Ալցհեյմերի հիվանդություն. բուժում
18-06-2019
2 րոպե

Ալցհեյմերի հիվանդությունը համարվում է դեռևս որևէ արդյունավետ բուժում չունեցող հիվանդություն:
Այնուամենայնիվ, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք կարող են որոշ դեպքերում դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության հարաճուն զարգացումը:
Որոշակի առումով կարող են օգտակար լինել նաև ոչ դեղորայքային բուժման մեթոդները, օրինակ՝ ֆիզիկական ակտիվությունը, սոցիալական շփումները կամ սթրեսի կառավարումը:
Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդուն կարող են խիստ անհրաժեշտ դառնալ նաև խնամքի և աջակցության միջոցառումները:
Դեղորայքային բուժում
Ալցհեյմերի հիվանդության բուժման համար որևէ հատուկ դեղ գոյություն չունի: Սակայն վերջին տասնամյակում ստեղծվել են դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել մարդկանց մտածողության և հոգեկան գործունեության բարելավմանը: Նմանատիպ դեղամիջոցներն ավելի արդյունավետ են, երբ նշանակվում են հիվանդության ոչ թե ծանր, այլ վաղ և չափավոր փուլերում:
Դեղերը կարող են նշանակվել նաև Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված այլ գանգատները մեղմացնելու համար, օրինակ՝ տագնապ, դեպրեսիա կամ քնի խանգարումներ:
Այլ գործեր, որոնք դուք կարող եք անել
Շատ կարևոր է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդը կարողանա հարմարվել իր առօրյա կյանքի նոր առանձնահատկություններին և հիվանդության զարգացմանը: Օրինակ, կարելի է խորհուրդ տալ և աջակցել, որ նա գրի առնի իր օրվա գործերը (վարի օրագիր): Հուշաթերթիկները էապես կօգնեն հիվանդին, որ նա հոգ տանի առօրյա գործերի, ինքնախնամքի կամ հիգիենայի միջոցառումների մասին:
Միևնույն ժամանակ, հիվանդության որոշակի փուլում հարկ կլինի լրջորեն զբաղվել ինչպես հիվանդի, այնպես էլ ընտանիքի անդամների անվտանգության հարցերով (էլեկտրականություն, ջրամատակարարում կամ գազի մատակարարում): Նման դեպքերում օգտակար կարող են լինել ահազանգման համակարգերը:
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ հիվանդության ուշ փուլերում անձը կարող է մոռանալ սնունդ և հեղուկներ ընդունելու մասին:
Զրուցեք բժշկի հետ այս և հիվանդության հետ անմիջական կապ ունեցող այլ խնդիրների մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021