Անաֆիլաքսիայի ախտանիշները սովորաբար սկսվում են ալերգենի ազդեցությունից հետո րոպեների ընթացքում:
Այնուամենայնիվ, երբեմն անաֆիլաքսիա կարող է զարգանալ նման ազդեցությունից կես ժամ հետո կամ ավելի ուշ: Հազվադեպ, անաֆիլաքսիան կարող է դրսևորվել ժամեր անց:
Անաֆիլաքսիայի ախտանիշներից են՝
- մաշկային ռեակցիաներ, այդ թվում՝ եղնջացան, մաշկի կարմրություն (էրիթեմա) և քոր (որը կարող է «թափառել» մարմնի տարբեր շրջաններում) կամ մաշկի գունատություն (ավելի հաճախ՝ մանկահասակ երեխաների մոտ)
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա) կամ կոլապս (արյան ճնշման կտրուկ անկում
- շնչուղիների նեղացում (սպազմ) և լեզվի կամ կոկորդի (ձայնաճեղքի) այտուց, որը կարող է առաջացնել ձայնի խռպոտացման (ստրիդոր), շնչառական խզզոցների և շնչառության դժվարացման, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության
- թույլ և հաճախացած անոթազարկ (պուլս)
- սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն, որը կարող է ուղեկցվել որովայնային կծկանքային ցավով
- գլխապտույտ կամ ուշագնացություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնության կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեզ մոտ, ձեր երեխայի մոտ կամ ձեզ հետ գտնվող մեկ այլ մարդու մոտ սկսվում է սուր ալերգիկ ռեակցիա:
Եթե ձեր կողքին ինչ-որ մեկի մոտ զարգացել է անաֆիալքսի և նրա մոտ կա Էպինեֆրինի ինքնաներարկիչ, անմիջապես օգտագործեք դա: Նույնիսկ եթե ներարկումից հետո ախտանիշները մեղմանում են, դիմե՛ք անհետաձգելի բուժօգնության, քանի որ չգիտեք, թե արդյոք անաֆիլակտիկ ռեակցիան կկրկնվի (կոչվում է երփուլ անաֆիլաքսիա):
Տեղեկացրեք բժշկին, եթե անցյալում ձեզ մոտ կամ ձեր երեխայի մոտ գրանցվել է սուր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա:
Անաֆիլաքսիայի ախտորոշումը և երկարաժամկետ բուժումը խիստ բարդ են, ուստի բժիշկը հավանաբար ձեզ խորհուրդ կտա այցելել նաև բժիշկ-ալերգոլոգին, ով մասնագիտացած է ալերգիաների և իմունաբանության ոլորտում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024