Անեմիան կարող է պայմանավորված լինել մի վիճակով, որն առկա է ծնվելիս (բնածին) կամ զարգացել է ձեր կյանքի ընթացքում (ձեռք բերված):
Անեմիա առաջանում է, երբ ձեր արյունը չունի բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ):
Դա կարող է տեղի ունենալ, եթե՝
- ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ արյան կարմիր բջիջներ չի արտադրում
- արյունահոսությունը հանգեցնում է արյան կարմիր բջիջների կորստի ավելի արագ, քան դրանք կարող են փոխարինվել
- ձեր օրգանիզմը քայքայում է ձեր արյան կարմիր բջիջները:
Ի՞նչ են անում արյան կարմիր բջիջները
Ձեր օրգանիզմն արտադրում է երեք տեսակի արյան բջիջներ՝ սպիտակ արյան բջիջներ (լեյկոցիտներ)՝ վարակի դեմ պայքարելու համար, արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ)՝ արյան մակարդման համար և արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ)՝ թթվածինը ձեր թոքերից մարմնի մնացած մասեր, իսկ ածխածնի երկօքսիդը՝ մարմնից ետ դեպի թոքեր տեղափոխելու համար:
Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին՝ երկաթով հարուստ սպիտակուց, որը արյանը կարմիր գույն է հաղորդում: Հեմոգլոբինը թույլ է տալիս արյան կարմիր բջիջներին թթվածինը տեղափոխել ձեր թոքերից ձեր մարմնի բոլոր մասերը և ածխաթթու գազը մարմնի այլ մասերից՝ դեպի ձեր թոքերը, որ արտաշնչվի:
Արյան բջիջների մեծ մասը, ներառյալ արյան կարմիր բջիջները, պարբերաբար արտադրվում են ձեր ոսկրածուծում, որը սպունգանման նյութ է և գտնվում է ձեր խոշոր ոսկորներից շատերի խոռոչներում: Հեմոգլոբին և արյան կարմիր բջիջներ արտադրելու համար ձեր օրգանիզմին անհրաժեշտ է երկաթ, վիտամին B12, ֆոլաթթու և այլ սննդանյութեր, որոնք ստացվում են ձեր կերած մթերքներով:
Անեմիայի պատճառները
Անեմիայի տարբեր տեսակներ ունեն տարբեր պատճառներ: Դրանք ներառում են հետևյալը:
- Երկաթ-դեֆիցիտային անեմիա. անեմիայի այս ամենատարածված տեսակը պայմանավորված է ձեր օրգանիզմում երկաթի պակասով: Ձեր ոսկրածուծին անհրաժեշտ է երկաթ՝ հեմոգլոբին ստեղծելու համար: Առանց բավարար երկաթի, ձեր մարմինը չի կարող արտադրել բավականաչափ հեմոգլոբին արյան կարմիր բջիջների համար: Առանց երկաթի հավելումների, այս տեսակի անեմիան առաջանում է բազմաթիվ հղի կանանց մոտ: Այն նաև պայմանավորված է արյան կորստով, օրինակ՝ առատ դաշտանային արյունահոսությամբ, ստամոքսի կամ բարակ աղիքի խոցով, հաստ աղիքի քաղցկեղով և որոշ ցավազրկող միջոցների կանոնավոր օգտագործամբ, որոնք հասանելի են առանց դեղատոմսի, հատկապես Ասպիրինի ընդունմամբ, որը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում և արյան կորուստ: Կարևոր է որոշել երկաթի պակասի աղբյուրը՝ անեմիայի կրկնությունը կանխելու համար:
- Վիտամին-դեֆիցիտային անեմիաներ. երկաթից բացի, ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆոլաթթու և վիտամին B12՝ բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ արտադրելու համար: Այս և այլ հիմնական սննդանյութերից աղքատ սննդակարգը կարող է հանգեցնել արյան կարմիր բջիջների արտադրության նվազման: Որոշ մարդիկ, ովքեր օգտագործում են բավականաչափ B12, չեն կարողանում ներծծել այս վիտամինը: Սա կարող է հանգեցնել վիտամին-դեֆիցիտային անեմիայի, որը նաև հայտնի է որպես պերնիցիոզ (չարորակ) անեմիա:
- Բորբոքման անեմիա. որոշ հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ռևմատոիդ արթրիտը, երիկամային հիվանդությունը, Կրոնի հիվանդությունը և այլ սուր կամ քրոնիկ բորբոքային հիվանդությունները, կարող են խանգարել արյան կարմիր բջիջների արտադրությանը:
