Ամիլոիդոզի բուժում չկա, սակայն բժշկի նշանակումները կարող են օգնել կառավարելու գանգատներն ու ախտանիշները և սահմանափակել ամիլոիդ սպիտակուցի հետագա արտադրությունը:
Եթե ամիլոիդոզն առաջացել է մեկ այլ առողջական խնդրի պատճառով (երկրորդային կամ ռեակտիվ ամիլոիդոզ), ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը կամ տուբերկուլյոզը, հիմնական հիվանդության բուժումը կարող է օգտակար լինել:
Դեղորայքային բուժում
- Քիմիոթերապիա. քաղցկեղի բուժման որոշ դեղամիջոցներ, ինչպիսին է Մելֆալանը, օգտագործվում են AL ամիլոիդոզի ժամանակ՝ դադարեցնելու ոչ նորմալ բջիջների աճը, որոնք արտադրում են ամիլոիդ ձևավորող սպիտակուցը:
- Սրտային դեղամիջոցներ. եթե ձեր սիրտն ախտահարված է, ձեզ հարկավոր է ընդունել արյունը նոսրացնող (ջրիկացնող) դեղամիջոցներ՝ հակամակարդիչներ, որոնք կարող են նվազեցնել արյան մակարդուկների (թրոմբների) առաջացման ռիսկը: Ձեզ նաև կարող են անհրաժեշտ լինել դեղամիջոցներ՝ սրտի զարկերը վերահսկելու և առիթմիան բուժելու համար: Դեղամիջոցները, որոնք խթանում են միզարձակումը (միզամուղներ), կարող են նվազեցնել ձեր սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը:
- Թիրախային թերապիաներ. ամիլոիդոզի որոշ տեսակների դեպքում այնպիսի դեղամիջոցները, ինչպիսիք են Պատիսիրանը (Օնպատտրո) և Ինոտերսենը (Տեգսեդի), կարող են խոչընդոտել ամիլոիդ ստեղծող թերի գեների կողմից ուղարկված հրահանգները: Այլ դեղամիջոցները, ինչպիսիք են Տաֆամիդիսը (Վինդամաքս, Վինդաքել) և Դիլունիսալը, կարող են կայունացնել արյան շրջանառության մեջ գտնվող սպիտակուցի մասնիկները և կանխել դրանց ամիլոիդային նստվածքների վերածվելուց:
Վիրահատական և այլ միջամտություններ
- Արյան ցողունային բջիջների աուտո-փոխպատվաստում. այս միջամտությունը ներառում է ձեր սեփական ցողունային բջիջները ձեր արյունից երակի միջոցով հավաքելը և դրանք կարճ ժամանակով պահելը՝ մինչ դուք բարձր չափաբաժիններով քիմիոթերապիա եք անցնում: Այնուհետև ցողունային բջիջները երակով վերադարձվում են ձեր օրգանիզմ: Այս բուժումն առավել նպատակահարմար է այն մարդկանց համար, ում հիվանդությունը զարգացած չէ և ում սիրտը զգալիորեն չի տուժել:
- Դիալիզ. եթե ամիլոիդոզը հանգեցրել է ձեր երիկամների ախտահարման և դրանց քամազատիչ (ֆիլտրացնող) գործառույթի նվազեցման, ձեզ կարող են առաջարկել դիալիզ: Այս միջոցառումն օգտագործում է հատւկ սարք՝ ձեր արյունից թափոնային նյութերը, ավելցուկային աղերը և հեղուկները կանոնավոր ժամանակացույցով զտելու համար:
- Օրգանների փոխպատվաստում. եթե ամիլոիդային նստվածքները լրջորեն վնասել են ձեր սիրտը կամ երիկամները, ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ այդ օրգանները փոխարինելու համար: Ամիլոիդ սպիտակուցների որոշ տեսակներ (օրինակ՝ մուտացված տրանսթիրետինը) ձևավորվում են լյարդում, ուստի լյարդի փոխպատվաստումը կարող է դադարեցնել այդ արտադրությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024