ-ըմպանային ուժեղ ցավեր, որոնք սովորական ցավազրկողներով չեն մեղմանում:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ադենոիդների մասին
Այցելե՛ք Մեդեքսի ադենոիդներ էջը, որ ծանոթանաք այս հիվանդության մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 22-10-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024