- Ապլաստիկ անեմիա. այս հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող անեմիան առաջանում է, երբ ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ արյան կարմիր բջիջներ չի արտադրում: Ապլաստիկ անեմիայի պատճառները ներառում են վարակները, որոշ դեղամիջոցներ, աուտոիմուն հիվանդությունները և թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը:
- Ոսկրածուծի հիվանդության հետ կապված անեմիաներ. տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են լեյկոզը և միելոֆիբրոզը, կարող են առաջացնել անեմիա՝ ազդելով ձեր ոսկրածուծում արյան արտադրության վրա: Այս տեսակի քաղցկեղի և քաղցկեղատիպ խանգարումների հետևանքները տարբեր են՝ թեթևից մինչև կյանքին սպառնացող:
- Հեմոլիտիկ անեմիաներ. անեմիաների այս խումբը զարգանում է, երբ արյան կարմիր բջիջներն ավելի արագ են ոչնչացվում, քան ոսկրածուծը կարող է փոխարինել դրանց: Արյան որոշ հիվանդություններ մեծացնում են արյան կարմիր բջիջների քայքայումը: Դուք կարող եք ժառանգել հեմոլիտիկ անեմիա, կամ կարող եք ունենալ այն ավելի ուշ կյանքում:
- Մանգաղաբջջային անեմիա. այս ժառանգական և երբեմն ծանր վիճակը հեմոլիտիկ անեմիա է: Այն պայմանավորված է հեմոգլոբինի թերի ձևով, որը ստիպում է արյան կարմիր բջիջներին ընդունել ոչ նորմալ կիսալուսնի կամ մանգաղի ձև: Այս տձևացած արյան բջիջները վաղաժամ մահանում են, ինչը հանգեցնում է արյան կարմիր բջիջների քրոնիկ անբավարարության:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները բարձրացնում են անեմիայի զարգացման ռիսկը:
- Որոշ վիտամիններից և միներալներից աղքատ սննդակարգ. երկաթի, վիտամին B12-ի, ֆոլաթթվի և պղնձի մշտական ցածր պարունակությամբ սննդակարգը մեծացնում է անեմիայի ռիսկը:
- Աղիքային խանգարումներ. աղիքային խանգարում ունենալը, որն ազդում է ձեր բարակ աղիքներում սննդանյութերի ներծծման վրա, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը և ցելիակի հիվանդությունը, ձեզ դնում է անեմիայի վտանգի տակ:
- Դաշտան. ընդհանուր առմամբ, կանայք, ովքեր չեն ունեցել դաշտանադադար, ունեն երկաթ-դեֆիցիտային անեմիայի ավելի մեծ ռիսկ, քան տղամարդիկ և հետդաշտանադադարի կանայք: Դաշտանը հանգեցնում է արյան կարմիր բջիջների կորստի:
- Հղիություն. հղի լինելը և ֆոլաթթուվով և երկաթով մուլտիվիտամին չընդունելը մեծացնում է անեմիայի ռիսկը:
- Քրոնիկ հիվանդություններ. Քրոնիկ պայմաններ. եթե ունեք քաղցկեղ, երիկամային անբավարարություն կամ մեկ այլ քրոնիկ հիվանդություն, կարող եք ունենալ քրոնիկական հիվանդության անեմիայի ռիսկ: Այս վիճակները կարող են հանգեցնել արյան կարմիր բջիջների պակասի: Դանդաղ, քրոնիկ արյան կորուստը խոցից կամ ձեր օրգանիզմի այլ աղբյուրից կարող է սպառել ձեր օրգանիզմի երկաթի պաշարները՝ հանգեցնելով երկաթ-դեֆիցիտային անեմիայի:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ձեր ընտանիքն ունի ժառանգական սակավարյունության պատմություն, ինչպիսին է մանգաղաբջջային անեմիան, դուք նույնպես կարող եք այս վիճակի բարձր ռիսկի ենթարկվել:
- Այլ գործոններ. որոշ վարակների, արյան հիվանդությունների և աուտոիմուն խանգարումների պատմությունը մեծացնում է անեմիայի ռիսկը: Ալկոհոլիզմը, թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը և որոշ դեղամիջոցների օգտագործումը կարող են ազդել արյան կարմիր բջիջների արտադրության վրա և հանգեցնել անեմիայի:
- Տարիք. 65-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում բարձրանում է անեմիայի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024