Գրադարան

Անաֆիլաքսիա. պատճառներ

Անաֆիլաքսիա. պատճառներ

Time Read 2 րոպե

Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ, որոնք օրգանիզմը պաշտպանում են օտար նյութերից:

Այս պաշտպանական ռեակցիան օգտակար է, եթե օտար նյութը վնասակար է, օրինակ՝ որոշ բակտերիաներ կամ վիրուսներ: Սակայն որոշ մարդկանց իմունային համակարգը գերռեակցիա է դրսևորում այնպիսի նյութերի նկատմամբ, որոնք նորմայում ալերգիկ ռեակցիա չեն առաջացնում:

Ալերգիայի ախտանիշները սովորաբար կյանքին սպառնացող չեն, սակայն սուր ալերգիկ ռեակցիան կարող է բերել անաֆիլաքսիայի: Նույնիսկ եթե դուք կամ ձեր երեխան անցյալում ունեցել եք միայն թեթև անաֆիլակտիկ ռեակցիա, առկա է ռիսկ, որ ալերգիա առաջացնող նյութի՝ ալերգենի հաջորդ ազդեցությունը կարող է հանգեցնել ավելի ծանր անաֆիլաքսիայի:

Երեխաների մոտ անաֆիլաքսիայի առաջացման ամենատարածված գործոնները սննդային ալերգիաներն են՝ գետնանուշ և ընկույզ, ձկնեղեն, ծովամթերք, ալյուր, սոյա, քնջութ և կաթ: Գետնանուշից, ընկույզներից, քնջութից, ձկնամթերքից և ծովամթերքից բացի չափահասների մոտ անաֆիլաքսիայի նպաստող գործոններից են՝

  • որոշ դեղամիջոցներ, ներառյալ՝ հակաբիոտիկներ, Ասպիրին և դեղատոմս չպահանջող այլ ցավազրկողներ, ինչպես նաև որոշ պատկերման հետազոտությունների ընթացքում օգտագործվող ներերակային կոնտրաստային նյութեր
  • մեղուների, կրետների, բոռերի և այլ միջատների խայթոց
  • լատեքս (ռետին):

Հազվադեպ, որոշ մարդկանց մոտ անաֆիլաքսիա կարոզ է զարգանալ աերոբիկ վարժանքներից, օրինակ՝ վազքից կամ ավելի քիչ ծանր ֆիզիկական ակտիվությունից, օրինակ՝ քայլքից: Վարժանքից առաջ որոշ մթերքներ ուտելը կամ շոգ, ցուրտ կամ խոնավ եղանակին վարժանքները նույնպես որոշ մարդկանց մոտ կապված են անաֆիլաքսիայի հետ: Ուստի, վարժանքներ նախաձեռնելուց առաջ զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ:

Եթե որևէ գաղափար չունեք ձեր ալերգիայի պատճառի մասին, որոշ թեստեր կարող են օգնել գտնելու ալերգենը: Որոշ դեպքերում անաֆիլաքսիայի պատճառը չի հայտնաբերվում (իդիոպաթիկ անաֆիլաքսիա):

Ռիսկի գործոններ

Անաֆիլաքիսիայի հայտնի ռիսկի գործոնները շատ չեն, սակայն որոշ բաներ կարող են բարձրացնել ռիսկը:

  • Նախկին անաֆիլաքսիա. եթե անցյալում ունեցել եք անաֆիլաքսիայի դրվագ, ծանր ռեակցիայի ռիսկը բարձրանում է: Ընդ որում, ապագա ռեակցիաները կարող են լինել ավելի ծանր, քան առաջինը:
  • Ալերգիաներ կամ ասթմա. որևէ ալերգիկ հիվանդություն կամ ասթմա ունեցող մարդկանց մոտ բարձրանում է անաֆիլաքսիայի զարգացման ռիսկը:
  • Այլ հիվանդություններ. օրինակներից են՝ սրտային հիվանդություն և արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) տեսակներից մեկի անկանոն շատացում (մաստոցիտոզ)։

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով