Ալցհեյմերի հիվանդություն
15-04-2019
2 րոպե
Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է, որն ընթանում է գլխուղեղի գործունեության, հիշողության և վարքի խանգարումներով:
Դեմենցիան ախտանիշների հավաքական անվանում է, որը պատճառվում է գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոցիտներ կամ նեյրոններ) ախտահարող հիվանդություններով: Այն խաթարում է մարդու մտածողությունը, վարքագծերը և սովորական գործերը կատարելու կամ առօրյա խնդիրները լուծելու ունակությունները: Ընդհանուր առմամբ դեմենցիայով 10 հիվանդից 7-ի մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդություն:
Թեև հստակ պատճառը մնում է անհայտ, Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը կարող է բարձրանալ տարբեր գործոններով, այդ թվում՝ տարիք, հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն, անցյալում գլխի ծանր վնասվածքներ և սրտի ու գլխուղեղի առողջության վրա ազդող ապրելակերպային գործոններ և հիվանդություններ:
Եթե անհանգստացած եք, որ կարող եք ունենալ Ալցհեյմերի հիվանդություն, այցելեք ձեր բժշկին: Բժիշկը կարող է ձեզ հարցնել ձեր առօրյա կյանքի հետ կապված տարբեր խնդիրների առկայության կամ վատթարացման մասին, օրինակ՝ մոռացկոտություն, խոսքի հետ կապված դժվարություններ, օրինակ՝ ճիշտ բառերը չգտնելը, մարդկանց խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ, անձնային և տրամադրության փոփոխություններ և առօրյա գործերը կատարելու հետ կապված խնդիրներ:
Չկա որևէ մեկ հետազոտություն, որը կարող էր օգտագործվել Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշելու համար: Նման դեպքերում ձեզ կարող են ուղեգրել տարբեր մասնագետների խորհրդատվության:
Թեև Ալցհեյմերի հիվանդությունը չի կարելի համարել տարիքի հետ կապված բնական վիճակ, այն ավելի հաճախ հանդիպում է բարձր տարիքում և ախտահարում է 85-ն անց 10 մարդուց 3-ին:
Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021